ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐ՝ ԱՐՏԱԳԱՂԹԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՀ իշխանությունները շարունակում են իրենց հակաքաղաքացիական գործունեությունը: Նրանց յուրաքանչյուր նոր ընդունած օրենք կամ որոշում կարծես ուղղված լինի շարքային քաղաքացու դեմ եւ առաջին հերթին «հարվածում» է հենց նման մարդկանց գրպանին՝ ստիպելով արտագաղթել հայրենիքից: Որպես ասվածի օրինակ կարող ենք նշել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը: Այս օրենքն իսկական պատուհաս է դարձել փոքր եւ միջին ձեռնարկատերերի գլխին:

Բան այն է, որ կառավարությունը շրջանառության հարկը 3.5 տոկոսից նվազեցրել է 1 տոկոս, սակայն պարտադիր է դարձրել ամեն վաճառվող ապրանքի համար փաստաթղթաբանությունը: Հենց այս հանգամանքն էլ հարյուրավոր առեւտրականների ստիպում է անդադար ցույցեր անցկացնել ՀՀ օրենսդիր կամ գործադիր մարմինների շենքերի դիմաց:
Երեկ վաղ առավոտից խորհրդարանում ակտիվորեն հենց այս հարցն էր քննարկվում: Մինչ նիստի մեկնարկը չորս ընդդիմադիր ուժեր ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգություն»-ը համատեղ հանդիպում էին ունեցել եւ որոշել այս հարցով դիմել բոլոր խմբակցություններին եւ խորհրդակցություն հրավիրել: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց նրանց առաջարկը եւ խմբակցությունների հետ միասին իր աշխատասանյակում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց: Սակայն խորհրդակցությունն այնքան էլ արդյունավետ չստացվեց: Հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, թե որոշում է կայացվել շարունակել քննարկումներն ու անհրաժեշտ եզրահանգման հասնել: Խորհրդակցությունը կայացավ նաեւ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մասնակցությամբ, եւ ընդունված որոշումն այնքան էլ չտարբերվեց նախորդից: Այս անգամ էլ որոշում կայացվեց հարցը քննարկել արդեն այսօր՝ Կառավարությունում (ուշադրություն դարձրեցիք՝ ստվերի դեմ պայքարի օրինագծի քննարկմանը մասնակցել է ՀՀ ամենահարուստ պաշտոնյան, ամենաստվերային գործունեություն ծավալող Գագիկ Խաչատրյանը):
Առեւտրականներն այսօր եւս կշարունակեն իրենց ակցիան: Նրանց հետ երեկ հանդիպման իջած ոչ իշխանական պատգամավորները կոչ արեցին չընկճվել՝ հայտարարելով, թե իշխանության գործողությունների վրա ազդեցություն կարող է ունենալ միայն ժողովրդի ճնշումը: Սակայն ցուցարարները ո՛չ հավատում, ո՛չ էլ որեւէ հույս են կապում իշխանության կամ ընդդիմության հետ: Նրանք միաբերան նշում են, որ եթե այսպես շարունակվի, կարտագաղթեն: Թե որքանով այս հայտարարությունները զգաստացրեցին մեր երկիրը դատարկած իշխանություններին, դեռ դժվար է ասել:
Դրա փոխարեն երեկ տեղեկություններ տարածվեցին, թե Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, բյուջետային մեծ ծախսերից խուսափելու նպատակով, առաջարկել է միավորել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ու առողջապահության նախարարությունը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան նաեւ, որ նույն ճակատագրին կարող են արժանանալ նաեւ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները: Այս քայլով ֆինանսների «սուպերնախարարը» ցանկանում է կրճատել ծախսերը՝ ըստ էության արտագաղթի համար նոր խթան ապահովելով: Պատկերացրեք, թե այս նախարարությունների միավորման հետեւանքով քանի հարյուր անձինք կարող են առանց աշխատանք մնալ եւ կրկին բռնել արտագաղթի ուղին:
ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում միայն նշեց, թե նման լուրեր առհասարակ չի լսել եւ չցանկացավ կանխատեսում անել, թե նախարարների միավորման արդյունքում նա շանսեր կունենա՞ Գագիկ Խաչատրյանի պես «սուպերնախարար» դառնալ, թե՞ ոչ:
Արտագաղթի մղող պատճառները Հայաստանում հատկապես վերջին տարիներին քիչ չեն եղել. վերջերս թանկացած էլեկտրաէներգիայի եւ գազի սակագները, աշխատատեղերի բացակայությունը, օրեցօր թանկացող սպառողական զամբյուղի գները ստիպում են հասարակ քաղաքացուն լքել իր հայրենիքն ու ապրուստի միջոց փնտրել այլ երկրներում:
Հիշեցնենք, որ համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ից մեկնել է 693 հազար 362, վերադարձել՝ 580 հազար 547 ՀՀ քաղաքացի: Սա նշանակում է, որ արտագաղթել է 112 հազար 814 քաղաքացի:
Համաձայնեք, որ պատկերն իսկապես տխուր է, սակայն առավել տխուր է այն, որ իշխանություններն այդպես էլ չեն գիտակցում իրավիճակի լրջությունը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՉԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՎԻ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անվանափոխության շուրջ թեժ քննարկումները դեռ չեն դադարում: Հիշեցնենք, որ օրեր առաջ Համալիրի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Կորյուն Գրիգորյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ համալիրն այսուհետ կոչվելու է Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր:
Այս հարցին սպառիչ պատասխան ստանալու նպատակով երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով ասաց. «Ո՞ր խելամիտ մարդու մտքով կարող է նման բան անցնել: Համալիրը չի անվանափոխվել»:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը երեկ ԱԺ-ում հավաստիացրեց, որ «Ցանկացած կազմակերպությունից՝ լինի դա մասնավոր, թե պետական, որը իր տիրապետման ներքո կունենա այդ համալիրը, մեր պահանջը լինելու է հետեւյալը. իր ֆիրմային անվանումը պետք է պարունակի հենց այդ բառերը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: Շփոթ կարող էր առաջացնել կադաստրային գրանցումը, որը նախկինում՝ վերանվանումից հետո, թե ներկայումս, կրում է շենքի բնութագրիչները, այսինքն՝ մարզահամերգային համալիր, որը գտնվում է այսինչ վայրում: Այս պահի դրությամբ համալիրի նկատմամբ սեփականության իրավունքը ՀՀ-ն է: Ունենք լուծման երկու ուղի՝ գտնել կառավարիչ եւ այդ դեպքում առաջադրել որպես նախապայման համապատասխան ֆիրմային անվանումը կամ ստեղծել պետական ոչ առեւտրային կազմակերպություն եւ վերջինիս հանձնել համալիրի կառավարումը: Երկու դեպքում էլ մենք պահպանելու ենք անունը»,- հայտարարեց Հարությունյանը:

 

ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսը դատապարտել է Դեյր Էլ Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը:
«Սիրիական եւ իրաքյան ազգային ժառանգությունները սպառնալիքի տակ են: Մշակութային ժառանգությունը պաշտպանելու պարտավորության թերացումը դիտվում է որպես պատերազմի հանցագործություն, որի պատասխանատուները պատժվում են Միջազգային քրեական դատարանի կողմից»,- ասված է Ֆաբիուսի հայտարարությունում:

 

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ Է
Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններին, երեկ հիշեցրել է. «Այս խնդիրը քննարկվել է, բազմաթիվ խմբակցություններ կողմ են քվեարկել, հիմա ամենամեծ միտինգավոր կուսակցությունը եւս հունիսի 20-ին կողմ է քվեարկել»,-ասել է նա` նկատի ունենալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: «Մի քիչ էլ դժվար է իշխանության համար, քանի որ շատ քաղաքական կուսակցություններ ամիսը մեկ կարծիք են փոխում: Բա ո՞րն է երաշխիքը, որ այսօր ընդունեցին, վաղը չեն դժգոհի, մանկապարտեզ չէ: …ասում էին` շատ լավ է, որ 3.5%-ից 1% են իջեցնում, ստվերը կրճատվում է, բյուջեն էլ կլցվի, հիմա հակառակն են պնդում»:

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՄԻԱՁԱՅՆ ՎԱՎԵՐԱՑՐԻՆ
ՌԴ Դաշնային խորհուրդը հոկտեմբերի 1-ին միաձայն քվեարկությամբ վավերացրել է ԵՏՄ մասին պայմանագիրը: «Այս վավերացումը պատմական իրադարձություն է»,-հայտարարել է Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015թ.-ի հունվարի 1-ից:

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ է նշակվել Զոհրապ Եգանյանը, ով մինչեւ սեպտեմբերի սկիզբը զբաղեցնում էր Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը:

 

ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ
Armlur.am-ի հաղորդմամբ` «Վերնիսաժի կրակոցների» գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանին` ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային, առաջադրված մեղադրանքը լրացվել է: Ըստ քննչական կոմիտեի հայտարարության` Վարդանանց փողոցում 2014 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում լրացվել է գործով որպես մեղադրյալ ներգրավված Գոռ Առաքելյանի մեղադրանքը, եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձին՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար:

 

ՎԱՐՉԱՊԵՏՆ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ հարցուպատասխանի ժամին նշել է, որ իրեն երկար ժամանակ մի քաղաքացի է անհանգստացնում, ով ցանկանում է կառավարությունում բարձր պաշտոն ստանալ: Նա ներկայացրել է այդ անձի կենսագրությունը: «Ծնվել է 1956թ., ստացել է փայլուն կրթություն: Հետագայում հարուստ եւ բուռն կյանք է ունեցել: Մասնավորապես երեք տարբեր պատժաչափերի է արժանացել հանցագործությունների համար: Կարծում եմ նրա կատարած մի քանի հանցագործությունները ձեզ կհետաքրքրեն՝ հանրային սեփականության հափշտակություն, ավտոմեքենայի գողություն, ուրիշին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար, մի անգամ էլ դատվել է խուլիգանության համար: Բոլորովին վերջերս մարդ է սպանել՝ վերեւից ներքեւ կրակոցով, ու, քանի որ աղվեսի պես խորամանկ է, այնպես եւ այնպիսի դիրքից է կրակել, որ տեսախցիկները չեն ֆիքսել, բայց, ինչպես ասում են, փորձված աղվեսը զույգ ոտքով է թակարդը ընկնում: Տեսախցիկները ֆիքսել են նրա ձայնը: Ասեմ նաեւ, որ այդ քաղաքացու անունը Սուրիկ է, 7 մլն դոլար «քյաշ» փող ունի: Պարո՛ն վարչապետ, չե՞ք կարծում, որ ձեր կառավարությանն արժանի կադր է, գուցե մի լավ գործ տայիք»,-Հովիկ Աբրահամյանին հարց է ուղղել ընդդիմադիր պատգմավորը, ինչին ի պատասխան վարչապետը խնդրել է հստակեցնել, թե խոսքն ում մասին է: «Հարցը Սուրիկի մասին է, ով որ ունի էսպիսի փայլուն աշխատանքային կենսագրություն… Իմ ձեռքի տակ կա փաստաթուղթ նրա երեք դատվածության մասին, բայց փաստորեն ձեր կառավարության հետ աշխատելով՝ ռեցիդիվիստները կարող են ուղղվել: Հանցագործներին տանում եք կառավարություն, ու նրանք երեք տարի անց ռեցիդիվիստից վերածվում են դոկտոր-պրոֆեսորի»,-ընդգծել է Փաշինյանը: Ի պատասխան վարչապետն ասել է. «Ինձ համար ընդունելի չէ, որ հանցագործներին մեր կառավարությունում աշխատանքի ընդունենք: Ս. Խաչատրյանին ես ինքս եմ առաջարկել մարզպետի պաշտոնին՝ ուղղակի հաշվի առնելով իր փորձը եւ սյունեցիների առաջարկը: Ես բազմիցս գրավոր նամակներ եմ ստացել: Այո՛, կան հակասական մոտեցումներ եւ կարծիքներ, բայց մեր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սյունեցիները ցանկանում են նրան տեսնել մարզպետի պաշտոնում»,-հայտարարել է Աբրահամյանը:

 




Լրահոս