ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԶԲԱՂՎԱԾ ԵՆ
ՀՀ Ազգային Ժողովի մայիսի 2-ի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: ԱԺ մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնել են, որ ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս քվորում չի ապահովվել: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նիստը հայտարարել է չկայացած:

ՎԵՐՋԻՆԸ ԿԼԻՆԵՆ
Եթե  Հայ ազգային կոնգրեսը՝ որպես քաղաքական կառույց, շարունակի պայքարը նախագահական ընտրություններում եւ պայքարի հատկապես «երկրում սահմանադրական կարգը հաստատելու համար», ապա «Հանրապետություն» կուսակցությունը կլինի վերջինը, որ կթողնի Կոնգրեսը: Այս մասին Tert.am-ին ասել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը` արձագանքելով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած այն տեղեկությանը, թե «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը որոշել է ոչ միայն խորհրդարան անցնելու դեպքում հրաժարվել պատգամավորական մանդատից, այլեւ ընտրություններից հետո դուրս գալ նաեւ ՀԱԿ-ից: Միեւնույն ժամանակ Աբրահամյանը հաստատել է Արամ Սարգսյանի` մանդատը վայր դնելու տեղեկությունը:

ՓԱՍՏՈՐԵՆ` ՀՀԿ-ԻՆ
«Հեղինակությունը եւ վստահությունը, որին հաջողվել է հասնել անցած տարիներին, ես երբեք չեմ կորցնի: Ես կարող եմ տուժել, կարող եմ շատ բան կորցնել, բայց ոչ երբեք ժողովրդի վստահությունը եւ հավատը»,-հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Իսկ հարցին, թե ում նկատի ունի, երբ կոչ է անում ճնշումների չենթարկվել ընտրությունների ժամանակ, պատասխանել է. «Մարզպետերին, քաղաքապետերին, պաշտոնյաներին: Նրանց է դա վերաբերվում, նրանց, ովքեր պաշտոնում մնալու համար ժողովրդին ստիպում են ձայնը տալ իրենց»:

ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒ
Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվել է երրորդ թեկնածուն, որը Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն 50-ամյա Արկադի Իվանի Սողոմոնյանն է:

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Regnum-ի տեղեկացմամբ՝  ամերիկյան հայտնի Bloomberg գործակալությունը հրապարակել է  մոլորակի առավել «արատավոր ժողովուրդների» վարկանիշային ցուցակը, որում Հայաստանը զբաղեցրել է 4-րդ տեղը: Դասակարգումն արված է ըստ այդ երկրի քաղաքացիների` օրինական եւ ապօրինի թմրանյութերի, ազարտային խաղերի եւ ալկոհոլի նկատմամբ ունեցած հակվածության: Եւ այս խայտառակ ցուցակում Հայաստանը գրավել է 4-րդ տեղը` հավաքելով «արատավորության» 57,53 միավոր: Իսկ «արատավորների» առաջին եռյակը գլխավորում է Չեխիան (68. 94 միավորով), որին հաջորդում  է Սլովենիան (62,50), ապա` Ավստրալիան (57.84): Որքան էլ զավեշտալի է, Ռուսաստանն այս ցուցակում գրավել է ընդամենը 20-րդ տեղը:  Իսկ Չեխիային առաջին տեղն ապահովել է ալկոհոլի եւ «էքստազի» հաբի համատարած օգտագործումը: Regnum գործակալության ներկայացրած տեղեկատվության մեջ, սակայն, նշված չէ, թե կոնկրետ որ «արատն» է դարձել Հայաստանի` նման վարկանիշի պատճառը: Մեր կողմից կարող ենք ենթադրել, որ Bloomberg-ի փորձագետները հավանաբար իրենց հարցումները կատարելիս շփվել են բացառապես Հայաստանի իշխող էլիտարիատի ներկայացուցիչների հետ: Ամեն դեպքում, սա խայտառակություն է:

ԱԱԾ-Ն ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը դրական է պատասխանել 6 կուսակցությունների դիմումին` անհրաժեշտության դեպքում տրամադրել ընտրություններին մասնակցած այս կամ այն անձի տվյալները: ՀՀԿ շտաբի պետի տեղակալ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը NEWS.am-ին հայտնել է, որ ԱԱԾ-ն ուսումնասիրում է տվյալները տրամադրելու տեխնիկական հնարավորությունները, եւ արդեն այսօր կտրվի վերջնական պատասխանը:




Լրահոս