ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԵԾ ԿՌՎԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առավել քան վճռական է տրամադրված եւ մտադիր է հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի մարդաշատությամբ սկսել Սերժ Սարգսյանին գահընկեց անելու երկար սպասված գործընթացը:

Սա, թերեւս, հասկանում են կամ արդեն տեղյակ են նաեւ գործող իշխանությունները, դրա համար էլ շարքային քաղաքացուն վախեցնելու հստակ քայլեր են իրականացնում՝ անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու համար: Երեկ ԱԺ-ի դիմաց կայացած ակցիայից հետո դարձյալ ակտիվ մասնակիցներից մի քանիսին հրավիրել էին ոստիկանություն՝ հարցաքննելու՝ որպես վկա: Մարդիկ ցուցմունքներ են տվել, թե ինչ են տեսել կամ լսել Տիգրան Մեծի փողոցում, երբ սեպտեմբերի 23-ին ցուցարարները փակեցին այն:
«Ժողովուրդ»-ը նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել էր, որ Գագիկ Ծառուկյանն ակտիվացել է տարբեր ուղղություններով եւ ցանկանում է հասարակության տարբեր շերտերի հետ համագործակցելով հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը: Մի կողմից՝ երիտասարդներին են «փնջերով» ԲՀԿ-ական դարձնում, լրատվական քարոզչությունն են ակտիվացրել, մի կողմից՝ ուժային մասն են ցանկանում ապահովել՝ ազատամարտիկների միավորումներով, մյուս կողմից էլ քաղաքական ու իշխանական դաշտից են մասեր պոկում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի:
Եվ որպեսզի մարդիկ հավատան Ծառուկյանի անկեղծությանը, որ նա իսկապես ցանկանում է Հայաստանն ազատագրել ղարաբաղյան կլանից, ԲՀԿ նախագահը յուրօրինակ բան է ասել, օրինակ, ազատամարտիկների հետ հավաքի ժամանակ: «Եթե ես հետ կանգնեմ իմ խոսքից, չգնամ մինչեւ վերջ, ինձ գլխից խփեք. լավ ա՞»,-ահա այսպես կտրուկ է արտահայտվել Ծառուկյանը, ինչն ընդունվել է ծափողջույններով: Եվ հենց այս հայտարարությամբ էլ պայմանավորված էին ԲՀԿ-ական ազատամարտիկ պատգամավորների՝ Ռուստամ Գասպարյանի եւ Ռուբեն Գեւորգյանի կողմից հաջողությամբ ստեղծված միությունները:
Բայց, ամեն դեպքում, առավել քաղաքական շրջանակները համոզված են, որ X պահից Ծառուկյանը հետ կկանգնի պայքարից, եթե իշխանական ողջ մեքենան սկսի մեծ թափով նրա դեմ աշխատել:
Ինչեւէ, դառնանք հոկտեմբերի 10-ի ճակատագրական հանրահավաքին, որի առնչությամբ ԲՀԿ-ն ՀԱԿ-ի, ապա նաեւ «Ժառանգության» հետ քննարկում է մի քանի տարբերակներ:
Դրանցից մեկի համաձայն, այս հանրահավաքի ժամանակ պետք է քննարկել ու բարձրաձայնել բացառապես սահմանադրական բարեփոխումների թեման՝ մարդկանց բացատրելով, որ դա չարիք է, անթուլատրելի է եւ որ այդ փոփոխությունները ոչնչով չեն նպաստի շարքային քաղաքացու բարեկեցությանը: Ինչպես նաեւ ընթացիկ քննադատություններ՝ ուղղված երկրի ղեկավարության հասցեին:
Տարբերակներից մեկով եռյակը մտադիր է կտրուկ պահանջել 12 կետանոց պահանջների իրականացում՝ դնելով հստակ ժամկետներ՝ դրա իրականացման համար:
Եվ երրորդ տարբերակը, որն առավել կտրուկ է. չի բացառվում, որ եթե 30 հազարից ավելի մարդ փողոց դուրս գա, եռյակն անմիջապես որոշի նստացույց անել՝ պահանջելով ցրել ՀՀԿ-ի մեծամասնությամբ ձեւավորված խորհրդարանը:
Թե նշված տարբերակներից որը կընտրեն եռյակի անդամները, դժվար է ասել, քանի որ, ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, նույնիսկ եռյակի ներսում են դժվարանում կողմնորոշվել՝ պատճառաբանելով, թե ամեն ինչ կախված կլինի հանրահավաքի մարդաշատությունից:
Տեղեկացանք, որ մի բան, այնուամենայնիվ, եռյակի լոկոմոտիվ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է. առաջիկայում կհայտարարի, որ մտադիր է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին՝ լինեն դրանք հերթական, թե արտահերթ: Եվ բոլոր այն ուժերը, որոնք հրապարակավ կամ ստվերային կերպով սատարում են Ծառուկյանին, պետք է լծված լինեն մեկ գործի՝ ինչպես Ծառուկյանին «անփորձանք» նախագահ դարձնել: Առայժմ միայն կարծես թե ՀԱԿ-ն է պատրաստ հստակ քայլերով գնալ դեպի «Գագիկ նախագահ» կարգախոսի իրագործմանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Ծառուկյանի մտադրությունների մասին լուրերը ճշտել նրա խոսնակ Իվետա Տոնոյանից: Վերջինս թեեւ խոստացավ ճշտել ու պատասխանել, բայց այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

100 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ
Մի կողմից՝ Հայաստանի գյուղերն օր օրի դատարկվում են, իսկ երկրի տնտեսությունը անկում է ապրում, մյուս կողմից՝ մեր երկրի առաջին դեմքը իր ճամփորդությունների չվերթերի համար տարեկան պետբյուջեից ծախսում է 100 մլն դրամ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Սերժ Սարգսյանի ինքնաթիռի չվերթերի սպասարկման ծառայությունների համար պետբյուջեն հսկայական գումարներ է ծախսում:
Այսպես. ինքնաթիռի չվերթերի սպասարկման, ՀՀ նախագահի այցերի չվերթերի՝ ավիասնունդի, վերգետնյա սպասարկման ծառայությունների, ավիավառելիքի, կայանման վարձերի, օդաչուների աշխատավարձերի եւ օրապահիկների համար նախագահի աշխատակազմը պայմանագիր է կնքել «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի հետ:

 

ՆԱԽԱԳԱՀԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Բազմազավակ մայրերի աջակցություն միավորում» հասարակական կազմակերպության անդամ Թինաթի Սարգսյանը, ով հղի է, ծեծի է ենթարկվել հարազատ ամուսնու կողմից: Ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ, որ Թ. Սարգսյանը ծեծվում է ամուսնու կողմից:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր այս տեղեկությունը՝ հայտնելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշված ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանն ասաց, որ Թինաթին ՀԿ-ի շահառուներից է. «Անձամբ ես եմ զանգահարել ոստիկանություն ու պատմել կատարվածի մասին: Ինչպե՞ս կարելի է հղի կնոջն այն աստիճան ծեծել, որ նա չկարողանա անկողնուց վեր կենալ: Առհասարակ կնոջը չի կարելի ծեծել, բայց այս վիճակում, աններելի է»:

 

ԶԱՅՐԱՑԱԾ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղում երեկ լարված իրավիճակ էր: Մելիքգյուղի բնակիչների եւ «Մեգո գոլդ» ընկերության ներկայացուցիչների միջեւ թեթեւ ընդհարում է տեղի ունեցել: Նշենք, որ ընկերության տնօրինությունը երեկ գնացել է Մելիքգյուղ՝ բնակիչների հետ բանակցելու, որպեսզի Թուխմանուկի ոսկու հանքավայրում ֆաբրիկա կառուցվի: Սակայն բնակիչները նրանց չեն լսել եւ փակել են Թուխմանուկի ոսկու հանքավայր տանող ճանապարհը:
«Ժողովուրդ»-ը Մելիքգյուղի համայնքի ղեկավար Հակոբ Մկրտչյանից տեղեկացավ, որ ընկերության տնօրինությունը դեռեւս սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ խոստացել էր լուծել գյուղի խմելու ջրի եւ ճանապարհների նորոգման հարցերը: Սակայն իր խոստմանը տեր չի եղել, ինչն էլ զայրացրել է մելիքգյուղցիներին: «Ամեն ինչ անորոշ ավարտ ունեցավ: Ես էլ դեռ ֆաբրիկա կառուցելու թույլտվություն չեմ տվել: Ինչպես կորոշեն գյուղի բնակիչները, այնպես էլ ես: Նրանք պետք է կատարեն մեր պահանջները»,-վճռական ասաց գյուղապետը:

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԻՐ ԱՉՔԻ ԳԵՐԱՆԸ ԹՈՂԱԾ
Անդրադառնալով մարզային այցելությունների ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի կողմից Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցված հայհոյանքին` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանն (Շմայս) ասել է. «Անունն ինչ ա, Արամ Մանուկյան ա, ինչ ա, որ նախագահի հասցեով… Դա նշանակում ա, որ նա իր տունն էլ ա էդ ձեւ կարգավորում, քֆուր ա տալիս, հայհոյանք ա անում միտինգի ժամանակ։ Ով որ նախագահին քֆուր ա տալիս, նրանք սրբություն չունեն»։ Այն դիտարկմանը, թե ինքը եւս խորհրդարանում հայհոյանքներ է հնչեցնում, Շմայսը արձագանքել է. «Պետք լինի, էլի կհայհոյեմ, ես թաքուն չեմ անում այդ ամեն ինչը։ Ես անհատին եմ հայհոյում, իսկ երկրի դրոշին, հիմնին, նախագահին հայհոյողին ես համարում եմ դավաճան: Ընդդիմադիրներին մենք չենք հայհոյել երբեք, ընդամենը իրենց տեղն ենք դրել»:

 

ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ՀԱՆՑԱԳՈ՞ՐԾ Է
ԱԺ-ի հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասնակցությանը հայտնի արյունալի միջադեպին: «Գեւորգ Կոստանյանը կատարել է հանցագործություն. ոչ միայն պարտակել է սպանությունը, այլեւ՝ սպանությունը կատարողին: Դեպքի տեսաձայնագրության ուշադիր զննումը ցույց է տալիս, որ Ս. Խաչատրյանը սպանության ժամանակ ոչ միայն քնած չի եղել, այլեւ իր առանձնատան վերին հարկից կանչել է Ավետիք Բուդաղյանին եւ երբ վերջինս կանչին արձագանքելով հետ է գնացել՝ կրակել, սպանել է նրան»:

 

ՀԱՆՐԱՅԻՆԻ ԿԱԶԻՆՈՆ
Աժ-ում Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թվականի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Հանրայինի խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից հետաքրքրվելով, թե ինչ որակական փոփոխություններ են եղել, նկատել է, որ Հանրային հեռուստատեսությունն այդպես էլ որակական առումով չդարձավ հանրային:
Ի պատասխան Ջաղինյանը նշել է, թե շատ կցանկանար, որ պատգամավորները հաճախ դիտեին Հանրային հեռուստատեսություն, եւ այդ դեպքում, կկարողանային նկատել, որ նույնիսկ սերիալների որակն է փոխվել: Իսկ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, թե մեծագույն խայտառակություն էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրության ժամանակ կատարվածը. «Ամբողջ ժողովրդին մտցրել էին ղումարի շրջապտույտի մեջ: Ամբողջ ազգը տենդի մեջ էր ընկել, թե ով ում վրա ինչ խաղադրույք կկատարի: Հանրային հեռուստատեսությունը մեր տները դարձրեց կազինո: Սա ուղղակի անթույլատրելի է: Դուք ասում եք՝ արժեքներ, արժեքներ, արժեքներ, բայց, ցավոք սրտի, միակ բանը, որ դուք քարոզել եք, ղումարն է»:

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՏ ՓՈՂ ԿԱ
Թուրքական ՃztՖrkler Holding ընկերությունը սկսել է ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ՝ մասնավորապես շինարարությունում: «Սաբահ» թերթին ընկերության ղեկավար Յուսուֆ Օզթյուրքը հայտնել է, թե Երեւանի կենտրոնում արդեն սկսվել է բազմաբնակարանոց շենքի կառուցումը: Օզթյուրքն ընդգծել է, որ «ներդրումների լեզուն» ամենամատչելին եւ հասկանալին է տնտեսական հարաբերություններում: «Չնայած այն բանին, որ Հայաստանը փոքր երկիր է, այնտեղ շատ փող կա»,- ասել է նա:

 

ԳԻՇԵՐԸ ԿՓԱԿԵՆ
Գիշերային ժամերին Դեւդորակի կիրճում սողանքի վտանգի պատճառով ռուս-վրացական սահմանին ժամանակավորապես կփակվի Լարսի անցակետը: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիդ Շավլիաշվիլին: «Սպասվում են մեծ քանակությամբ տեղումներ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք կփակենք մաքսակետը գիշերային ժամերին, իսկ հետո կտեսնենք, թե ինչպիսին կլինեն եղանակային պայմանները»,-ասել է նա:

 




Լրահոս