ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄՈՒՐԱԴԸ ԲՌՆԵՑ ՈՒ ԿԱՏԱՂԵՑ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարկացել է: Երեկ նա ԱԺ-ում իրեն ոչ բնորոշ կոշտ հայտարարություններ է արել, ինչից կարելի է ենթադրել, որ իսկապես իշխող ՀՀԿ-ի ներսում վիճակն այնքան էլ լավ չէ: «Հրավիրում ենք, զանգ ենք տալիս ԱԺ նախագահին, առաջարկում ենք, որ ֆրակցիաների հետ հանդիպենք, մեր փաթեթը ներկայացնենք մինչեւ ԱԺ բերելը… ԱԺ նախագահն ասում է, որ իրենք ցանկություն չունեն: Բա ձեր ցանկությունն ի՞նչ է, ի՞նչ եք դուք ուզում, որ այս երկրում իշխանափոխությո՞ւն լինի, հեղափոխությո՞ւն լինի: Ի՞նչ եք ուզում: Ի՞նչ, երկրորդ Մարտի 1 եք ուզո՞ւմ այս երկրում ունենալ… Հիմա էդ ոճը` պահանջատիրական, փողոցով մեզ ահաբեկել… Միտինգ անելով, դժգոհներ հավաքելով` երկրի հարց չի լուծվում: Խոսքս նաեւ ուղղում եմ քառյակին` ի՞նչ եք դուք ուզում»,- հարցադրել է ՀՀ վարչապետը՝ ըստ էության սպառնալով, որ սպասվելիք զանգվածային ակցիաների ժամանակ հնարավոր է՝ էլի զենք կիրառվի ՀՀ քաղաքացիների դեմ, եթե եռյակը գնա սրացման:
Մեր երկրում առկա անկայուն վիճակի մասին են խոսում նաեւ Աբրահամյանի «կատաղած» մյուս խոսքերը՝ ուղղված ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին. «Կոռեկտ չեմ համարում, որ պատգամավորները գնում են միտինգների, հայհոյում են այս կամ այն քաղաքացուն, կամ երկրի ղեկավարին կամ վարչապետին: Հարկավոր է նման լկտի պատգամավորներին կարգի հրավիրել: Ուզում եմ բոլոր պատգամավորներին հրավիրել չափի մեջ, կոռեկտության մեջ, իրենց պահվածքով նաեւ հարգել գործադիր մարմնին: Եթե չէ` մենք բազմաթիվ ձեւաչափերում կարող ենք լուրջ օպոնենտ հանդիսանալ նման մարդկանց նաեւ անձնական կյանքում»: Ասել է թե՝ վարչապետը նախազգուշացնում է, որ կմտնեն իրենց համար անցանկալի մարդկանց անձնական կյանք, ինչը անասելի տհաճ եւ վտանգավոր միտում է:

 

 
ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը անցել է խնայողության ռեժիմի: «Ժողովուրդ»-ին ՀՀ Կառավարությունից լուրեր հասան, որ նա բյուջետային մեծ ծախսերից խուսափելու նպատակով առաջարկել է միավորել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ու առողջապահության նախարարությունը: Ինչպես նաեւ՝ ՀՀ մշակույթի նախարարությունը միացնել ՀՀ սփյուռքի նախարարությանը: Այս քայլով ՀՀ ֆինանսների «սուպերնախարարը» ցանկանում է կրճատել ծախսերը՝ ըստ էության արտագաղթի համար նոր խթան ապահովելով: Պատկերացրեք, թե այս նախարարությունների միավորման հետեւանքով քանի հարյուր աշխատակիցներ գործազուրկ կմնան: ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, երբ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչ գիտի այս մասին, ասաց, թե տեղյակ չէ եւ չի ցանկանում կանխատեսում անել իր եւ նախարարության ապագայի վերաբերյալ:

 

 
ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանը հիմնավորումներ ունի, որ Դուք ձեր առանձնատան վերեւի հարկից կանչել եք Ավետիք Բուդաղյանին, եւ, երբ վերջինս կանչին արձագանքելով, ետ է գնացել, սառնասրտորեն սպանել եք նրան: Դուք ե՞ք սպանել նրան: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի այս հարցին Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատասխանել է. «Այդ դեպքի մասին չեմ ուզում խոսել: Միայն կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը անհեթեթություն է անում: Ինքը ոչ էքսպերտ է, ոչ էլ քննիչ. եղա՞վ»: Մեր մյուս հարցին, թե տեղեկություններ կան, որ դուք հանք եք նվիրել ու դրա դիմաց են ձեզ նշանակել մարզպետ, ճի՞շտ են: «Բայց ես կարո՞ղ է Էներգետիկայի նախարար եմ»,-տարակուսել է նա: Երբ համառեցինք, որ հանք ունենալու համար պարտադիր չէ նախարար լինել, Խաչատրյանը պատասխանեց. «Հանք ունեմ, այն հիմա էլ օգտագործում եմ, ոչ մեկի չեմ տվել, դա անհեթեթություն է»:

 

 

 

Երեւանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի` աշխատակիցների սեղանները ջարդելու եւ ոսկերիչներին սեփական ճորտերի տեղ դնելու նախորդ շաբաթ դրսեւորած խայտառակ պահվածքը հարուցել է շատերի զայրույթը: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն Վաղարշ Աբրահամյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն եւ գլխավոր դատախազություն: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի հետ` փորձելով պարզել, թե ինչ է նա պատրաստվում անել, եթե ՀԿ-ի ներկայացրած բողոքն ընդունվի վարույթ, եւ իրեն պատասխանատվության ենթարկեն: «Դե, եթե կգտնեն, որ ես ապօրինություն եմ արել, ուրեմն, պատասխանատվություն կկրեմ: Ես օրենքին ենթարկվող մարդ եմ»: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչո՞ւ կոտրեցիք նրանց սեղանները, Աբրահամյանը պատասխանեց. «Ի՞նչ եմ արել, որ: Իմ սեղաններն են, քաշքշել եմ էս կողմ, էն կողմ, քիչ հետո նորից դրել եմ տեղը: Ի՞նչ է եղել որ: Մարդիկ հիմա աշխատում են»:

 

 
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան երեկ հայտարարել է, թե կարճ առաջիկայում կստեղծվի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերություններիր նոր փաթեթ: Իհարկե, դեսպանը չի ներկայացրել, թե կոնկրետ ինչպիսի բովանդակություն կունենա այդ փաթեթը եւ համագործակցության ինչպիսի ոլորտներ կներառի` միեւնույն ժամանակ ընդգծելով, որ ԵՄ-ի համար առավել կարեւոր է ոչ այդքան նոր փաթեթի ձեւավորման ժամկետը, որքան դրա բովանդակությունը: Ասել է թե` դեսպան Հրիսթեայի այս հայտարարությունն առայժմ «բարի ցանկությունների» տիրույթից է, որը, թերեւս, ավելի շատ նպատակ ունի Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագրի նախանշված ստորագրումից առաջ եւս մեկ անգամ հրապարակավ ամրագրել, որ Եվրամիությունը չի պատրաստվում «մոռանալ» Հայաստանի մասին, անգամ եթե ՀՀ` ԵՏՄ-ին անդամակցությունը կայանա:
Մինչդեռ Հայաստանի իշխանությունները առայժմ, կարծես թե, պատրաստ չեն ԵՄ հետ հարաբերությունների նոր փաթեթի մասին խոսել: Համենայն դեպս` անցած նոյեմբերի վերջին կայացած վիլնյուսյան գագաթնաժողովում ընդունված երկկողմ հռչակագիրը, որով Հայաստանն ամրագրում էր իր մտադրությունը` շարունակելու ԵՄ հետ համագործակցությունը, մինչ օրս որեւէ գործնական դրսեւորում չի ունեցել: Հայաստանի իշխանությունները Եվրամիությանը որեւէ առաջարկ չեն ներկայացրել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության վերաբերյալ, անգամ այն ոլորտների մասով, որոնց հետ կապված թե՛ Սերժ Սարգսյանը եւ թե՛ ՀՀ բարձրագույն իշխանության այլ ներկայացուցիչներ բազմիցս հայտարարել են, որ մտադիր են եւ խորապես շահագրգիռ շարունակել համագործակցությունը. խոսքը մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական, կրթական եւ այլ ոլորտների բարեփոխումների մասին է:
Եվ այս իրավիճակում սպասել, որ առանց ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրման եւ երկկողմ պարտավորությունների ճշտման Հայաստանը ի վիճակի կլինի որեւէ հստակ առաջարկ ներկայացնել Եվրամիությանը, բնականաբար, իրատեսական չէ: Սակայն հաշվի առնելով հարաբերությունների նոր փաթեթի ստեղծման մասին ԵՄ ներկայացուցչի հայտարարությունը` բովանդակությունը եւ ոչ թե ժամկետն առաջնային համարելու մասին, կարելի է ենթադրել, որ անցած ամիսներին նոր որակի համագործակցության համար որոշակի հիմքեր, այդուամենայնիվ, ձեւավորվել են, որոնց շուրջ թերեւս առավել հստակ ուրվագծումներ կարվեն արդեն հոկտեմբերի 10-ից հետո: Ընդ որում` թե՛ ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրման, եւ թե՛, առավել եւս, չստորագրելու դեպքում:

 




Լրահոս