ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԲՀԿ-Ի ԱՄԵՆԱՄԵԾ ԽՆԴԻՐԸ
Այսօր կանդրադառնանք «Վիկիլիքսի» հանրայնացրած երկու փաստաթղթի, որոնցից առաջինը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին, իսկ հաջորդը՝ ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը: Դիվանագիտական զեկուցագրերը վերաբերում են 2007թ. խորհրդարանական ընտրություններին: Առաջին փաստաթուղթը ներկայացնում է Սերժ Սարգսյանի, երկրորդը՝ Գագիկ Ծառուկյանի հետ դիվանագետների ունեցած զրույցների առանցքային դրվագները: Ստորեւ առանձնացրել ենք հատկապես այն հատվածները, որտեղ վերը նշյալ գործիչները արտահայտում են իրենց տպավորությունները եւ առկա դժգոհությունները միմյանցից:
Այսպես՝ Գոդֆրին նկատում է, որ խորհրդարանական ընտրություններին հաջորդած իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում պարզել է, որ վերջինս բանական է համարում ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը՝ ցանկանալով դրանում ընդգրկել նաեւ Դաշնակցությանը: Վերջինիս առնչությամբ Սարգսյանը հավելել է, որ ավելի լավ է ՀՅԴ-ն ունենալ իր կողքին, քան ընդդիմության մեջ: Իր հնարավոր նշանակումներին անդրադառնալով՝ Սարգսյանը նկատել է, որ ցանկանում էր Սեյրան Օհանյանին խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո նշանակել ՀՀ Պաշտպանության նախարար, բայց փոխել է որոշումը եւ նշանակումն իրականացնելու է նախագահական ընտրություններից հետո: Հատկանշական է, որ Սարգսյանը, փաստորեն, իրեն արդեն իսկ ընտրված էր համարում եւ մտքում հեռահար նշանակումներ կատարում: Հետաքրքիր է, որ Գոդֆրին այստեղ մեկնաբանում է, թե Սերժ Սարգսյանը հավանաբար չի ցանկացել Օհանյանին նշանակել, որպեսզի տուրք չտա երեւանյան այն պնդումներին, թե կառավարության մեջ չափից ավելի շատ ղարաբաղցիներ կան: Ըստ էության, դիվանագետի մատնանշած պատճառը բավականին իրական է թվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սարգսյանը ոչ մի անգամ հրապարակայնորեն չի խոսել իր այսօրինակ մտադրությունների մասին: Ի վերջո, ինչն էր խանգարում Սարգսյանին իր ընտրողներին ներկայացնել սեփական կադրային քաղաքականության մանրամասներն ու ուրվագծերը:
Ամերիկացիներին տեղեկացնելով, որ ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցությունները հավասար պայմաններ են ունեցել, Սարգսյանը նկատել է, որ խաղի հաստատված կանոնները համաձայնեցված են եղել նաեւ Քոչարյանի հետ: Նա չի առարկել, որ երկրում բարեգործության անվան տակ համատարած կաշառք է բաժանվել: Ամերիկացի դիվանագետի բարձրաձայնած հիմնահարցին արձագանքելով՝ Սարգսյանը նկատել է, որ դրանով մեծ չափերով զբաղվել է ԲՀԿ-ն, մինչդեռ ՀՀԿ-ն ստիպված է եղել պարզապես «համարժեք պատասխան տալ»: Նրա պնդմամբ՝ ընտրությունը իրական մրցակցություն է՝ ընտրողների ձայներին տիրելու համար, իսկ ինքը հպարտ է, որ իր կուսակցությունը նման արդյունքների է հասել: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն քաջատեղյակ է, այլեւ անձամբ հրահանգում է ու միջազգային դիվանագետների առաջ էլ խոստովանում է համատարած բաժանվող կաշառքի մասին: Ավելին՝ այսօր ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող գործիչը դա ոչ թե համարում է օրենքի խախտում, այլ պարզապես «համարժեք պատասխան»: Ըստ էության, սա եւս Քոչարյանի հետ «համաձայնեցված» խաղի կանոն է եղել: Հերթական ցցուն փաստը, որ Հայաստանում ցանկացած հարաբերություն կարգավորվում է բացառապես մի խումբ մարդկանց պայմանավորվածություններով՝ խորապես արհամարհելով ՀՀ Սահմանադրությունը: Այսօր սահմանադրական փոփոխություններ նախաձեռնած Սարգսյանին, ի՞նչ է, սահմանադրությու՞նն էր խանգարում, որ պատժի կաշառք բաժանողներին, որոնց, պարզվում է, նա շատ լավ է ճանաչում:
Անդրադառնալով իր իսկ կողմից «բնական» դաշնակից համարվող ԲՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանն անկեղծացել ու մատնանշել է այս կուսակցության առաջ ծառացած ամենածանր հարցը: Ըստ նրա՝ ԲՀԿ-ի համար ամենամեծ խնդիրը հենց նրա առաջնորդն է՝ Գագիկ Ծառուկյանը: Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ Գագիկ Ծառուկյանն իր կոպիտ տեսքով եւ անկիրթ խոսվածքով հազիվ թե կարող է համարվել հաջողված հրապարակային գործիչ: «Եթե նա կարողանար վեր լինել այս խնդիրներից, ԲՀԿ-ն միգուցե ավելի լավ արդյունքներ ունենար»,-եզրափակել է Սարգսյանը: Ընտրությունների ընթացքում տեղի ունեցած այլ խախտումների կապակցությամբ Սարգսյանը նկատել է, որ արդեն իսկ հարուցված են մի շարք քրգործեր: Այս կապակցությամբ Գոդֆրին հատուկ հավելում է, որ նշյալ գործերից ոչ մեկը չի առնչվում Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ին: Դիվանագետն անուղղակիորեն հուշում է, որ ընտրությունների կեղծմամբ իրականում զբաղված ոչ մի անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում:
Ջոն Էվանսի հեղինակած փաստաթուղթն իր հերթին հիշատակում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Վերջինս, ըստ դեսպանի, նախընտրել է չհամալրել ՀՀԿ-ի շարքերը: Նա հավելում է, որ Գագիկ Ծառուկյանն իրենց տեղեկացրել է, թե Սարգսյանն իր քաղաքական նպատակների մասին խոսել է այն բանից հետո եւ հիմնականում այն պատճառով, որ ԲՀԿ-ին հաջողվել է ամուր արմատներ գցել եւ իր շուրջը մեծ թվով մարդկանց հավաքել: Էվանսը, սակայն, նկատում է, որ Ծառուկյանը, ունենալով հանդերձ անսպառ ֆինանսական ռեսուրսներ, գործնականում ոչ մի քաղաքական փորձառություն չունի: Կրկին մեջբերելով Ծառուկյանին՝ Էվանսը ասում է, որ Քոչարյանն էլ իր հերթին է հավանաբար դժգոհ ստեղծված իրավիճակից, քանզի ցանկանում էր ավելի շատ կառավարել եւ վատ է տանում ՀՀԿ-ի՝ քաղաքական մեծամասնության պայմաններում «կաղ բադիկի» իր կարգավիճակը:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ «ԳԼԽԱՎՈՐ ՋՐԱԳՈՐԾ» ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Արարատի մարզի Դվին համայնքը կրկին հայտնվել է ոռոգման ջուր չունենալու փաստի առաջ: Տեւական ժամանակ է, ինչ Դվինը զրկված է ոռոգման ջրից, իսկ բնակիչների՝ հեկտարներով հողատարածքները չորացման եզրին են: Եւ այս խնդիրը կարգավորելու համար ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ ղեկավար Վահե Հակոբյանը մատը մատին չի տալիս:
Տարվա այս եղանակին գյուղացիներն իրենց հողատարածքները պետք է ջրեն, որպեսզի քաղեն ողջ տարվա չարչարանքի պտուղները, սակայն ջուր չլինելու պատճառով կանգնել են փաստի առաջ. նրանց՝ հեկտարներով այգիներն ու բանջարանոցները փչանում են: Ըստ մասնագետների՝ երբ Արտաշատի ջրանցքում ջուր չի լինում, դրա վատ հետեւանքներն անմիջապես զգում են այդ ջրանցքից սնվող գյուղերը: Դրանց թվում է նաեւ Դվինը, որն էլ արդեն 4-5 օր է, ինչ ջուր չունի: Մինչդեռ գյուղացիները պնդում են, որ ջուրը տեղական իշխանիկներն են կտրում, տալիս ՀՀ վարչապետին պատկանող հողատարածքի մշակներին, որպեսզի վարչապետի բերքը որակյալ լինի:
Իսկ գյուղացիների՝ անջուր մնացած հողերը եթե շարունակեն մնալ չջրված, խոշոր չափի վնասներ կկրեն գյուղացիները, այն դեպքում, երբ նրանցից շատերն իրենց հողերի մշակման նպատակով գյուղվարկեր են վերցրել:
«Ժողովուրդ»-ը փորձեց «Արտաշատի ՋՕԸ»-ի տնօրեն Թադեւոս Թադեւոսյանից հետաքրքրվել, թե ինչո՞ւ են Դվին համայնքի բնակիչները պարբերաբար կանգնում ոռոգման ջուր չունենալու փաստի առաջ: Սակայն մեր հեռախոսազանգերին պատասխանեց Թադեւոսյանի կինը եւ խոստացավ, որ ամուսինը քիչ անց կզանգահարի խմբագրություն: Որոշ ժամանակ անց, սակայն, Թադեւոսյանի հեռախոսահամարն անհասանելի դարձավ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Թադեւոսյանի գործելաոճից դվինցիները դժգոհում են եւ ստեղծված իրավիճակում նրան նույնպես մեղավոր են համարում:
Հ.Գ. Ի դեպ, մարզպետարանում երեկ կայացած խորհրդակցության ժամանակ ոլորտի պատասխանատուները համայնքապետերին խոստացել են կարգավորել այս խնդիրը: Սակայն, ինչպես միշտ, իրենք իրենց խոստմանը տեր չեն կանգնում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԿԵՐԵՎԱ
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերային քաղաքականությունը տեւական ժամանակ է՝ փոփոխությունների է ենթարկվում, սակայն, հեռուստաընկերության մատուցած ծրագրերից դժգոհությունները շարունակվում են: Վերջերս էլ Պրահայի հայերն են դժգոհություններ հայտնել Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակվող հաղորդումների որակի կապակցությամբ:
Հանրայինի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այդ բողոքների մասին իրենք տեղյակ են. «Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը եւ արբանյակային հեռուստաընկերությունը թարմացնում են իրենց գործունեությունը, փոփոխությունները դեռեւս տեսանելի չեն, բայց մինչեւ տարվա վերջ դրանք ակնհայտ կդառնան»: Մ.Գրիգորյանի հավաստմամբ՝ մինչեւ տարեվերջ Հանրային հեռուստաընկերության ծրագրերը 100 տոկոսով կհամապատասխանեցվեն ՀՀ արբանյակային հեռուստաընկերության ծրագրերին:
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ
Սուրիկ Խաչատրյանի` Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակումը սառը ցնցուղ էր ոչ միայն սյունեցիների, հասարակ քաղաքացիների, այլեւ բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական ուժերի համար:
Երեքշաբթի օրը ԱԺ-ի հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանն անձամբ է կրակել Ավետիք Բուդաղյանի վրա, իսկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էլ կոծկել է այդ սպանությունը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը որեւէ արտառոց բան չտեսավ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության մեջ՝ ասելով, որ ցանկացած պատգամավոր իրավունք ունի իր տեսակետը հայտնելու: «Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ նման տեսակետ հայտնելն իր իրավունքն է: Մենք որեւէ կերպ չենք պատրաստվում արձագանքել այդ հայտարարությանը»,- նշեց պատգամավորը:
ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Սուքիաս Ավետիսյանն էլ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունն անհիմն համարեց: «Հայտարարությունները, որոնք արվում են, պետք է հիմք ունենան: Եթե նման բան կա, թող համապատասխան քննչական մարմիններին գրավոր բացատրություն տա, որ ինքը տեսել է ու տեղյակ է: Փաշինյանն այնպես է ասում, կարծես թե ներկա է գտնվել այդ վայրում եւ սեփական աչքերով է տեսել այդ իրադարձությունը: Եթե քննչական մարմինները կհաստատեն դա որպես իրողություն, այդ դեպքում միայն հնարավոր կլինի այդ աստիճան վստահ լինել»,-նշեց պատգամավորը:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ