«ՀԱՅԼՈՒՐԱԿԱՆՆԵՐԸ» ԽԱՓԱՆԵԼ ԵՆ ԲԱՆԱՎԵՃԻ ԸՆԹԱՑՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ չնայած ամբողջ իշխանությունն իր լծակներն օգտագործում է, որպեսզի իր մրցակիցը հաղթի, միեւնույն է, դա նրանց մոտ չի ստացվելու:
-Պարո՛ն Կարապետյան, Դուք միակն էիք, որին հաջողվեց բանավիճել ՀՀԿ ներկայացուցչի` Սամվել Ֆարմանյանի հետ: Ի վերջո, Ձեզ ինչպե՞ս հաջողվեց:
-Ես առաջինը կոչ արեցի, նա ընդունեց՝ չնայած բավական ժամանակ անցավ, մինչեւ մենք համաձայնեցինք ժամկետների շուրջ: Բայց նա հաղորդման ժամանակ ցույց տվեց, որ մտադիր չէ վարել քաղաքակիրթ բանավեճ: Մրցակիցս իր այդ պահվածքով թույլ չտվեց, որ ես արտահայտվեմ, ներկայացնեմ իմ ծրագիրը, նաեւ խոսեմ Հանրապետական կուսակցության թեկնածուի մարդկային տեսակի, քաղաքական գործչի որակների մասին: Ես ափսոսում եմ, որ տպավորությունը մի քիչ աղավաղված եղավ: Սակայն թույլ չեմ տա, որպեսզի հանրությունը մոլորության մեջ հայտնվի:
-Նման արձագա՞նք եք ստացել հանրության կողմից:
-Ես կարծում եմ, որ ժողովուրդը ճիշտ գնահատական տված կլինի: Իմ մասով ասեմ, որ ես կարողացա իմ ուղերձները հասցնել ընտրողին, բայց ոչ ամբողջական: Ես կրկնում եմ, որ մթնոլորտն այնպիսին էր, որ երկուսով՝ երկու հայլուրականներով, երեւի որոշել էին խափանել բանավեճի ընթացքը: Իսկ ինչ վերաբերում է այն պնդումներին, երբ ես ասացի, որ մրցակիցս խուսափում է վճարել համայնքային բյուջե՝ կան մեծադիր պաստառներ, որոնք փակցրել է առանց դրանց դիմաց վճարելու, այդ ամենն  իսկապես ռեալ է: Տեղեկացնեմ, որ իմ միջամտությունից հետո  օրինականությունից խոսող եւ բազմաթիվ խախտումներ ցույց տված մրցակիցս ստիպված եղավ վճարումներ կատարել: Հրապարակային հա՛րց ուղղեք նրան, թե ինչու նա չէր վճարել այդ գումարները:
-Այդ բանավեճը Ձե՞զ էր պետք, թե՞ ՀՀԿ թեկնածուին:
-Ինձ պետք էր այնքանով, որ ես կարողանայի ներկայացնել իմ ծրագիրը, մոտեցումները ու ցույց տալ մեր ընտրողներին, թե ինչպիսի անձնավորության է առաջադրել Հանրապետական կուսակցությունը: Թե ինչպես է նա նպատակաուղղված ուզում մոլորեցնել ժողովրդին` իր անձի եւ կուսակցության մասին հանրությանը ներկայացնելով աղավաղված տեղեկություն: Այդ առումով, կարծում եմ, իր ծրագիրը որոշ չափով խափանվեց:
-Հեռուստաբանավեճի ընթացքում Սամվել Ֆարմանյանը  ցույց տվեց Ձեր տան լուսանկարն  ու հարցրեց, թե այն ինչ գումարներով եք կառուցել:
-Ցույց էր տալիս իր մարդկային որակը՝ անձնական հարցը հրապարակային դարձնելով հանրության համար: Այն դեպքում, երբ իմ ունեցվածքը եւ եկամուտների հայտարարագիրը ես ներկայացրել եմ, այն տեղադրել եմ իմ անձնական կայքում: Եւ ես՝ որպես պարտաճանաչ հարկատու, վճարել եմ նաեւ բոլոր հարկերը, ներկայացրել եմ պատշաճ փաստաթղթերը: Այդ առումով ինձ համար անհասկանալի են Ֆարմանյանի շարժառիթները, եւ թե դրանով ինչ էր ուզում ասել: Ես չորս տարի չեմ զբաղեցրել որեւէ պաշտոն եւ իմ գույքի առումով միշտ եղել եմ թափանցիկ, ամեն ինչ օրինական է: Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ մրցակիցս նույնիսկ որակյալ լուսանկար ի վիճակի չէ անել. իմ տունը շատ ավելի գեղեցիկ է, քան մրցակցիս կողմից ցուցադրված լուսանկարում:
-Ունենալով ուժեղ մրցակից, որի կողքին իշխանությունն է, ի վերջո, ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Ես լավ քարոզչություն եմ իրականացնում, եղել եմ Նոր Նորքի վարչական շրջանի բոլոր բակերում, ժողովրդի բավականին ակտիվ մասնակցություն կա, իմ քարոզչությանը վերաբերող շատ լուսանկարներ ու ձայնագրություններ կարող եք տեսնել իմ կայքէջում: Այսինքն՝ ես ամեն բան արեցի, որպեսզի փոխեմ մթնոլորտը մեր ընտրատարածքում, որպեսզի դիմագրավեմ օլիգարխի շքեղությամբ քարոզչություն իրականացնող մրցակցիս: Վարչական շրջանի ղեկավարը, մրցակցիս ձեռքից բռնած, նրան տանում էր մանկապարտեզներ եւ դպրոցներ, ուր վարչական ռեսուրսի չարաշահմամբ բերվում էին մանկավարժներ եւ ուսուցիչներ: Նորքի 9-րդ զանգվածում  իմ քարոզչության շրջանակում այցելեցի մրցակցիս բակ, ուր հանդիպումներ ունեցա բազմաթիվ բնակիչների հետ: Կարող եմ նկատել՝ չնայած իմ սուր քննադատությանը՝ որեւէ մեկը չպաշտպանեց նրան, մի բարի խոսք չասաց: Նրան որեւէ մեկը չի ճանաչում, եւ իր ստացած յուրաքանչյուր ձայնի համար նա պարտական է լինելու կուսակից ընկերներին եւ թաղային՝ իրեն պաշտպանելով արդեն իսկ հեղինակազրկված դեմքերին: Դրանց էլ պատրաստվում էր ծառայել: Սակայն իմ ակտիվ քարոզչությունը, ծրագրերի ներկայացումն ու ժողովրդի հետ շփումները վկայում են, որ հաղթելու եմ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս