ՌԴ նախագահ Վլադիմիր Պոտինի շրջապատը համերաշխ չէ, ինչը դանդաղեցնում է որոշումների կայացման գործընթացը: Այդ ֆոնին հակառուսաստանյան պատժամիջոցները ճնշում են գործադրում երկրի տնտեսության վրա: Այս մասին Bloomberg գործակալությանը պատմել են Ռուսաստանի նախագահին մոտ կանգնած անձինք:
Ըստ նրանց, Պուտինի շրջապատը բաժանվել է երկու խմբի: Առաջինը, որը գլխավրում է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, անհանգստացած է համաշխարհային տնտեսությունից և ֆինանսական համակարգերից Ռուսաստանի աճող մեկուսացմամբ: Երկրորդը՝ Իգոր Սենչինի գլխավորությամբ, կցանկանար ուժեղացնել պետության վերահսկողությունը տնտեսության վրա: Երկրորդ խմբի մեջ են նաև ՌԴ կառավարության ուժային բլոկի ներկայացուցիչները, այդ թվում և Սերգեյ Իվանովը:
«Վաղեմի հակամարտությունը պուտինյան ճամբարների միջև վերաճել է լիարժեք պատերազմի: Էլիտաները պայքարում են ակտիվների համար, որոնց խտությունը նվազում է», – նշում է Պուտինի նախկին խորհրդական Ստանիսլավ Բելկովսկին:
Կրակի մեջ յուղ լցրեց ԱՖԿ «Սիստեմայի» ղեկավար, գործարար Վլադիմիր Եվտուշենկովի ձերբակալությունը և «Բաշնեֆտը» ազգայնացնելու ձգտումը: ՅՈՒԿՈՍ ընկերության նախկին սեփականատեր Միխաիլ Խոդորկովսկին Եվտուշենկովի ձերբակալությունից հետո հայտարարել էր, որ Եվտուշենկովի դեմ գործը նախաձեռնել էր Սեչինը, որը ցանկանում է գնել «Բաշնեֆտը»: Սեչինի «Ռոսնեֆտ» ընկերությունը ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին զգալիորեն նվազեցրել է նավթի արդյունահանումը: Այն իր ղեկավարի հետ մեկտեղ հայտնվել է արևմուտքի պատժամիջոցների ցանկում և պետության կողմից ֆինանսական օգնության կարիք ունի:
Իսկ Եվտուշենկովը, լավատեղյակ անձանց խոսքով, պատկանում է Մեդվեդևի շուրջը համախմբված անձանց խմբին: Բելկովսկին համոզված է, որ «Եվտուշենկովի համար մարտը» Մեդվեդևը տանուլ կտա, և «Բաշնեֆտը» կկրկնի ՅՈՒԿՈՍ-ի ճակատագիրը:
Հակամարտության պատճառով Եվտուշենկովը զրկվել է իր ունեցվածքից: Bloomberg Billionaires Index-ի տվյալներով, տարեսկզբից գործարարի կարողությունը նվազել է 70% -ով՝ կազմելով 2,9 մլրդ դոլար:
Ինչպես պնդում է Ռուսաստանի ազգային ակադեմիայի սոցիոլոգ Օլգա Կրիշտանովսկայան, Ռուսաստանում սրվում է պայքարը պետական ընկերությունների և մասնավոր բիզնեսի միջև: «Ռեսուրսների դեֆիցիտ կա: Ընկերություններին անհրաժեշտ են ռեսուրսներ, իսկ Պուտինին՝ նվիրվածություն և վերահսկելու հնարավորություն», – գտնում է նա:
Ավելի վաղ պուտինյան շրջապատը բաժանվել էր Ուկրաինայի հարցի հետ կապված: Այժմ նրանք սպասում են, թե ինչով է ավարտվելու Եվտուշենկովի գործը և ով է լինելու նրա հաջորդը: