
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, արդեն 5 ամիս է՝ գտնվում է հետախուզման մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Նուբարաշենում դանակահարվել է 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը, ինչում կասկածվում է Սեդրակ Օսիպյանը: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Դանակահարության մեջ հիմնական կասկածյալը մինչ այս պահը եղել է Սեդրակ Օսիպյանը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Ս. Օսիպյանի պաշտպանը՝ Կրոմվել Գրիգորյանը, Armlur.am-ին վստահեցրեց, որ լուրերը, թե իր պաշտպանյալը Հայաստանում չէ, իրականությանը չեն համապատասխանում:
Հարցին, թե երբ է Սեդրակ Օսիպյանը ներկայանալու ոստիկանություն, պաշտպանը պատասխանեց. «Քննչական որոշակի գործողությունների ավարտից հետո նա կներկայանա իրավապահ մարմիններին»:
Նշենք, որ դատարանն ավելի վաղ բավարարել էր Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորում նշանակելու մասին մեղադրողի միջնորդությունը: