Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվում է Դատական դեպարտամենտի գործով դատական քննությունը:
Դատարան են ներկայացել մեղադրյալի կարգավիճակում գտնվողներ Էդուարդ Հովհաննիսյանն ու Նորայր Մելքոնյանը, ովքեր հրաժարվեցին ցուցմունք տալ և հարցերին պատասխանել: Երկու մեղադրյալներն էլ խնդրեցին հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները:
Ապա հարցաքննվեց դատակոչված վկա Լիլյա Պետրոսյանը, ով հայտնեց, որ ինքը նախկինում աշխատել է որպես դատական ծառայող: Այն ժամանակ, երբ իմացել է, որ Դատական դեպարտամենտում ազատ հաստիք կա, որոշել է դիմել եղբորորդուն աշխատանքի ընդունելու համար: Մոտենալով Դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ Անգին Իսախանյանին` հարցրել է` ինչպես կարող է իր եղբոր որդին` Արմեն Պետրոսյանը, ընդունվել աշխատանքի: Իսկ Անգին Իսախանյանը նրան ասել է, թե դա հեշտ չի լինելու, անհրաժեշտ է որոշակի գումար, որը միայն նրան չի հասնելու: Մի քանի օր անց նա կրկին դիմել է Անգին Իսախանյանին և նրան տվել 1000 ԱՄՆ դոլար, որպեսզի Արմեն Պետրոսյանն ընդունվի աշխատանքի` որպես պայմանագրային ծառայող: Իսկ ավելի ուշ նա պետք է հիմնական աշխատող դառնար, ինչը սակայն այդպես էլ չեղավ: Վկայի ցուցմունքի համաձայն` այն ժամանակ, երբ Արմենի` աշխատանքի ընդունվելը ձգձգվում էր, ինքը դիմել է ամբաստանյալ Իսախանյանին, վերջինս էլ նրան պատասխանել է, որ չանհանգստանա, ղեկավար Միսակ Մարտիրոսյանը տեղյակ է, ամեն ինչ լավ կլինի:
Նշենք, որ վկան ամբաստանյալին գումարի հետ միասին տվել է նաև զարդեր և շոկոլադ, և այս փաստը մի շարք հարցեր առաջացրեց դատավարության մասնակիցների մոտ:
Ամբաստանյալը հարց ուղղեց. «Դուք ինչու՞ գումարի հետ մեկտեղ նաև բանբաներկա ու բիժուտերիա տվեցիք, միայն գումարը հերիք չէ՞ր»: Հարցին վկան պատասխանեց. «Որպես կին ցանկանում էի հաճելի բան անել»:
Իսկ Միսակ Մարտիրոսյանի հարցին, թե եթե դեպքը եղել է 2010 թվականի նոյեմբերին, ինչու՞ է նա այս մասին հաղորդումը տվել 2013 թվականի սեպտեմբերին, արդյոք դա ճնշման ազդեցության տա՞կ է եղել, վկան պատասխանեց, որ ոստիկանությունից իրեն ասել են, որ եթե իր կամքով հաղորդում տա, քրեական պատասխանատվությունից կխուսափի:
Այդ պահին պաշտպան Բալաբանյանը զայրացավ` ասելով.«Դուք ստանում եք 77 հազար դրամ, նույն քանակությամբ էլ ստանում է Ձեր ամուսինը: Կենցաղային հարցերը լուծելու հետ մեկտեղ Դուք ինչպե՞ս կարողացաք խնայողություններ անել, որ դեռ մի բան էլ կաշառք եք տալիս»: Հարցի դեմ դատարանն առարկեց:
Ապա վկայություն տվեց վկայի ամուսինը` Հեկտոր Մեսրոպյանը, ում ևս նույն հարցը պաշտպանը տվեց: Վկան հնչեցված հարցին պատասխանեց. «Մեկ միլիոն աշխատավարձ եմ ստանում: Ոչ մի բանի մասին տեղեկություն չունեմ: Կնոջս վրա ջղայնացել եմ, որ Արմենին այդ ձևով աշխատանքի է ընդունել: Որ էդ ձևով խառն է եղել: Ջղայնացա անցավ-գնաց: Ասեց` ինչ-որ կնոջ բանբաներկա-բան է տվել»:
Մեղադրողն առարկեց, որ էական հակասություններ կան նախաքննական և դատաքննական ցուցմունքներում: Դատավորի հարցին նրանց բյուջե միասնակա՞ն է, թե՞ առանձին-առանձին և որքա՞ն գումար է կինը վերցրել եղբոր տղային աշխատանքի ընդունելու համար, վկան դժվարացավ պատասխանել:
Վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակվեց, ապա նա հայտնեց նախագահողին, որ չի հիշում` կինն ինչ է ասել իրեն ավելի վաղ, միայն նշեց, թե իր հիշելով` 1000 դոլարի սահմաններում նվերներ է գնել:
Վկա Արտյոմ Մամյանը հայտնեց, որ ինքը Վարչական դատարանի Դատական դեպարտամենտի աշխատակազմի ղեկավարն է եղել, և 2009-2012 թվականների ընթացքում եղել են կարգադրիչներ, ովքեր փաստացի աշխատող են եղել այլ դատավորների մոտ ևս:
«Դատարանների արխիվը կապ չուներ Վարչական դատարանի արխիվի հետ, այդ պատճառով էլ նրանց տվյալները տեղեկագրերում հայտնվել են անհասկանալի հանգամանքներում»,- նշեց վկան` հավելելով, որ նրանց թիվը կլիներ մոտ 7 հոգի, որոնց ինքը չէր ճանաչում: