«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի նախագահը դուրս է գալիս ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին

Հարգելի՛ պարոն Գասպարյան, Կարևորելով հասարակական վերահսկողության դերը հավաքների ընթացքում, ես դիմել էի, որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար:

Սույն թվականի մայիսի 21-ին ՀՀ ոստիկանությունից ստացա նամակ, որում տեղեկացվում էր, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի թիվ 507-Ա որոշման համաձայն ես` Արման Դանիելյանս, ընդգրկվել եմ տվյալ հանձնաժողովում:

Քանի որ տևական ժամանակ ոչ մի նիստ չէր գումարվում, ես ինքս նախաձեռնությամբ հանդես եկա՝ Ձեզ ուղարկելով համապատասխան տեսանյութեր, որտեղ հստակ երևում էր, թե ինչպես էին հունիսի 23-ին, Սարյան 22 հասցեում կազմակերպված հավաքի ընթացքում ոստիկանության աշխատակիցները հասարակական կարգի պահպանման ժամանակ բռնություն գործադրում ցուցարարների նկատմամբ, և առաջարկելով կարգապահական վարույթ հարուցել ոստիկանների կողմից հնարավոր օրինազանցության դեպքերի քննության նպատակով։

Գրությանս ի պատասխան ինձ նամակով տեղեկացրեցին, որ հանձնաժողովի նիստեր գումարվում են միայն կարգապահական կոպիտ խախտումներ ի հայտ գալու դեպքում, իսկ վերը նշված դեպքի առնչությամբ ասվում էր, որ իրականացվում է ծառայողական քննություն, և եթե հայտնաբերվի կոպիտ խախտում, կգումարվի կարգապահական հանձնաժողովի նիստ:

Սակայն ոչ այդ, ոչ էլ մի շարք այլ՝ հասարակության կողմից լայն քննարկումների առարկա դարձած միջադեպերով ոչ մի նիստ չի հրավիրվել, և ես այդ մասին ոչ մի ծանուցում չեմ ստացել: Հաշվի առնելով հանձնաժողովի բացարձակ անգործությունը՝ ես կարծում եմ, որ վերջինիս գոյությունը զուտ ձևական բնույթ է կրում և չի ծառայում իր նպատակներին:

Այդ պատճառով նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ անդամակցությունը այդ հանձնաժողովին: Հետևաբար խնդրում եմ 2014 թվականի հոկտեմբերի 3-ից դադարեցնել իմ լիազորությունները ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում:

Հարգանքով՝ Արման Դանիելյան

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ 




Լրահոս