Սեպտեմբերի 20-ին Վարդենիս-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած միջադեպի գործով անցնող Մարտին Հակոբյանին ՀՀ քննչական կոմիտեի կողմից նոր մեղադրանք է առաջադրվել. այս մասին armlur.am-ին հայտնեցին կոմիտեի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ նշված օրը Վարդենիսի բնակիչներ Մարտին Հակոբյանը, Հրանտ Շաբոյանը և Զոհրաբ Կարապետյանը վիճաբանել էին Ծովակ գյուղի բնակիչ Գագիկ Սարգսյանի և նրա որդու՝ Մանուկ Սարգսյանի հետ: Ավելի ուշ Գագիկը սարսափելի ծեծված վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը:
Հրանտ Շաբոյանին և Զոհրաբ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար, պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով): Իսկ, ահա, Մարտին Հակոբյանը այս գործով ներգրավված էր որպես կասկածյալ:
armlur.am -ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնեց, որ Մարտին Հակոբյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր. 258 3-րդ մաս 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն:
Ըստ Ս. Տռուզյանի՝ քննիչը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա՝ ստորագրությամբ ազատ արձակելու որոշումը փոխարինել կալանքով: