Ֆրանսիայի հետախուզության նախկին աշխատակիցը Սիրիայում անցել է ծայրահեղական իսլամիստների կողմը: Այդ մասին տեղեկացրել է ամերիկյան «Մակլատչի» հրատարակչային խումբը: Տեղեկատվությունը ստացվել է անանուն պաշտոնական անձանցից:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ֆրանսիական հատուկ ծառայությունների ներկայացուցիչն այն նշանակետերից մեկն էր, որին ուղղված էին Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կողմից «Տոմագավկ» հրթիռներով հասցված հարվածները:
Փարիզի դաշնակիցներին հայտնի չէ՝ արդյոք ֆրանսիացին ի սկզբանե կապված է եղել
ահաբեկիչների հետ, թե հետո է ծայրահեղական հայացքներ ձեռք բերել: Ֆրանսիական հետախուզությունը չի կիսում նրանց հետ իր ունեցած տեղեկությունները:
Հրապարակման հեղինակները ֆրանսիացուն անվանում են «ամենաբարձրաստիճան աշխատակիցը, ով երբևէ անցել է ահաբեկչական խմբավորման կողմը»:
Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է ռազմական հետախուզության աշխատակցի՝ իսլամիստների կողմն անցնելու փաստը: Երկրի արտգործնախարարությունը հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել տեղեկությունը: