ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԸ ՈՉ ՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՀԵՏ ՀՈՒՅՍ ՉԵՆ ԿԱՊՈՒՄ
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ պայքարող առեւտրականները երեկ ՀՀ Ազգային Ժողովի մոտ կրկին բողոքի ակցիա անցկացրեցին: Թեեւ առեւտրականներն իրենց հույսը չեն կապում ոչ մի քաղաքական ուժի հետ, այնուամենայնիվ նշում են, որ հարցն իրենց օգտին չլուծելու դեպքում պատրաստ են ամեն ինչի:
Բողոքի ակցիայի ընթացքում առեւտրականներին մոտեցան ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ական Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ուրիխանյանը, Միքայել Մելքումյանը եւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նրանք հայտարարեցին, որ իրենց հաջողվել է հավաքել ոչ իշխանական քաղաքական ուժերի 44 պատգամավորի ստորագրություն, որոնց միացել է նաեւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Մինչ առեւտրականները շտապեցին ուրախանալ հավաքված 45 ստորագրությունների համար, այդ ընթացքում ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը կոչ արեց մասնակիցներին չոգեւորվել, քանի որ գործող իշխանական ուժն ամեն ինչ կանի, որպեսզի այս հարցով արտահերթ նիստը չկայանա:
«Ժողովուրդ»-ը ակցիայի մասնակից առեւտրականներից հետաքրքրվեց, թե իրենք ո՞ր կուսակցության հետ են կապում իրենց հույսը: «Ոչ ոքի հետ չենք կապում մեր հույսը: Այսօր մենք ենք մեր պատասխանատուն: Մեզ հետ ենք կապում, մեզ ենք հավատում: Մինչեւ օրենքի ընդունելն իրենք պետք է խորը ուսումնասիրեին եւ հաշվարկեին, որ այն կարող էր ի վնաս մեզ գործել: Այսքանից հետո ինչպե՞ս կարող ենք վստահել կամ հույսներս կապել իրենց հետ»,- հարցից զայրացան առեւտրականները:
Որքան էլ տարօրինակ է, սակայն մեզ հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մի քանիսը նշեցին, որ իրենք հույս են կապում միայն իշխող Հանրապետական կուսակցության հետ: «Մենք ընդդիմադիր չենք եւ չենք էլ եկել այստեղ ինչ- որ քաղաքական հարց լուծելու: Այս պահի դրությամբ մեր հույսը կապում ենք առաջնահերթ ՀՀԿ-ի հետ ու զարմանում ենք, թե ինչու իրենք մեզ հետ չեն երկխոսում»:
Այնուամենայնիվ, նկատենք, որ բավականին ուշագրավ է այն, թե ինչպես առեւտրականները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամցրած «խայծը» հեշտությամբ կուլ տվեցին եւ կառավարության շենքից իրենց բողոքը տեղափոխեցին ԱԺ: Չէ՞ որ հենց Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ նախագահ լինելու ընթացքում է ընդունվել այս օրենքը: Լրագրողների այս հարցին ի պատասխան առեւտրականներից մեկը վրդովվեց. «Կառավարությունը ոչնչով չէր կարող մեզ օգնել: Բացի այդ` այնտեղ պայքարելու պատճառով մենք ժամանակ էինք կորցնելու, մինչդեռ վաղը հոկտեմբերի 1-ն է (այսօր-Ս.Հ.): Դրա համար եկանք այստեղ: Այլ ելք չունեինք: Այնտեղ մեզ ոչ ոք չէր լսում»:
«Ժողովուրդ»-ը փորձեց առեւտրականներից հետաքրքրվել, եթե իրենց պահանջները չկատարվեն, այդ դեպքում նրանք ի՞նչ քայլերի կդիմեն: Ակցիայի մասնակիցներից Սամսոն Գրիգորյանն ասաց. «Ամենակոշտ քայլն այն է, որ կծախենք ամեն ինչ ու կգնանք այս երկրից: Դրանից կոշտ քայլ թող մեր իշխանությունները չպատկերացնեն: Եթե ինձ Հանրապետության հրապարկում ինքնահրկիզեմ, ապա դրանով ի՞նչ հարց կլուծվի: Ոչ մի»: Ի դեպ, տեղեկացնենք, որ երեկվա բողոքի ակցիային չէին մասնակցում «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները, քանի որ տոնավաճառի տնօրեն Ռադիկ Սարգսյանը նրանց դա արգելել էր: Իսկ ահա Երեւանի ոսկու շուկայից բողոքի ակցիային մասնակցում էին մի քանի հոգի, ովքեր, սակայն, ակցիայի ընթացքում խուսափում էին լրագրողների հետ շփվել:
Նշենք, որ վերջին մի քանի օրերին բողոքի ակցիաների մասնակցելով՝ առեւտրականները կրում են նյութական վնասներ, քանի որ չեն աշխատում, իսկ առեւտուրը Երեւանում ընդհանուր կանգնած է:
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ պայքարում են նաեւ Գյումրիում
Մինչ երեւանցի առեւտրականները սպասում են, թե ԱԺ-ում իրենց հարցը ինչ լուծում կստանա, այս ընթացքում գյումրեցի առեւտրականները նույնպես ոտքի կանգնեցին եւ սկսեցին պայքարել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ: Ավելին՝ Գյումրու Շահումյան փողոցում տեղակայված տոնավաճառների 300-ից ավելի աշխատողներ երեկ փակեցին կենտրոնական փողոցը՝ այդկերպ արտահայտելով իրենց բողոքը:
«Գյումրին Երեւանը չէ, բնակչության 80 տոկոսը բացակայում է քաղաքից, մարդ չի մնացել, տոնավաճառում աշխատող ջահել տղաներին ստիպեցին լքել քաղաքը, գնալ Ռուսաստանի Դաշնություն, էնտեղից էլ դիակները բերեցին: Թող զենք տան, կրակենք վրաներս պրծնենք»,-բարկացած բողոքեց տոնավաճառում երկար տարիներ աշխատող տիկին Անահիտը:
Կեսօրին ցուցարարներին ներկայացան Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը ու Գյումրու քաղաքապետարանի հարկային բաժնի պետի տեղակալ Մհեր Ավագյանը, ովքեր փորձում էին հանգստացնել ակցիայի մասնակիցներին՝ համոզելով, որ նոր օրենքը նրանց վրա չի ազդելու: Սակայն ցուցարարները նրանց անգամ լսել չուզեցին, որից հետո նրանք հեռացան:
Հատկանշական էր նաեւ, որ ցույցի ընթացքում ցուցարարներին միացան ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների տեղի անդամները, ովքեր տոնավաճառի աշխատողներին թռուցիկներ բաժանեցին եւ հորդորեցին հոկտեմբերի 8-ին Գյումրիում կաքյանալիք եռյակի նախատեսած հանրահավաքին միանալ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցուցարարները նշեցին, որ բողոքի ակցիան չեն դադարեցնելու, այն շարունակվելու է այնքան, մինչեւ իրենց լսեն: Ի դեպ, նույն պահանջով բողոքի ակցիա է տեղի ունեցել նաեւ Մարալիկ քաղաքում: Տոնավաճառի աշխատակիցները փակել են Մարալիկի ճանապարհը:
Ավելի ուշ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ-ն իր «թեթեւ ձեռքով» տապալեց հրավիրած ԱԺ արտահերթ նիստը՝ քվորում չապահովելով: Արդյունքում առեւտրականները որոշեցին այսօր՝ ժամը 16.00-ին, հանդիպել ԱԺ-ի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
ՄՈՇ ԷԻՆ ՀԱՎԱՔՈՒՄ, ՈՐ ԱՊՐԵՆ
Սեպտեմբերյան մի գեղեցիկ օր Կապանի Շահումյան փողոցում առաջին անգամ տեսա տասնմեկամյա Սերոբին: Հերթական անգամ մոշ հավաքելուց էր գալիս: Սովորականի պես առավոտյան կանուխ, ժամը հինգից մոր հետ անտառներում մոշի էին գնացել, ապա ոտքով իջել քաղաք՝ հավաքածը վաճառելու:
«Հաճախորդը ուր որ է պետք է մոտենա,-ասաց տղայի մայրը:-Դույլը շուկայականից էժան ենք տալիս՝ 1500-ով, դրա համար էլ առեւտուրը երկար չի տեւում»:
Մինչ գնորդը կմոտենար, զրուցեցի 41-ամյա Վիկայի հետ: Հոգսաշատ կնոջ դեմքը, սակայն, այլ հասակ էր հուշում: Պարզվեց՝ Սումգայիթից են գաղթել Հայաստան: Ամառվա ամիսներին մոշը եւ անտառներում աճող այլ հատապտուղներն ու սունկը, որոնք հնարավոր է վաճառել, միակ եկամտի աղբյուրն են չորս հոգուց բաղկացած ընտանիքի համար: Իսկ Վիկայի ամուսինը շուկայում բեռնակիր է աշխատում, ինչից վաստակած գումարը չի բավարարում անգամ գոյատեւելու համար:
Ասում է՝ սկզբում, երբ եկան Հայաստան, շատ դժվար էր, ոչ ոք չէր օգնում: Ապրելակերպի, կահ-կարասիի մասին առավել մանրամասն խոսելու համար տուն այցելելու հրավերը չմերժեցի: Մանուչարյաններն ապրում են Կապանի Շղարշիկ թաղամասի բնության գողտրիկ մի անկյունում: Տան կահավորանքից, հակասանիտարական վիճակից ու պակաս-պռատից կինը պատմեց խոհանոցում, իսկ մոր օգնականը՝ Սերոբը, այդ ընթացքում հետեւում էր, որ վառարանում թխվող հացը չվառվի: Կինը պատմեց, որ 89-ին Սումգայիթից գաղթել են Ռուսաստան, հետո Կապան, ամուսնացել ու մնացել են: Իսկ հիմա ապրում են նպաստով, այգի մշակելով ու պատահածը հավաքելով: Անտառում չկա մի թուփ ու ծաղիկ, որտեղ տղայի ոտքը դիպած չլինի:
Ժպտերես ու ոչինչ չպահանջող. երկու բառով այսպես կարելի էր բնութագրել եղբայրներին՝ տասնմեկամյա Սերոբին ու տասնվեցամյա Ռոմային: Ինչ վերաբերում է գիտելիքին, այս հարցում բախտները բերել է. մեծը Կապանի համար 3 կրթահամալիրում է սովորում, կրտսերը՝ թիվ 5 հիմնական դպորցում: Երկուսն էլ սովորում, ապրում ու գիշերում են կրթօջախներում, շաբաթ-կիրակի օրերին էլ գալիս տուն: Այն հարցին, թե արձակուրդը որտեղ կցանկանային անցկացնել, հնչեց տարբերակներից ամենահարազատը՝ տանը:
Հարցին, թե առաջին հերթին ինչի կարիք ունեն, կինը երկար մտածելուց հետո, այդպես էլ չկողմնորոշվեց: Տղայի մրոտ դեմքից ու ձեռքերից կարելի էր ենթադրել, որ ջրի խնդիր ունեն եւ ոչ միայն: Պարզվեց՝ խողովակ չունեն ու խմելու ջուրն էլ հարեւանից տարաներով են կրում տուն: Այս օջախում այն ոսկու գին ունի, չես կարող շռայլել: Կլոր տարին փայտե վառարանից ծուխ է բարձրանում, իսկ տանիքը կաթում է:
Այդուհանդերձ, Սերոբը Հայաստանը շատ է սիրում, եւ հարցին, թե կցանկանա՞ր գնալ այլ տեղ ու ապրել, հնչեց վճռական` ոչ:
Ոսումնական շրջանը սկսվել է, եւ Սերոբն այս տարի էլ ընկերներին կպատմի, թե ինչպես է անցկացրել ամառային արձակուրդը` անտառից մոշ հավաքելով:
ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կապան