Այս օրերին Սյունիքի մարզի տարբեր գյուղապետերի, դպրոցի տնօրենների եւ այլ մանկլավնիկների միջոցով փորձ է արվում հանրությանը համոզել, թե Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը սյունեցիները ոչ միայն դեմ չեն, այլեւ նրան համարում են անփոխարինելի մարզպետ: Բնականաբար` նման հայտարարությունների հեղինակներն այդ ամենն ասում են «ոչ լավ կյանքից»` հոգու խորքում հստակ գիտակցելով, որ այդպիսով արժանանում են իրենց շրջապատի քամահրանքին, որն, ի դեպ,նույնպես պահվում է վերջիններիս հոգու խորքում: Սակայն այդ համատարած մեղավորության, անհարմարության զգացումը, որքան էլ որ պնդեն հակառակը, դժվար է անտեսել եւ շրջանցել:
Եվ դա գիտակցում են բոլորը, այդ թվում եւ ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, որը կարծես թե որոշել է իր գործունեությամբ ցույց տալ, որ իրականում ինքն իրոք վատ մարզպետ չէ եւ մտածում է սյունեցիների մասին` այդպիսով նաեւ «թեւ տալով» այս օրերին իրեն գովաբանողներին: Երեկ, օրինակ, նա հացի արտադրությամբ զբաղվող գործարարների հետ անցկացրած խորհրդակցության արդյունքում հասել է այն բանին, որ հացի 500 գրամի դեպքում 240 դրամ հարաբերակցությունը փոխվել է` դառնալով 600 գրամ հացի դիմաց` 240 դրամ: Ասել է թե` «անփոխարինելի» մարզպետի ջանքերով այսօրվանից սյունեցիները նույն գումարով ավելի շատ հաց կգնեն:
Իհարկե, ամենեւին չցանկանալով անգամ Լիսկայի նման մեկի դրական քայլերը քննադատել, նշենք, որ մենք միայն ուրախ կլինենք, որ հաջորդիվ` Սուրեն Խաչատրյանը ջանքեր գործադրի նաեւ այլ հարցերում մարզի բնակիչների սոցիալական վիճակը թեթեւացնելու ուղղությամբ: Ի վերջո, արդեն իսկ դրական է այն, որ նա գիտակցում է, որ Սերժ Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի «սիրտը շահելուց» առավել կարեւոր է սեփական ժողովրդի ատելությունը գոնե փոքր-ինչ մեղմելը: Այլ հարց է, թե դա որքան կտեւի, եւ արդյո՞ք փոքր-ինչ ռեաբիլիտացվելուց հետո Սուրեն Խաչատրյանն իրեն է՛լ ավելի ամենաթող չի զգա:
Ընդ որում, նկատենք, որ արդեն իսկ հացի արտադրությամբ զբաղվող գործարարների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, ժողովրդի համար դրական լինելով հանդերձ, որոշակիորեն վկայում է այն մասին, որ Ս. Խաչատրյանը «հորդորել է» գործարարներին` գնալ գնի իջեցման` իրեն լավ հայտնի ճանապարհներով:
Մյուս կողմից էլ դեռ հարց է` արդյո՞ք «բարի մարզպետի» այս քայլը պայմանավորված է զուտ սեփական անձի նկատմամբ սյունեցիների վերաբերմունքը դույզն-ինչ փոխելու ցանկությամբ, թե՞ առաջիկա համապետական ընտրություններում` սահմանադրական հնարավոր հանրաքվեի եւ հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ ցանկալի քվեները հնարավորինս մեղմ եւ քիչ կեղծիքներով ստանալու նպատակով: Ի վերջո, չմոռանանք, որ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը խայտառակ պարտություն կրեց Կապանում, ուստի ակնհայտ է, որ Սյունիքում հիմա հարկ է գործի դնել ոչ միայն ճիպոտը, այլեւ կարկանդակը: