ՇՂԹԱՅԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարոյական եւ նյութական վնաս կրած կինը արդեն քանի տարի է՝ դատական գործընթացների մեջ է: Տեղական, մարզային, կառավարական կառույցներում մերժված   քաղաքացուհին դիմել է «Ժողովուրդ» օրաթերթին:
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Տերյան 7 շենքի 25 բնակարանի բնակչուհի Նազիկ Ղազինյանը տարբեր պետական մակարդակներում փորձում է պաշտպանել իր իրավունքները, վերականգնել իրեն հասցված բարոյական եւ նյութական վնասը:  Սակայն, ինչպես ասում են, «ձայն բարբառոյ յանապատի»: Ցանկության դեպքում այս հարցը կարելի էր լուծել բարիդրացիական հարաբերությունների, իսկ ծայրահեղ դեպքում մեկ դատական նիստի  շրջանակներում:
Ն. Ղազինյանի տեղեկացմամբ՝ ինքը սոցիալական դրդապատճառներով տեղափոխվել է մայրաքաղաք: Հարեւաններից ահազանգ ստանալով՝  գնացել է Նոյեմբերյան եւ  նշված հասցեի իր բնակարանը գտել ջրածածկ վիճակում: Պարզվել է, որ նույն շենքի բնակիչներ  Արարատ Մալխասյանի եւ Սարգիս Բաբաջանյանի կողմից տանիքում տեղադրվել են ալեհավաքներ: Իսկ մինչ այդ, 2008թ-ին նույն Ա. Մալխասյանը Ղազարյանի բնակարանի անմիջապես վերեւում տեղադրել է պոլիէթիլենային ջրի բաք` վնասելով  շենքի  տանիքը: Բնակարան ներհոսած ջրերից վնասվել է Ն. Ղազինյանի բնակարանը: Կինը դիմել է  Մալխասյանին եւ Բաբաջանյանին`  տանիքի իրենց ավիրած հատվածը վերանորոգելու  խնդրանքով: Ի պատասխան իր խնդրանքի՝ կինը լսել է հայհոյանքների շարան:  Խնդրին լուծում տալու նպատակով  2007թ. սկսած՝ դիմել է Նոյեմբերյանի քաղաքապետարան, ոստիկանության Նոյեմբերյանի ՆԳ բաժին, Տավուշի մարզպետարան, Մարդու իրավունքների գրասենյակ, անգամ ՀՀ վարչապետին եւ ՀՀ նախագահին, ինչից հետո էլ սկսվել է պետական այրերի` «իրար պաս տալու գործընթացը»: Տիկնոջ դիմումները հետադարձ հաջորդականությամբ վերադարձել են Նոյեմբերյանի քաղաքապետարան, որտեղից  վստահեցրել են, որ պարտավորվում են միջոցների առկայության դեպքում առաջնահերթ վերանորոգել տանիքածածկը: Սակայն «սայլը տեղից չի շարժվել»:  
Բնակարանի օրեցօր  վատթարացող վիճակը ստիպել է Նազիկ Ղազինյանին կրկին  դիմել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղից դիմողին բացատրել են, որ խնդիրն ունի քաղաքացիաիրավական բնույթ, եւ նա կարող է դիմել դատարան: Ելնելով դրանից` Ն. Ղազինյանը դիմել է դատարան, որպեսզի քրեական գործ հարուցվի իրեն վնաս հասցրած քաղաքացիների նկատմամբ: Նախաքննության ընթացքում Ա. Մալխասյանը եւ Ս. Բաբաջանյանը  հայտնել են, որ իրենք  Ղազինյանին վնասելու դիտավորություն չեն ունեցել, իսկ տանիքը չեն վնասել: Դատարանն էլ որոշել է նշանակել դատաապրանքագիտական եւ   դատաշինարարատեխնիկական համալիր փորձաքննություն: ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մասնագետներ Հ. Դեմիրճյանի եւ Ռ. Համբարձումյանի   ակնադիտական ուսումնասիրությունից պարզվել է, որ տանիքածածկի վրա քայլելու  հետեւանքով ազբոհերձաքարային թերթերը վնասվել են: Նաեւ ապօրինաբար կտրվել է 15 սմ տրամագծով հեծանը` ալեհավաքի տեղադրման համար: Ըստ մասնագետների՝ անմիջապես տանիքային բետոնե սալի վրա դրվել է ջրի բաք, որի տեղադրման համար անհրաժեշտ է առնվազն հանել մի քանի թիթեղ կավարամածի տախտակների հետ միասին՝ իրենց հենասյուներով, ինչը ուշ վերականգնելու պարագայում նույնպես կարող է բաց ծածկից բնակարան ջրի ներհոսքի պատճառ դառնալ:
 Իսկ ներբնակարանային զննությունը ցույց է տվել, որ վնասվել են հատակը, պատերը, անկողինը: Մի խոսքով, 2011թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին կատարված փորձաքննությամբ պարզվել է, որ վնասի չափը միջինացված շուկայական գներով ընդհանուր առմամբ կազմել է  664.700 դրամ նախկին 30.030-ի դիմաց: Այսինքն, եթե Նոյեմբերյանի քաղաքապետարանում ժամանակին հետեւողականություն եւ անկողմնակալություն դրսեւորեին, հարցը ոչ միայն կլուծվեր, այլեւ վնասը նման զգալի չափերի չէր հասնի: Էլ չենք խոսում քաղաքացուն բարոյական աջակցություն ցուցաբերելու մասին: Սակայն արի ու տես, որ քաղաքապետարանում ոչ միայն օբյեկտիվ վերաբերմունք չեն ցուցաբերել, այլեւ «երկերեսանիություն են արել»: Վերադաս կառույցներին հաշվետվություն են ներկայացրել, թե իբր խնդրի առաջնահերթ լուծման նպատակով լուրջ աշխատանքներ են տանում:  Իսկ  դատական  նիստի ընթացքում հայտարարել են, որ «չնայած ավագանու նիստում հաստատվել է, որ Ղազինյանին վնաս է հասցվել շենքի բնակիչների կողմից ալեհավաք տեղադրելու պատճառով», սակայն ոչնչով օգնել չեն կարող, քանի որ «բնակարանը սեփականաշնորհված է, եւ քաղաքապետարանը պատասխանատվություն չի կրում  տվյալ խնդրի համար: Հարցը պիտի լուծվի  շենքի բնակիչների նախաձեռնությամբ»:  
 Զավեշտալի է, որ դատական նիստում (դատավոր՝ Ա. Կուրեխյան) Ն. Ղազինյանի բնակարանին հասցված  վնասը փոխհատուցելու պահանջը մերժվել է: Ավելին, հայցվորից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 18.974 դրամ՝ որպես պետական տուրքի գումար,  եւս 45.000 դրամ` «Փորձագիտական կենտրոն»  ՊՈԱԿ-ի կատարած փորձաքննության դիմաց:   Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նույնպես մերժել են  Ն. Ղազինյանի հայտարարությունը  քրեական գործի հարուցման վերաբերյալ՝ հանցադեպի բացակայության պատճառով՝ մասնավորապես պատճառաբանելով, որ փորձագետների  եզրակացության  մեջ  «առանձին  նշված չէ, թե ում կողմից  եւ  ովքեր են վնաս  հասցնողները»:
 Մինչ պաշտոնական եւ ոչ պաշտոնական անձինք զբաղված են ընտրական խոստումներ շռայլելով, անձրեւն առատությամբ հոսում է` շարունակելով վնասել քաղաքացու անձնական գույքը: Ի դեպ, հարկ է նշել, որ հարեւանի գույքը վնասած Սարգիս Բաբաջանյանի որդին՝ Վարուժան Բաբաջանյանը, թիվ 40 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու է:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս