Արմավիրի մարզի Շենավան համայնքի ղեկավար Արթուր Մկրտչյանը, Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր լրատվամիջոցներում տարածված լուրերին, թե ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով՝ կրակոցներ է արձակել, վստահեցրեց, որ դրանք սուտ լուրեր են:
Գյուղապետի խոսքերով՝ ինքն այդ օրը պարզապես որոշել էր որսի գնալ, և իր անձնական որսորդական հրացանից 8 փամփուշտ է արձակել: Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչու են ոստիկանությունից նրան ստորագրությամբ ազատ արձակել, գյուղապետը զարմացած պատասխանեց:
«Սուտ լուրեր տարածելու պատասխանն ո՞վ պիտի տա: Բայց ի՞նչ ստորագրությամբ ազատ արձակվել: Իմ որսորդական հրացանով որսի դուրս գալուց առաջ անսպասելի 8 պատրոն կրակում է: Հրացանն արգելափակվել էր: Էդ ժամանակ իմ փոքր էրեխեքը կողքս կանգնած են եղել: Ինչ-որ մեկն էլ զանգել է ոստիկանություն, ամբողջ ժողովուրդին խառնել իրար»,- հայտնեց Արթուր Մկրտչյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ է ներկայացել ոստիկանություն, իսկ ավելի ուշ ցուցմունք են տվել նաև իր հարևանները, ովքեր հերքել են տարածված լուրերը:
Գյուղապետի փոխանցմամբ՝ ոստիկանությունում քննություն է անցկացվել, և պարզվել է, որ ինքն ալկոհոլի ազդեցության տակ չի եղել:
Նշենք, որ այսօր NEWS.am-ը հաղորդել էր, որ Արմավիրի մարզի Շենավանի գյուղապետը հոկտեմբերի 4-ին բերման է ենթարկվել ոստիկանություն: Լրատվականի տեղեկություններով՝ գյուղապետ Արթուր Մկրտչյանը ոչ սթափ վիճակում վիճել է համագյուղացու հետ, ապա իր որսորդական հրացանից կրակոցներ արձակել: Նա հրացանը պահել է իր հակառակորդի վրա և սպառնացել կրակել, սակայն կրակոցները, բարեբախտաբար, արձակել է այլ ուղղությամբ, և տուժողներ չեն եղել: