ԱՅԳԵՇԱՏԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՀԱՅՀՈՅԵ՞Լ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ Արմավիրի մարզի Դաշտ գյուղում թիվ 19 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) «մարդկանց» արգելել են քարոզչական աշխատանքներ կատարել: Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաեւ Հակոբյանը:
«Ես մանրամասն տեղյակ չեմ, թե ինչ է եղել, եւ չեմ պարզել, թե ովքեր են եղել, դրա համար կա իրավապահ համակարգ: Պարզապես իմ քարոզիչները տեղյակ են պահել մարդկանց, որ քվեաթերթիկի առաջին համար եմ: Ես քարոզելու ոչինչ չունեմ»,-ասաց Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ կանայք եղել են 7 հոգի:
«Ժողովուրդ»-ը խոսեց նաեւ տուժող կանանցից մեկի՝ Գայանե Բեգլարյանի հետ, որն ասաց, թե իրենք շատ վախեցած են ու մինչեւ հիմա ուշքի չեն գալիս: «Մենք  7 հարեւան կանանցով գնացել էինք Դաշտ գյուղ եւ պատահած մարդկանց տեղեկացնում էինք, որ Հակոբ Հակոբյանն առաջին համարն է: Ոչ ոքի դուռ չենք ծեծել»,-ասաց տիկին Բեգլարյանը: Նրա պատմելով՝ իրենց մոտեցել է մի մեքենա, որի վարորդը հայհոյել է. «Ահավոր մի տղամարդ էր: Մեքենայի պատուհանը բացեց հայհոյանքներով ու ասեց, թե՝ դո՞ւք եք քարոզում Հակոբ Հակոբյանին, մենք էլ թե՝ հա: Ինքն էլ բղավեց՝ ասելով՝ դե  ճղե՛ք էստեղից, քանի ոտքերներդ չենք ջարդել, էստեղ բոլորը Սեյրան (նկատի ունի գեներալ Սեդրակ Սարոյանին) են ընտրելու»: Տիկին Գայանեն մեզ տեղեկացրեց, որ մի քանի տղաներ փորձել են իրենց ձեռքից վերցնել տեսախցիկը, սակայն դա նրանց չի հաջողվել. «Մի կերպ տաքսի ենք նստել ու դուրս եկել գյուղից: Հետո ոստիկանությունից իմացանք, որ այդ ահավոր տղամարդը Այգեշատի գյուղապետն էր»:
Տեղի ունեցածի առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Այգեշատ համայնքի ղեկավար Ռոբերտ Հովսեփյանի հետ: Հարցին, թե ինչու է հայհոյել կանանց, գյուղապետը պատասխանեց՝ արդարանալով. «Ես ոչ ոքի չեմ հայհոյել, եթե ես հայհոյած լինեի, հետ կդառնայի ու ներողություն կասեի: Իմ կոպիտ բառը եղել է՝ դե մի հատ ճղե՛ք էստեղից: Ես խոտ չեմ ուտում, ինձ ուշադի՛ր լսեք, ես մեքենայից իսկի չեմ էլ իջել: Իմ գյուղից դուրս եկա, որ գնամ Էջմիածին, այդ գյուղով պետք է գնայի ու ճանապարհին տեսա 15 հոգու կանգնած: Ասի՝ դուք ո՞վ եք, հո բան չի՞ եղել, քարո՞զ եք անում: Իրենք էլ, թե՝ չենք քարոզում, մենք ասում ենք, որ Հակոբ Հակոբյանն առաջին համարն է: Ես էլ իրենց ասի՝ կգա ժամանակը, ժողովուրդը կիմանա, թե Հակոբյանը որ համարն է, իսկ դուք այսօր իրավունք չունեք առանց գյուղապետին զգուշացնելու գաք ու քարոզեք: Ես էդ փնթիների հետ ի՞նչ կանգնեմ խոսեմ»:
Մինչդեռ Հակոբյանի կողմնակիցներն ասում են, որ գյուղապետն ասել է, թե «գյուղում բոլորը Սեյրան են ընտրելու»: «Ուրեմն, մեռնեմ ջանիդ, իրականում Սեյրան են ընտրելու: Եթե իրանք Հակոբի ժողովուրդն էին, կարող էին մտնել գյուղապետի մոտ ու զգուշացնել: Իրանք էդ հագուկապով ինձ մոտ տպավորություն ստեղծեցին, որ Եհովայի վկաներ են: Բայց մեջները մի ջահել աղջիկ կար՝ սիրունության տիպար, մնացածը՝ փնթի-փնթի»,-արդարացավ գյուղապետը:
«Իսկ ի՞նչ պատասխան եք տալու ոստիկանությանը». այս հարցին Հովսեփյանը պատասխանեց. «Ես ի՞նչ պիտի անեմ, կարո՞ղ է նստեմ լացեմ… այն էլ ես, որ ոչ մի բան չեմ ասել: Նույնն էլ ասելու եմ ոստիկանությանը: Մենք՝ որպես գյուղապետ, չիմանա՞նք, թե ինչ ագիտացիա են տանում: Ի՞նչ կապ ունի՝ իմ գյուղն է, թե կողքի գյուղը»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ փաստի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են պատրաստվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս