ՊԱՅԾԱՌԱՏԵՍ. ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիները զբաղված են կանխատեսումներով. ի՞նչ կլինի մայիսի 6-ի ընտրությունների օրը, քաղաքական ո՞ր ուժերը կանցնեն խորհրդարան: «Ժողովուրդ»-ն այցելեց պայծառատես Գագիկ Մելքումյանին եւ փորձեց «մասնագետի» կարծիք իմանալ. ի՞նչ կլինի Հայաստանի վիճակն այս տարվա խորհրդարանական ընտրություններից հետո: Պետք է նշել, որ անգամ պայծառատեսը դրական որեւէ զարգացում չի տեսնում մեր երկրի համար, քանի դեռ այս իշխանություններն են «թագավորում»:
Սկզբում նախ հետաքրքրվեցինք, թե ինչպես է Մելքումյանը կարողանում գուշակություններ անել. «Ես ի ծնե ունեմ այդ շնորհը, իմ կյանքում մի քանի պահեր եղան, որոնք ինձ օգնեցին հասկանալ, որ ես իսկապես ունեմ այդ շնորհը: Սակայն ժամանակ էր պետք դրա համար: Ու սկսեցի զբաղվել միայն Աստծուն ճանաչելուց հետո»: Մեր զրուցակիցն ասաց, որ ապագա չի գուշակում, որովհետեւ կարծում է, որ անզոր է դրանում:
«Ես գովազդվել չեմ սիրում, որովհետեւ սկսնակ չեմ: Ես պայծառատես եմ, տեսնում եմ, զգում եւ նախազգուշացնում եմ: Իմ այցելուների թիվը միշտ ավելանում է»,-ներկայացրեց նա: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե նրա այցելուների մեջ կան քաղաքական գործիչներ. «Այո՛, իհարկե այցելում են»: Արդյո՞ք նրանց տանջում են քաղաքական իրավիճակն ու իրենց ապագան: «Ո՛չ, դիմում են ավելի շատ ընտանեկան հարցերով: Երբեմն լինում է նաեւ, որ գործնական խնդիրներ են ունենում»,-ներկայացրեց պայծառատեսը` ավելացնելով, որ գաղտնիությունը պահելու խոստում է տվել եւ հիմա ոչինչ չի կարող հրապարակել:  
Նրա կանխատեսմամբ՝ այս ընտրությունները որոշ առումով կտարբերվեն մյուսներից, «տուրուդմփոցներ» եւս կլինեն: «Բայց պետք չէ սարսափել»,-հուսադրեց մեր զրուցակիցը:
«Ձեր կանխատեսմամբ՝ մայիսի 6-ին ո՞ր ուժերը կհայտնվեն խորհրդարանում»,-հարցրինք: «ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը: Իսկ ՕԵԿ-ը մի կերպ կանցնի: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա նրա հարցը հարցականի տակ է` կա՛մ կանցնի, կա՛մ ոչ: Եթե չլինեն խախտումներ, որը որ անխուսափելի է, ապա ՀԱԿ-ը կանցնի»,-կանխատեսեց նա` դժվարանալով ասել, թե ինչ կլինի Դեմոկրատական, «Միավորված հայեր» եւ Կոմունիստական կուսակցությունների հետ: «Իրենց համար չեմ կարող ինչ-որ բան ասել, չգիտեմ»,-ուսերը թոթվելով՝ ասաց պայծառատեսը:
 Ինչպիսի՞ մարդիկ են կուսակցությունների ղեկավարները, կփոխվե՞ն նրանք այս ընտրություններից հետո: «Նրանք տարբեր տիպի մարդիկ են, սակայն անուշադիր են եւ աննրբանկատ իրենց ժողովրդի հանդեպ: Նրանք կմնան նույնը, այդ պատճառով էլ մի օր կպատժվեն»,-վստահեցրեց պայծառատեսը` նկատելով, որ եթե այսօր միջոցներ չձեռնարկվեն, ապա ավելի ու ավելի կվատանա Հայաստանի եւ հայերի վիճակը: Նրա համոզմամբ՝ ընտրություններից հետո ոչինչ չի փոխվի, եւ ընտրությունները ոչինչ չեն փոխի մեր երկրում:
Եւ այս իրավիճակը լավ հասկանալով՝ պայծառատեսը որոշել է չմասնակցել ընտրություններին. «Ես չեմ ընտրելու ոչ ոքի, որովհետեւ չեմ հավատում նրանց: Եթե գնամ, ապա միայն ինձ եմ ընտրելու»:
Զրույցի ավարտին նա ավելի անկեղծացավ` դժգոհելով. «Ես, լինելով երրորդ կարգի հաշմանդամ, պետությունից ոչ մի բժշկական օգնություն չեմ ստանում: Օտար երկրներում մեր նկատմամբ ավելի ուշադիր են, քան այստեղ»:
Հ.Գ. Առիթից օգտվելով՝ պայծառատեսից հետաքրքրվեցինք, թե ինչ է սպասվում «Ժողովուրդ» օրաթերթին: «Զարգացումներ կունենա եւ կհաղթահարի իր առջեւ ծառացած բոլոր դժվարությունները»,-կանխատեսեց Մելքումյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս