Հայտնաբերված հիվանդությունները կխանգարե՞ն Հ. Ինջիղուլյանին ծառայել բանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան մեկ տարի Ադրբեջանում գերության մեջ գտնված և հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Հայաստան վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի՝  հայկական բանակում ծառայությունը շարունակելու հարցը դեռևս անորոշ է:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նյարդաբանության կլինիկայի վարիչ Գուրգեն Հովհաննիսյանը, օրերս բուժհետազոտություն անցած Ինջիղուլյանի մոտ հայտնաբերվել են առողջական խնդիրներ` կապված հիմնականում նյարդային համակարգի, ինչպես նաև՝ տեսողության, թոքերի և շնչառության հետ:

Հակոբի եղբայրը՝ Հարությունը, Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ բժիշկն իրենց հայտնել է, որ հայտնաբերված հիվանդությունները կյանքի համար վտանգավոր չեն: «Նա իրեն լավ է զգում: Լուրջ խնդիրներ չկան: Հիմնականում հոգեպես է շատ ճնշված»,- հավելեց Հարություն Ինջիղուլյանը:

Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ Armlur.am-ին հայտնել էր, որ հետազոտության արդյունքների վերջնական տեսքից հետո միայն պարզ կլինի՝ Հակոբ Ինջիղուլյանը կարող է շարունակել ծառայությունը, թե՝ ոչ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայրենադարձված ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ իր հաշիվներն ունի և անպայման պետք է շարունակի ծառությունը՝ լրացնելով մնացած 9 ամիսները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ավելի քան 1 տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած և երրորդ երկիր տեղափոխված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է Հայաստան: Նրան օդանավակայանում դիմավորել են հարազատները: Շարքային զինծառայողը նախորդ տարվա օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հայտնվել էր հակառակորդի հետ սահմանից այն կողմ, իսկ այս տարվա օգոստոսի 26-ին նրան Բաքվից տեղափոխել էին Ժնև, որտեղից էլ՝ երրորդ երկիր (այն գաղտնի էր պահվում):




Լրահոս