ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ապարանում

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի նախաձեռնությամբ կիրակի օրը Ապարանի տարածքում գտնվող Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն հույսի խորան հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա կրկին խաչ ավելացավ: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ԱԺ պատգամավոր, ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանը: Պատգամավորն իր պարտքը համարեց օգնել Հովսեփյանին՝ հանել կոստյումը: Հավանաբար մի քանի ամիս առաջ նա նույն ոգեւորությամբ չէր հանի կամ հագցնի Հովսեփյանի կոստյումը, երբ նա գործազուրկ էր: Իսկ այսօր անհրաժեշտության դեպքում կոշիկներ հանելիս էլ, թերեւս, կօգնի: Հիշեցնենք՝ Ալիկ Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը, վերջերս աղմկահարույց պատմության մեջ ընկավ եւ կռիվ անելու համար այդպես էլ անպատիժ մնաց:

 

 
ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ, եթե ժամանակ առ ժամանակ Ա/Ձ-ն քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ մեկ օրով եւ վճարում 5.000 դրամ, արդյոք այդ դեպքում պե՞տք է կատարել սոցիալական վճարումներ տվյալ աշխատակցի համար:

Կարեն Հարությունյան (35տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ սոցիալական վճարներ կատարելուց չեն կարող հրաժարվել՝
1) 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված՝ «ՀՀ հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հանրային ծառայողները (բացառությամբ ՀՀ պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների եւ Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական եւ ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների եւ դատական ակտերի հարկադիր կատարողների), պետական կառավարչական հիմնարկների եւ համայնքային կառավարչական հիմնարկների, դրանց կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների, Կենտրոնական բանկի, պետական ոչ առեւտրային եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների վարձու աշխատողները.
2) 2014 թ. հուլիսի 1-ից հետո վարձու աշխատողի կարգավիճակ ձեռք բերած, նոտարի պաշտոնում նշանակված, անհատ ձեռնարկատեր դարձած՝ 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված այն անձը, ով 2014 թ. հուլիսի 1-ի դրությամբ չի հանդիսացել վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր.
3) Օրենքով սահմանված՝ սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմում ներկայացրած անձը:
Ելնելով վերոգրյալից՝ քաղաքացիաիրավական պայմանագրի համաձայն աշխատանքների կատարման դիմաց իրենից եկամուտ ստացող անձի սոցիալական վճարը գործատուն հաշվարկում եւ փոխանցում է, եթե այդ անձը վերը նշված իրավական հիմքերից որեւէ մեկով հանդիսանում է սոցիալական վճար վճարող:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով, ըստ վերը նշված կետերի, եթե աշխատողը հանդիսանում է սոցիալական վճար վճարող, ապա գործատուն եւս պարտավոր է կատարել համապատասխան վճարումներ:

 

 

ՀԱՐՑ. Հայտնի է, որ ՀՀ բնապահպանության նախարարը հայտարարություն է տարածել ազատ որսի թույլտվության վերաբերյալ: Ի՞նչ հսկողություն է սահմանված որսի գործընթացի վրա, եւ ի՞նչ պատիժներ կկիրառվեն որսագողերի նկատմամբ:

Նարինե Թովմասյան (35 տարեկան, Էկոլոգ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցը վերաբերում է սիրողական որսաշրջանին, ինչն օրենքով սահմանված կարգով ամեն տարի հայտարարվում է օգոստոսի 3-րդ շաբաթից մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 28-ը (այս տարի մինչեւ փետրվարի 15-ը): ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունն ըստ տարածքների հաշվառում է սիրողական որսի տրված թույլտվությունները եւ վերահսկողություն իրականացնում որսի նկատմամբ: Որսն իրականացվում է սահմանված կանոններին համապատասխան՝ «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի 21.1 հոդվածի սահմանափակումներով: Որսի կանոնների խախտման համար պատժամիջոցներ են սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88-րդ, 89-րդ, 90-րդ հոդվածներով, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասը՝ 200.000 դրամը, գերազանցելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է քրեական պատիժ:

ՀՀ բնապահպանության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության` վերջին տարիներին Հայաստանում նվազել են որսագողության դեպքերը, որն արդյունք է ավելի խիստ տեսչական հսկողության եւ մեծ տուգանքների: Նշենք նաեւ, որ այժմ հատուկ պահպանվող տարածքներում աշխատող ԲՆ տեսուչներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում: Միգուցե սա նույնպես այն հիմնավոր պատճառներից մեկն է, որի հետեւանքով նվազել է որսագողությունը: Հավելենք, որ հատուկ պահպանվող տարածքների ծածկույթը Հայաստանում կազմում է 13 %-ից մի փոքր ավելի, իսկ ըստ «Կենսաբազմազանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ նման տարածքների ծածկույթը բոլոր երկրներում պետք է հասնի մինչեւ 15 %-ի:

 




Լրահոս