Իրավունք չունենք թույլատրել անորակ աշխատանք, առավել ևս՝ ընդունել այն. Տ. Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ շինարարության և բարեկագման վարչության պետը զեկուցել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն մայրաքաղաքում շարունակվում են փողոցների հիմնանորոգման և ընթացիկ ասֆալտապատման աշխատանքները: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է անձամբ լինել տեղերում և խստորեն հետևել կատարվող աշխատանքների որակին:

«Շինբարեկարգման գծով իրականացվող բոլոր ծրագրերի նկատմամբ, լինի ճանապարհաշինություն, ընթացիկ ասֆալտապատում, թե կրթամշակութային օջախների նորոգում կամ հիմնանորոգում, եղեք խիստ ու հետևողական: Մեզանից յուրաքանչյուրի համար ուղղակի պատվի հարց է կատարվող աշխատանքների որակի ապահովումը, և որևէ մեկս իրավունք չունենք թույլատրել անորակ աշխատանք, առավել ևս՝ ընդունել այն: Մինչև տարեվերջ շարունակվելու է շինարարական աշխատանքների կատարողականների ընդունման գործընթացը, և այս հարցում բոլոր պատասխանատուներից պահանջում եմ առավելագույն բծախնդրություն: Անձամբ այցելեք շահագործման հանձնվող բոլոր օբյեկտներ, տեղում մասնագետների մասնակցությամբ գնահատեք կատարված աշխատանքն ու եթե անգամ փոքր թերություն արձանագրեք, ապա աշխատանքը չընդունեք, մինչև թերությունը չվերացվի: Իսկ անորակ աշխատանք կատարած կազմակերպությունների նկատմամբ ընդհանրապես ձեռնարկեք օրենքով սահմանված ամենախիստ միջոցները՝ գործերն ուղարկելով համապատասխան մարմիններ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շինբարեկարգման այս տարվա ծրագրերով ընթացող առողջապահական, կրթական և մշակութային հաստատությունների հիմնանորոգման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ ամբողջությամբ ավարտվել է առողջապահական 3 հիմնարկների և 12 գրադարանների նորոգումը: Հոկտեմբերի 7-ին՝ գրադարանավարի օրվա կապակցությամբ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական բոլոր շրջաններում համապատասխան միջոցառումներ կազմակերպել:

Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման, ինչպես նաև խաղերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ արդեն տեղադրվել են 220 բակային և 41 մարզական խաղեր:




Լրահոս