«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանն ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Ընթացքի մեջ է միջոցառումների շրջանակում անցկացվող սոցիալական աջակցության ծրագիրը: Սեպտեմբերի 30-ից մինչ օրս նախատեսված 2796 ընտանիքներից արդեն աջակցություն է ցուցաբերվել 1869 ընտանիքի: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել մինչև տարեվերջ՝ նաև հաջորդ տարի սոցիալական ուղղվածության այլ ծրագրերի իրականացման վերաբերյալ:
««Էրեբունի-Երևան» տոնակատարությունը տարեցտարի ավելի ընդգրկուն է դառնում թե´ ծրագրերի և թե´ քաղաքի տոնին մասնակցելու նպատակով Երևան այցելող պատվիրակությունների թվի առումով: Քաղաքի տոնի կապակցությամբ այս տարի տարբեր քաղաքներից շուրջ 40 պատվիրակությունների ենք սպասում: Այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են տոնակատարության շրջանակում, այդ թվում՝ «Երևան 2025» կոնֆերանսի անցկացումը, իրենց առանձնահատուկ կարևորությունն ունեն մեր քաղաքի համար», – ընդգծել է Տարոն Մարգարյանը: