ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԻՆՈՅԻՑ ՊԵՏՔ ՉԷ ՏԱՆԵԼ ՍԵՐԻԱԼ, ՍԵՐԻԱԼԻՑ ԷԼ` ԹԱՏՐՈՆ

ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը հաջողությամբ համատեղում է աշխատանքային առօրյան ընտանեկան կյանքի հետ: «Միշտ էլ մեկը մյուսին կարող է խանգարել, բայց մարդու ամբողջ վարպետությունը հենց դրա մեջ է. կարողանալ այնպես անել, որ ընտանիքը չտուժի գործի պատճառով եւ հակառակը՝ գործն անտարբերության չմատնվի ընտանեկան հարաբերություններին չափից ավելի տուրք տալու պատճառով»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց դերասանուհին:

-Երկար տարիներ աշխատում եք թատրոնում, ինչպես նաեւ նկարահանվում եք «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեռուստասերիալներում: Ներկայում էլ խաղում եք «Հարազատ թշնամի» սերիալում: Ինչպե՞ս եք համատեղում այդ տարբեր աշխարհները:
-Իմ հիմնական աշխատավայրը Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն է, իսկ համագործակցությունը «Պան Արմենիան Մեդիա Գրուպ»-ի հետ սկսվել է ութ տարի առաջ: Իրականում չեմ համատեղում այդ տարբեր աշխարհները, որովհետեւ հնարավոր չէ այդպես անել: Ես երկուսն էլ զուգահեռում եմ, առաջնայինի եւ երկրորդականի տարանջատում չեմ դնում:
-Այնուամենայնիվ, պրոֆեսիոնալի դիտարկմամբ ո՞րն է այն ակնհայտ տարբերությունը, որը հստակ տարանջատում է սերիալային խաղը թատրոնի խաղից:
-Դրանք ներքին, մասնագիտական տարբերություններ են: Հեռուստասերիալի տեսախցիկն այլ է, կինոխցիկը՝ այլ, իսկ սերիալի խցիկը՝ բոլորովին այլ: Դրանք տարբեր դրսեւորումներ են: Մեկը մյուսի հետ ընդհանուր բաներ շատ ունեն, բայց բավականին շատ են նաեւ տարբերությունները: Դրանք խաղարկային տարբերություններ են: Թատրոնն ու կինոն կարող եմ ասել, որ ինչ-որ առումով անհամատեղելի են: Թատրոնում գրոտեսկ կա, այնտեղի խաղն էմոցիայով է հագեցած, սերիալում ու կինոյում ավելի շատ է զսպվածությունը: Այս ամենի համատեքստում դերասանի վարպետությունը կայանում է նրանում, որ կարողանա կինոյից չտանել սերիալ, սերիալից՝ թատրոն եւ հակառակը: Չի կարելի տեղափոխել, ամեն ոլորտ ունի իր նրբությունները, իրեն հատուկ խաղարկային ձեւերը, որոնք եթե տեղափոխես իր համար ոչ նպաստավոր միջավայր, կարող է, պարզապես, ակնհայտ անհամատեղելիություն ստեղծվել, որն անպայման կնկատի թե՛ հեռուստադիտողը, թե՛ թատրոնի հանդիսատեսը: Կան դերասաններ, ովքեր մեկը մյուսին են խառնում, բայց իմ կարծիքով՝ դա ճիշտ չէ: Ինքս փորձում եմ յուրաքանչյուր տեղին հարմար ու ճիշտ խաղով հանդես գալ:
-«Հարազատ թշնամի» հեռուստասերիալի Ձեր խաղընկերների հետ իրական կյանքում էլ եք մտերի՞մ:
-Իրական կյանքը խաղարկային կյանքից հեռու է: Իմ բոլոր խաղընկերների, գործընկերների հետ հարաբերություններս բավականին լավ են: Որեւէ մեկի հետ վատ հարաբերություններ չունեմ, բայց իրական կյանքում ամեն ինչ չէ, որ կարելի է նույնացնել դերասանական կյանքի հետ: Աշխատանքը մնում է աշխատանք: Սերիալային, թատրոնի խաղերի հիմքում ընկած է դերասանությունը: Լավ հարաբերությունները, մտերմությունը կարող ես պահպանել, բայց պարտադիր չէ նույն մտերմությունն իրական կյանքում էլ ունենալ:
Օրինա՝ ես եւ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալի Ռենան՝ նույն ինքը Աիդա Բաբաջանյանը, ավելի երկար ժամանակ է, ինչ ճանաչում ենք իրար: Նախորդ՝ «Դժբախտ երջանկություն» սերիալում էլ ենք միասին խաղացել, վատ հարաբերություններ չունեմ իր հետ: Բայց պետք է ասեմ, որ այս ամենը նկատի ունենալով հանդերձ, պետք է անձնական կյանքը չխառնել գործնականի հետ: Աշխատանքը՝ աշխատանք, բայց պարտադիր չէ գործնականը տեղափոխել անձնական հարթակ եւ հակառակը:
-Անդրադառնանք անձնականին. հասցնո՞ւմ եք այդ աստիճանի զբաղվածության հետ մեկտեղ ժամանակ հատկացնել նաեւ ընտանիքին: Չէ՞ որ հաշվի առնելով Ձեր գրաֆիկը, կարելի է ենթադրել, որ ժամանակ չի մնում ընտանեկան միջավայրում գտնվելու համար:
-Իհարկե հասցնում եմ: Ինձ համար առաջնային տեղում միշտ էլ եղել է ու կլինի անձնականը: Ես շատ եմ սիրում աշխատանքս, բավականին նվիրված եմ գործիս, բայց երբեք թույլ չեմ տա, որ մեկը մյուսին խանգարի: Միշտ էլ կարող է այնպես ստացվել, որ աշխատանքն ու անձնականը միմյանց խանգարեն, բայց պետք է այդ առումով էլ վարպետություն դրսեւորել եւ այնպես անել, որ մեկը մյուսի պատճառով չտուժի: Ասածս իրականություն դարձնելը դժվար է, երբեմն նույնիսկ անհնար է թվում, բայց մեծ ցանկության դեպքում կարելի է այնպես անել, որ ամեն ինչ եւ ամեն ոք իր ուրույն տեղն ունենա մարդու կյանքում: Շատ զբաղված եմ, բայց անձնական կյանքս ու ընտանիքս ինձ համար առաջնային են:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԷԴԳԱՐ ԴԵԳԱՅԻ ԿՏԱՎԸ
Կիպրոսի Լիմասոլ քաղաքի 70-ամյա մի բնակչի տնից գողացել են Էդգար Դեգայի կտավը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ կտավի հետ մեկտեղ տնից կորել է չհրկիզվող պահարանը, որտեղ եղել են յոթ ոսկե ժամացույց, երեք զույգ թատերական ոսկե հեռադիտակ եւ 157 հազար եվրո ընդհանուր գումարի այլ ոսկերչական իրեր:
Ֆրանսիացի նկարչի՝ 61 x 47 սանտիմետր չափով կտավն իրենից ներկայացնում Է Դեգայի պարուհիների հռչակավոր շարքի նկարներից մեկը: Ոստիկանությունը հայտնել Է, որ այն ապահովագրված չի եղել: Տուժողն ասել է, թե ինքը պատրաստվում Էր վաճառել իր թանկարժեք իրերի մի մասը եւ տուն Էր հրավիրել մի քանի պոտենցիալ գնորդների: Ոստիկանությունն արդեն ձերբակալել Է կասկածյալներից մեկին եւ որոնում Է եւս երկու անձանց, որոնք, հնարավոր Է՝ մասնակցել են գողությանը:

 

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԵՍ ԵՄ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ
Հոկտեմբերի 1-5-ը Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը կանցկացվի «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը: «Ես եմ»-ին ներկայացված 118 ֆիլմից ընտրվել է եւ մրցութային ծրագրերում կցուցադրվի շուրջ 60 ֆիլմ: Փառատոնային ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը: Կինոդիտումների մուտքն ազատ է: Փառատոնի շրջանակներում հնարավորություն կընձեռվի երիտասարդ կինոգործիչներին մասնակցելու ժամանակակից կինոարտադրության թեմայով քննարկումներին:
«Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնն անցկացվում է «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ» անվանակարգերում, որոնց արժանացած մասնակիցը կամ ստեղծագործական խումբը կստանա համապատասխան դիպլոմ եւ մրցանակ:
Կինոփառատոնի ժյուրիի կազմում են օպերատոր Սամվել Բաբասյանը, կինոգետ Նարինե Ջրբաշյանը, ռեժիսոր Ռուբեն Երզնկյանը, դերասան Արամ Գյուրջյանը: Ժյուրին նախագահում է ռեժիսոր Ռուբեն Քոչարը:

 

ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՎ
Երգչուհի Ջուսն առաջիկայում իր երկրպագուների դատին կհանձնի նոր տեսահոլովակ: Հոկտեմբերի 1-ին կսկսվեն նկարահանման աշխատանքները: Նոր տեսահոլովակը հիմնված կլինի «LOVE SONG» երգի վրա, որի հեղինակը ռուս կոմպոզիտոր Իվան Բաղրամովն է, ով նաեւ Իրինա Ալեգրովայի «Արմենիա» երգի հեղինակն է: Գործիքավորումն արել է Գուժ Դուրգարյանը: Իսկ տեսահոլովակի ռեժիսորը Լայերտ Համբարյանն է: Պրեմիերան նախատեսվում է նոյեմբեր ամսին:

 

ԹԱԳՈՒՀՈՒՆ ԱՆՎԱՆԱԿԻՑ Է ԾՆՎԵԼՈՒ
Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամն ընտրել են իրենց դստեր անունը։ Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ երեխային անվանակոչելու են Էլիզաբեթ՝ ի պատիվ տատիկի։ Երեխան լույս աշխարհ կգա այս գարնանը: Այս մասին պաշտոնապես հայտարարել է թագավորական ընտանիքի կենսագիրը՝ Էնդրյու Մորթոնը։ Երիտասարդ ամուսինները երկար քննարկել են 14-ամսական Ջորջի ապագա քույրիկի անունը։
«Նրանք շատ անուններ են քննարկել, մինչ Ջորջի ծնունդը, իսկ հիմա հուսով են, որ երկրորդ երեխան աղջիկ է լինելու, որ կարողանան հարգել ու մեծարել Ուիլյամի մայրիկին»,-ասել է Մորթոնը:

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԱՅՐԱՆԱ
«Հայաստանի ձայն» հեռուստանախագծի մասնակիցներից Քրիստինա Մանգասարյանն առաջին անգամ կմայրանա: Ըստ բժշկական հետազոտության` տղա է լինելու: «Մեր ընտանիքում, կարծես, բոլորս վստահ էինք, որ տղա է ծնվելու, հետաքրքիր է, բայց ոչ ոք աղջկա անուն չէր տալիս: Ես էլ, Գեւորգն էլ ուրախացանք, անվան տարբերակներ ենք քննարկում, բայց հստակ չենք որոշել»,-Bravo.am-ին ասել է ջազ-ֆանկ երգչուհին:

 

 




Լրահոս