Սյունիքի մարզի Ալվանք գյուղի 24-ամյա բնակիչ, պայմանագրային զինառայող Վրեժ Բեգլարյանը սեպտեմբերի 27-ին, Գորիսի առաջին ատյանի դատարանի վճռով, դատապարտվեց ազատազրկման` 3 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:
Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Վրեժ Բեգլարյաին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով թիվ N զորամասի զինծառայող, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով անչափահաս Լիլիթ Կարապետյանի հետ` ուրիշ տղամարդու հետ իրենից գաղտնի շփվելու համար վերջինիս խոշտանգել է:
Ամուսինը կնոջը պարբերաբար հարվածներ է հասցրել, ապա, զրկելով շարժվելու հնարավորությունից, նրա կամքին հակառակ՝ կտրել գլխի մազերը: Հետագայում պարզվել է, որ անչափահաս կինը նույն շարժառիթով ամուսնու կողմից պարբերաբար ծեծի է ենթարկվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 119 հոդվածի 2 մասի 3 կետով (անչափահասի նկատմամբ խոշտանգում) և 118 հոդվածի (ծեծ) հատկանիշներով:
Դատաքննությամբ ապացուցվել է, որ մեղսագրվող արարքները մեղադրյալն իսկապես կատարել է, վերջինս ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքները և զղջացել արածի համար:
Ավելի ուշ ամուսինները հայտնել են, որ հաշտվել են, պարտք ու պահանջ չունեն: