Ամուսինը ծխախոտը հանգցրել էր կնոջ մարմնի վրա. խոշտանգվող կանանց թիվը եռապատկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ընթացքում Հայաստանում ընտանեկան բռնությունների թիվը ՀՀ Ոստիկանության օպերատիվ տվյալների համաձայն` 1501 է, մինչդեռ ամբողջ նախորդ տարի դրանց թիվը եղել է մոտ 610: Հոգեբանները և սոցիալական աշխատողները թվի աճը կապում են կանանց` իրենց իսկ իրավունքների մասին իրազեկված չլինելու և ավանդույթներին զոհ գնալու հետ:

Armlur.am-ի հետ զրույցում «Կին իրավապաշտպանները հանուն գենդերային հավասարության» ՀԿ անդամ Սոնա Հովակիմյանի նշեց, որ ընտանեկան բռնությունները հիմնականում հոգեբանական խնդիրների արդյունք են: Ըստ մեր զրուցակցի` բռնության դրդապատճառները կարող են լինել թե՛ դավաճանությունը, թե՛ խանդը:

«Հայ կնոջ «թույլ» լինելը, վախը խնդիրների մասին բարձրաձայնելու, իրավապահ մարմիններին դիմելու նկատմամբ խնդիրների մեծագույն պատճառներից մեկն են: Ավանդույթները նույնպես վատ են ազդում են կնոջ իրավունքների վրա: Կանայք ասում են` ի՞նչ կա որ, ամուսինն է, կարող է մի հատ էլ խփել, մի հատ գոռալ: Ու այդ խփել-գոռալը հանգեցնում է ավելի լուրջ բռնության, ընդհուպ մինչև սպանության»,-ավելացրեց մեր զրուցակիցը, ում խոսքով բռնությունների ավելի մեծ մասը, թերևս, շրջաններում է լինում, որտեղ կանայք ավելի քիչ են իրազեկված իրենց իրավունքների մասին և ավելի շատ են կարծրատիպերով և ավանդապաշտությամբ տարված:

Սոնա Հովակիմյանը հայտնեց, որ իր պրակտիկայում չի հանդիպել այնպիսի դեպքերի, երբ ամուսնուն կինն իր վարքով դրդած լինի իր նկատմամբ բռնության կիրառման:

«Ինչպիսին էլ դրդապատճառները լինեն, բռնությունը չի արդարացվում: Դավաճանությունը, խանդը երկրորդական պատճառներ են: Խնդիրների դեպքում, իհարկե, կարող են ամուսնալուծվել, սակայն նման քայլի քչերն են գնում: Լուծումը երկկողմանի գործընթաց է, և կինը պետք է կարողանա պաշտպանել իր իրավունքները, և երբ դեռևս իրավիճակը բռնության փուլին չի հասել, ամուսնու կողմից ևս խնդրի լուծում պետք է լինի: Ոչ միայն կինը պետք է դեր ունենա, այլև բռնարար ամուսինը»,- շարունակելով խոսքը` նշեց սոցիալական աշխատողը` հավելելով, որ այս ամենը լուրջ անդրադարձ է ունենում նաև երեխաների հոգեվիճակի վրա, առավել ևս երբ նրանք անչափահաս են լինում:

«Երեխաները լուրջ տրավմա են ապրում, իսկ վերականգնվելու համար ժամանակ է անհրաժեշտ: Հետագայում իրենց կյանքի ընթացքում բացասական ազդեցությունն իրենք տեսնում և զգում են»,- եզրափակեց Սոնա Հովակիմյանը:

Նշենք, որ ամիսներ առաջ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում Հասմիկ Խաչատրյանը ամուսնու կողմից խոշտանգվել էր: Ամուսինը` Սարգիս Հակոբյանը, ծխախոտ էր հանգցրել կնոջ մարմնի վրա և պարբերաբար ծեծի ենթարկել:

Այս գործով դատաքննությունը դեռևս շարունակվում է: Եվ հատկանշական է այն, որ բոլոր դեպքերում, երբ ամուսնու կողմից կինը խոշտանգվում է, ծեծի է ենթարկվում, իսկ որոշ դեպքերում` սպանվում, դատարանը որոշում է դատահոգեբանական փորձաքննություն նշանակել, ապա ստացվում է  հոգեպես անառողջի եզրակացություն:

Ընտանեկան բռնությունների և անմարդկային խոշտանգումների ենթարկվելու դեպքերը հանրապետությունում անհաշվելի են: Արդյունքում տուժում են երեխաները` ողջ կյանքի ընթացքում իրենց վրա զգալով բռնությունների ականատեսը լինելու ազդեցությունները: Թե որքանով են արդարացի ավանդույթների և նամուսի զոհ դառնալը, կնոջ կողմից խնդիրների չբարձայանելը, դժվար է ասել:

Տաթև Հարությունյան




Լրահոս