ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՐԱԶԴԱՆԻ ԹԱՏՐՈՆԸ ԿԻՍԱՄԵՌ Է

Հրազդանցի 17-ամյա Շուշանիկ Հարությունյանն ասում է. «Եթե ասեմ, որ Հրազդանը թատրոն ունի, ապա խիստ նսեմացրած կլինեմ թատրոն հասկացությունը: Ցավոք, իմ հայրենի քաղաքի թատրոնը վաղուց հայտնի է իր տգետ ավանդույթներով եւ քայլում է չգիտես թե ուր… Իրականում դա մի շենք է, որի վրա գրված է թատրոն, ու վերջ: Հա, մոռացա շողշողուն կողպեքի մասին, որը ծանր կախված է այդ շինության դռնից: Մի քանի անգամ գնացել եմ այնտեղ ներկայացում դիտելու հույսով, բայց…»:
Ապա ավագ դպրոցի աշակերտուհին պատմում է. «Առաջին անգամ շատ փոքր էի, երբ գնացի թատրոն: Բեմն ամբողջությամբ դատարկ էր՝ առանց դեկորացիայի, ընդամենը 3-4 հեքիաթ խաղացին ու այդ ամբողջ ընթացքում մի հատ սեւ կտոր էին քաշքշում, անիմաստ ինչ-որ շարժումներ անում: Պարտադիր չէ պրոֆեսիոնալ ռեժիսոր, դերասան կամ արվեստաբան լինել, որ հասկանաս` վարագույր շարժելով ներկայացում չի լինում: Ավելացնեմ նաեւ, որ թատրոնը չուներ կին դերասան: Փաստորեն` հունական անտիկ թատրոնի նախատիպին ենք վերադառնում, երբ կնոջն արգելված էր բեմ բարձրանալ»:
Ցավով նշենք, որ այսօր վերը նշված նկարագրությունից ոչինչ չի փոխվել: Հրազդանի թատրոնի երբեմնի հրաշալի անցյալից ոչինչ չի մնացել: Հատկապես նշանավոր էր գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանի օրոք կազմավորված դերասանական կազմը, որը Շեքսպիր էր խաղում: Մինչդեռ այսօր հրազդանցիներն արհամարհում են իրենց թատրոնը եւ մշակութային կարիքները բավարարելու համար հասնում են Երեւան՝ ծախսելով կրկնակի ժամանակ եւ գումար:
Մեզ հետ զրույցում նրանք ցավով նշեցին, որ եթե անգամ թատրոնում որեւէ բան բեմադրվում էլ է, ապա կրկնվում է շարունակաբար, իսկ հանդիսատեսները հիմնականում դպրոցների աշակերտներն են, որոնց պարտադրում են տոմսեր գնել:
Նշենք, որ թատրոնը համայնքի ենթակայության տակ է, հսկայական շենքը տարիներ շարունակ ջեռուցվում է փայտե վառարանով, իսկ ձմռանը թատրոնում ներկայացումներ չեն լինում: Հրազդանցիները նախանձով են խոսում Գյումրիում, Վանաձորում եւ մյուս քաղաքներում ապրողների մասին՝ ասելով, որ նրանք գոնե իրենց քաղաքի մշակութային կյանքից խոսելու բան ունեն:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան

 

 
ԼՈՒՐԵՐ

ՆԵՐԿՐՄԱՆ ԳՈՐԾԸ ՓԱԿՎԵՑ
Բագրատաշենի մաքսակետի աշխատողներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մոտ 20 օր առաջ վրացական իշխանություններն այդ երկրից արքայանարնջի (կորոլյոկ) եւ մանդարինի արտահանման համար կենսաբանական ծագման սերտիֆիկատ են սահմանել: Այդ որոշումը չի վերաբերում մինչեւ 50 կգ արտահանողներին: Մանդարինը դեռեւս չի հասել, իսկ արքայանարնջի արտահանումն արդեն ընթացքի մեջ է: Սերտիֆիկատ ստանալը որոշակի ծախս եւ ժամանակ է պահանջում, ուստի Հայաստան՝ նշված մրգերի մանր ներկրողներն այս ոլորտից դուրս կմնան: Նշենք, որ հիշյալ մրգերից մինչեւ 50 կիլոգրամ ներկրում են ընտանիքի կարիքների համար:

 

ՏԱՆԻՔՆԵՐ ԵՆ ՎՆԱՍՎԵԼ
Սեպտեմբերի լույս 29-ի գիշերը՝ ժամը 1-3-ը, ուժեղ քամի է եղել Տավուշի մարզում։ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ուժեղ քամուց վնասվել են գյուղի շուրջ 120 տների տանիքներ: Վազաշենի համայնքապետարանի եւ Տավուշի մարզպետարանի հանձնաժողովները Վազաշենում ուսումնասիրություններ կատարելով՝ ճշտում են տարերքի պատճառած վնասի չափերը: Հավելենք, որ սեպտեմբերի լույս 29-ի գիշերը երկրաշարժ է եղել Ադրբեջանի եւ Ռուսաստանի սահմանին, որը զգացվել է նաեւ Տավուշի մարզում: Իջեւան քաղաքի բազմաբնակարան տների բնակիչները զգացել են, թե ինչպես են իրենց շենքերը ցնցվել:

 

ԳՈՂԱՑԵԼ ԵՆ
Սեպտեմբերի լույս 29-ի գիշերը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղում, գյուղի միջնակարգ դպրոցին հարակից տարածքում, գողացել են Ոսկեպար համայնքի ավագանու անդամ Ռոբերտ Մախսուդյանին պատկանող 3 խոճկոր: Ռ. Մախսուդյանը գյուղի կենտրոնում սննդի խանութ ունի: Քանի որ խոճկորներ են գողացել, ուստի սահմանամերձ այս գյուղում նշված անասնագողությունը հաստատ ադրբեջանցիները չեն կատարել, քանի որ ազերիներն արգահատանք ունեն խոզերի նկատմամբ: Մնում է հուսալ, որ նոյեմբերյանցի ոստիկանները թարմ հետքերով կբացահայտեն այս հանցագործությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս