ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՑԱՆԿԱԼԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՉԵՂԱՐԿԵԼ

Չնայած ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության գործադրած ջանքերին, այդուամենայնիվ մեզ համար անցանկալի «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» մերժելի վերնագրով զեկույցը կպատրաստվի անգլիացի պատվիրակ Ռոբերտ Վոլտերի ներկայացմամբ:

Իսկ մինչ այդ երեկվա նիստում Նիդեռլանդները ներկայացնող պատգամավոր Թինի Քոքսը բարձրաձայնել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման մասին:
Վերջին ամիսներին գրանցված պատերազմներից (Ուկրաինայի քաղաքացիական պատերազմը, Գազայի պատերազմը) եւ Իրաքում ու Սիրիայում բռնությունների աճից բացի, վատթարացել է նաեւ մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը Եվրոպայի խորհրդի Նախարարների հանձնաժողովը նախագահող երկրում՝ Ադրբեջանում, հայտարարել է Նիդեռլանդները ներկայացնող պատգամավորը: «Ամոթ է, որ մի երկիր, որը պատիվ ունի կիսելու այս կազմակերպության անդամակցությունը, օգտագործում է նախագահության իր ժամանակն իր երկրում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը վատթարացնելու համար: Չափազանց շատ կլիներ ակնկալել, որ իրավիճակը բարելավվեր, բայց վատթարացումն ամոթ է»,-նշել է պատգամավորը:
Քոքսը շնորհակալություն է հայտնել նաեւ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորին՝ Ադրբեջան մեկնելու, իրավիճակը ներկայացնող զեկույցներ պատրաստելու եւ հստակ հայտարարությունների համար այն մասին, թե ինչ պետք է բարելավվի երկրում, որը նախագահում է Եվրոպայի խորհրդի Նախարարների հանձնաժողովը: Անն Բրասյորն ավելի վաղ նիստի բացման իր ելույթում հայտարարել էր, որ օրեր առաջ եզրափակել է իր աշխատանքային այցն Ադրբեջան: Նա նշել էր, որ երկրի իշխանություններին հանդիպելուց բացի, տեսակցել է նաեւ Եվրոպայի խորհրդի երկար տարիների գործընկերների՝ ազատազրկման մեջ գտնվող ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանների եւ լրագրողների հետ: «Նման բանտարկյալներին մեր այցերն ամեն տեղ ընկալվում են ոչ միայն իբրեւ խորհրդանիշ, այլեւ որպես քաղաքական ուղերձ»,- հավելել է նա:
Վեհաժողովն արդեն նստաշրջանի երկրորդ օրը քննարկեց Եվրոպայում ռասիզմի, նեոնացիզմի դրսեւորումների ու դրանց դեմ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հարցը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում կոչ արեց միջազգային իրավունքին համապատասխան՝ հստակ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ այդ երկրի նախագահի հանդեպ՝ պետականորեն քարոզվող հայատյացության համար: Ինչպես եւ կարելի էր ակնկալել` Ն. Զոհրաբյանի ելույթին ընդդիմացան ադրբեջանցի պատվիրակներ Սահիբա Գաֆարովան եւ Սեւինջ Ֆաթալիեւան, որոնք Հայաստանի պատվիրակության անդամին մեղադրեցին «սխալ տեղեկատվություն տարածելու» մեջ:
Այնուհետեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հանձնաժողովը քննարկեց «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» վերնագրով զեկույցի հեղինակների նշանակման հարցը: Արդյունքում զեկուցող նշանակվեց անգլիացի պատվիրակ Ռոբերտ Վոլտերը: Քվեարկության ներկայացված երկու թեկնածուներ Ժան Կլոդ Մինյոնից եւ Ռոբերտ Վոլտերից երեք ձայնի առավելությամբ զեկուցող ընտրվեց Ռոբերտ Վոլտերը: Նշենք, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը հայտարարել է, որ չի համագործակցելու եւ չի մասնակցելու զեկույցի նախապատրաստմանը: Ի նշան բողոքի` հայ պատվիրակները լքեցին դահլիճը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի առաջին օրը՝ սեպտեմբերի 29-ին, Հայաստանի պատվիրակության պահանջը՝ զեկույց չնախապատրաստել Ղարաբաղի թեմայով, դրվեց քվեարկության ու մերժվեց՝ 41 «կողմ» եւ 74 «դեմ» ձայնով:
Այսօր արդեն ԵԽԽՎ-ում կլինի մոնիտորինգի հանձնաժողովի հերթական զեկույցը, որտեղ կա բավական լուրջ անդրադարձ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին:

 

 

 

ԲՀԿ-Ն «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ» Է ԳՐՎՈՒՄ, «ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿԱՐԴԱՑՎՈՒՄ

Խորհրդարանական եռյակը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ժառանգություն»-ը եւ ՀԱԿ-ը, հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Արարատի քաղաքապետի գործունեությունը: Բայց ուշագրավը հայտարարության հատկապես առաջին նախադասությունն է, որտեղ ասված է. «Խորհրդարանական ընդդիմադիր երեք ուժերը հոկտեմբերի 10-ին նշանակած համապետական հանրահավաքին ընդառաջ հանրահավաքներ են անցկացնում նաեւ հանրապետության մի շարք քաղաքներում»: Այսինքն՝ մինչ օրս իրեն այլընտրանքային քաղաքական ուժ համարող ԲՀԿ-ն արդեն մտել է ընդդիմադիրների շարքը:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ՝ պարզելու, թե երբվանի՞ց է այլընտրանքային դիրքորոշումը սրվել՝ դառնալով ընդդիմադիր:
-Պարո՛ն Ուրիխանյան, խորհրդարանական երեք ուժերը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ հենց առաջին նախադասության մեջ ԲՀԿ կուսակցությունը դիտարկվում է որպես ընդդիմադիր ուժ: Այսօրվանի՞ց է ԲՀԿ-ն ընդդիմադիր դարձել:
-Մենք չենք մեզ ընդդիմադիր համարում, ժողովուրդն է այդպես կարծում, մեզ այդպիսին համարում: Պետք չէ ընկնել ձեւակերպումների հետեւից:
-Այդ ձեւակերպումը ժողովրդին ձեր կողմը գրավելու համա՞ր եք արել: Առաջիկայում հանրահավաքներ եք նախատեսում կազմակերպել, եւ այնտեղ ավելի հոծ բազմություն հավաքելու նպատակո՞վ է այդպիսի ձեւակերպում արվել:
-Ես նույն բանը պետք է ասեմ: ժողովուրդն է որոշողը: Չեմ պատասխանի Ձեր այս հարցին այնպես, ինչպիսի պատասխան Դուք եք ցանկանում լսել:
-Դեռեւս այս տարվա մայիսի 28-ին Սարդարապատում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն երբեւէ չի կարող ընդդիմադիր լինել: Այս դիտարկմա՞նն էլ եք նույն կերպ արձագանքելու:
-Ժողովուրդն է մեզ ընդդիմադիր համարում: Չեմ ուզում ընկնել արարողակարգային եւ ընթացակարգային երեւույթների ետեւից: Մեր այս կարգավիճակը ժողովուրդն է որոշում:
-ԱԺ կանոնակարգ օրենքի 14 հոդվածի 1.1. կետի համաձայն՝ «Խմբակցությունը համարվում է ընդդիմադիր, եթե խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ, եւ խմբակցությունն ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որեւէ մեկի առաջադրած անձը Կառավարության կազմում ընդգրկված չէ»: ԲՀԿ-ն չի հայտարարել ընդդիմադիր լինելու մասին, ավելին՝ ունի մեկ նախարար՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը:
-Ես արդեն պատասխանել եմ Ձեր հարցին: Պետք չէ ընկնել ձեւակերպումների ետեւից: Ժողովուրդն է որոշում այս կամ այն քաղաքական ուժի գործունեության ոլորտը, տեղը… ձեւակերպումը չէ այստեղ կարեւորը:

Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

ԲԼԹ
«Մենք երբեք չենք խուսափում մեր տեսակետները տարբեր ամբիոններից հնչեցնել: Այն, ինչ մեր համոզմունքն է, ազատորեն արտահայտում ենք»:

Հեղինե Բիշարյան «Իրավունք»

Եվ սա ասում է ՕԵԿ-ական պատգամավորը, ում տեսակետները տարբեր ժամանակներում փոխվել են միշտ` կախված իր կուսակցության տեսակետների փոփոխությունից: Սկզբից իշխանամետ էին, հետո դարձան իշխանություն, ապա` ընդդիմադիր, հետո նորից կտրուկ դարձան իշխանություն եւ մոռացան այն բոլոր խոսքերը, որոնք հնչեցնում էին ամբիոններից, ու սկսվեց լռության ժամանակը: Եվ ահա կրկին փոփոխություն. նոր վարչապետն իրենց ձեռնտու չէ` ուրեմն նորից պետք է փոխել տեսակետը եւ դառնալ ընդդիմություն: Եվ այդպես էլ չհասկացանք, թե որն է իրականում նրանց համոզմունքը, որի մասին այդքան խոսում են:

 

 
«Հայրենիք ունենալու իրավունքը բոլորին չի տրված, այն պետք է վաստակել, եւ այդ վաստակի մեջ կան միայն նրանք, որոնց արյունն է թափվել մեր հողի վրա»:

Ռուբեն Գեւորգյան Armlur.am

ԲՀԿ-ական օլիգարխ-պատգամավորը, ով զուգահեռաբար նաեւ Երդվյալ ազատամարտիկների միության նախագահն է, տվեց հայրենիքի նոր սահմանումը: Մինչ այդ, իհարկե, հայրենիքի սահմանումը դեռ հստակեցված չէր, եւ բոլորս անհամբեր սպասում էինք Ռուբեն Գեւորգյանի հեղինակավոր կարծիքին.. Լավ, եթե ընդունենք Ծաղիկ Ռուբոյի տեսակետը, որ իսկապես մեր ժողովրդի մեծ մասը, ովքեր արյուն չեն թափել, անհայրենիք են, այդ դեպքում ի՞նչ կարելի է ասել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին, ով նույնպես չի կռվել Արցախում… Հիմա նա ունի՞ հայրենիք ունենալու իրավունք, թե՞ ոչ:

 

 
«Ես քրեական հեղինակություններին կատեգորիկ չեմ ընդունում: Ես իմ կարգի մարդկանց եմ ընդունում»:

Վաղարշ Աբրահամյան Shamshyan.com

Փաստորեն, ոսկու շուկայի սեփականատերն ընդունում է միայն սեղան ջարդողներին եւ պատուհանից սեղաններ շպրտողներին, մնացած բոլոր տեսակի մարդիկ նրա համար անընդունելի են: Ստացվում է, որ նա ընդունում է մանր խուլիգաններին կամ գերադասում է ժուլիկությունը: Բայց այստեղ էլ Վաղարշի խոսքերը` քրեական հեղինակություններին չընդունելու մասին, տարակուսանքի տեղիք են տալիս, քանի որ մամուլի հրապարակումներից հիշում ենք, որ երբ իր որդին կալանավայրում էր, նա բավականին սերտ առնչվում էր քրեական հեղինակությունների հետ եւ մեծ գումարներ ծախսում նրանց վրա, որպեսզի որդուն չնեղեին բանտում:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 




Լրահոս