ՎԿԱՆ ՍՏՈ՞ՒՄ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 2-ին Իջեւանում՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, շարունակվեց  լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը: Այն նշանակված էր ժամը 14-ին, սակայն այդ ժամին ամբաստանյալ զինծառայողները դատարան չէին բերվել: Դատավոր  Սամվել Մարդանյանը հայտարարեց, որ ամբաստանյալներին Երեւանից Իջեւան բերող ոստիկանության ուղեկցող ջոկի անդամները հեռախոսով հայտնել են, որ արդեն Դիլիջան են հասել, եւ  նիստը հետաձգեց կես ժամով, քանի որ դա բավարար էր Դիլիջանից Իջեւան հասնելու համար: Սակայն կես ժամ հետո էլ ամբաստանյալները դատարան չէին բերվել: Դատը նորից հետաձգվեց եւ վերսկսվեց միայն 15.30-ին: Ուեղկցող ջոկի ոստիկանները դատարանում հայտնեցին, որ իրենց մեքենան արգելակների խնդիր է ունեցել, այդ պատճառով են ուշացել: Արտակ Նազարյանի մորաքույր Գայանե Հովհաննիսյանը դատարանում այս առթիվ հայտարարեց. «Եթե պետությունը չի հարգում դատավարության մասնակիցներին, գոնե դատարանին հարգի»:
Մայիսի 2-ի նիստում վկայություն տվեց նախկին զինծառայող Հայկ Նազարյանը: Նա  հարցերի մեծ մասի դեպքում կրկնում էր` «չեմ հիշում»: Այս առթիվ ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը վկային ասաց, որ նա այդ պահվածքով մտավոր հետամնացի տպավորություն է թողնում, մինչդեռ իրականում առողջ մարդ է: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենք անհերքելի ապացույցներ ունեն, որ վկան դատարանում ստում է, եւ որ ինքը միջնորդելու է կեղծ ցուցմունքի համար նրա նկատմամբ քրեական գործ հարուցել: Հարցերին պատասխանելով՝ Հայկ Նազարյանն ասաց, որ իրենց զորամասում զինծառայողների եւ Արտակ Նազարյանի միջեւ նորմալ հարաբերություններ են եղել, որ Արտակ Նազարյանը հոգեպես ընկճված չէր:
Նշենք, որ վկան 10 օր պահվել է Բերդի ռազմական ոստիկանությունում, իր խոսքերով` բազում անգամ հարցաքննվել է, սակայն քրեական գործում միայն մի հարցաքննության արձանագրություն է առկա: Վկան ասաց նաեւ, որ այդ ժամանակ  չի մտածել փաստաբան ունենալու մասին: Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 15-ին: Դատավոր Սամվել Մարդանյանը հայտարարեց, որ ինքը որոշում է կայացնելու գործով վկա Արթուր Մկրտչյանին բերման ենթարկելու մասին, իսկ վկա Արման Մնացականյանին նիստին մասնակցելու ծանուցագիր կուղարկվի: Արման Մնացականյանը դատարանում նախկինում հարցաքննվել է, սակայն նրա  հարցաքննությունը կիսատ է մնացել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս