Շառլ Ազնավուրը Մոսկվայում միակ համերգով հանդես է եկել հոկտեմբերի 3-ին: Նույն այն օրը, երբ Բաշնեֆտի գործով մասնակից Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, նշում է «Սոբեսեդնիկ» թերթը:
«Ինձ հաճախ են խնդրում արտահայտվել հայերի մասին կամ Հայաստանի հետ կապված որևէ երեւույթի մասին: Պետք է ընդգծեմ, որ ինձ ավելի շատ ֆրանսիացի եմ համարում, քան հայ: Ես կասեի, որ ֆրանսիացի եմ հայկական, թուրքական, վրացական ու ռուսական արմատներով:
Ես բարձր եմ գնահատում բոլոր հայերին՝ անկախ նրանից Հայաստանից են, Լեռնային Ղարաբաղից, ովքեր մեծ ներդրում են կատարել իրենց երկրի զարգացման գործում: Այն գործարարները, ովքեր վաստակած գումարը ներդնում են ոչ թե իրենց սիրելիների համար, այլ հայրենիքի մշակույթի, էկոլոգիայի, կրթության զարգացման համար, պակաս հարգանքի չեն արժանի, քան երաժիշտները: Ցավոք, ավելին չեմ կարող ասել: Ես միանգամայն հակաքաղաքական մարդ եմ, քաղաքականություն չեմ սիրում եւ չեմ խոսում այդ մասին»,- նշել է Ազնավուրը:
Այն հարցին, թե խնդրե՞լ են արդյոք իրեն չեղյալ համարել Մոսկվայի համերգը ի նշան Լևոն Հայրապետյանի պաշտպանության, Ազնավուրը նշել է. «Այդ մասին խոսք լինել չի կարող: Ես այստեղ եկել եմ հանդես գալ իմ հանդիսատեսի համար, ով ինձ այդքան երկար է սպասել: Նրանց համար շքեղ ծրագիր եմ պատրաստել: Երաժշտությունը չպետք է կապ ունենա քաղաքականության հետ, դրանք բոլորովին տարբեր բնագավառներ են»: