ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՍԿՈՒ ՇՈՒԿԱՅԻ ՎԱՂԱՐՇՆ ԻՐԵՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՎԱԾ ՄԱՐԴ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Երեւանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի` աշխատակիցների սեղանները ջարդելու եւ ոսկերիչներին սեփական ճորտերի տեղ դնելու նախորդ շաբաթ դրսեւորած խայտառակ պահվածքը հարուցել է շատերի զայրույթը: Սոցիալական ցանցերը բառացիորեն ողողված են Վաղարշի արարքին տրված ամենակոպիտ բնութագրումներով, իսկ հասարակ ժողովրդի գնահատականն էլ տատանվում է Սերժ Սարգսյանի բառապաշարով` «գրողի ծոցը» ուղարկելուց մինչեւ Արամ Մանուկյանի` Աբովյանում հնչեցրած «տիրոջ մոր» հռետորաբանությունը: Սակայն ամենից ցավալին եւ հենց նույն շուկայի աշխատակիցների համար նսեմացուցիչն այն է, որ նրանք այդպես էլ համարձակություն չունեցան բողոքելու իրենց ճորտերի տեղ դրած շուկայի տնօրենի ծայրաստիճան լկտի եւ հանցավոր պահվածքի դեմ: Իսկ ոստիկանությունն էլ, ինչպես հայտնի է, հղում անելով բողոքի բացակայությանը, ձեռքերը լվաց ու մի կողմ քաշվեց:

Երեկ, սակայն, հայտնի դարձավ, որ հայրենի իրավապահներին այդքան հեշտորեն մի կողմ քաշվելու հնարավորություն չի տրվելու: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն Վաղարշ Աբրահամյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն եւ գլխավոր դատախազություն:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի` այս կապակցությամբ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. «Ս.թ. սեպտեմբերի 25-ին «Ժողովուրդ» օրաթերթը տեսանյութ է տարածել, որում երեւում է, թե ինչպես է Մ. Խորենացի փողոցում գործող Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը շրջում շուկայի սրահում եւ իր օգնականներին հրահանգում, իր խոսքերով, «դուրս շպրտել» այն սեղանները, որոնց առջեւ այդ պահին առեւտրականներ կանգնած չեն: Նույն տեսանյութի վերջում՝ լրագրողին տված կարճ հարցազրույցում, նա չի հերքում, որ իր գործողությունները կապված են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ցույցին մասնակցելու հետ: Առեւտրականները, ենթադրաբար, այդ պահին մասնակցում էին Կառավարության շենքի առջեւ անցկացվող բողոքի ակցիային: «Հիմա շրջում ենք շուկայում, որ տեսնենք՝ ով չի եկել, որ կարգի հրավիրենք»,-ասում է նա լրագրողին:
ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է նաեւ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածը սահմանում է հետեւյալը. «Օրինական հավաքներ անցկացնելուն խոչընդոտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեք հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»: Իսկ ՀՀ ՔՕ 143-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելու դեպքում` կախված քաղաքական կամ այլ հայացքներից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու եւ քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին: «Գտնում ենք, որ արարքում առկա է նաեւ հայացքներն արտահայտելու հիման վրա խտրականության տարրը: Չնայած կատարվածի մասին ԶԼՄ-ների հրապարակումներին եւ բարձրացած աղմուկին՝ ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 25-ից մինչեւ օրս քրեական գործ չի հարուցել՝ հայտնելով, որ հանցագործության մասին հաղորդում չի ստացել: Ուստի «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» դիմում է՝ վերը նկարագրված արարքին պատշաճ որակում տալու եւ իրավասության սահմաններում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ քրեական գործ հարուցելու պահանջով»,- նշված է ՀԿ-ի հաղորդագրության մեջ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանը նշեց, որ դեռեւս պատկերացում չունի, թե իրենց դիմումը ինչ ընթացք կստանա: Սակայն ՀԿ-ի ներկայացուցչի համար տարօրինակ է իրավապահ համակարգի լռությունը: Այդուամենայնիվ, Դանիելյանը հուսով է, որ իրենց դիմումն անարձագանք չի մնա. ե՛ւ անպատժելիության նման դրսեւորումները կանխելու, ե՛ւ ըստ արժանվույն պատժելու ուղղությամբ նախադեպ կստեղծվի:
«Ժողովուրդ»-ը զրուցել է Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի հետ` փորձելով պարզել, թե ինչ է նա պատրաստվում անել, եթե ՀԿ-ի ներկայացրած բողոքն ընդունվի վարույթ, եւ իրեն կանչեն պատասխանատվության:
-Պարո՛ն Աբրահամյան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն Ձեր դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն եւ գլխավոր դատախազություն:
-Դե, եթե կգտնեն, որ ես ապօրինություն եմ արել, ուրեմն, պատասխանատվություն կկրեմ: Ես օրենքին ենթարկվող մարդ եմ:
-Եթե իրապես օրենքը հարգող, օրենքին ենթարկվող մարդ եք, այդ դեպքում ինչո՞ւ չհարգեցիք Ձեր աշխատակիցների` օրենքով սահմանված իրավունքները եւ ինչո՞ւ կոտրեցիք նրանց սեղանները:
-Ի՞նչ եմ արել, որ: Իմ սեղաններն են, քաշքշել եմ էս կողմ, էն կողմ, քիչ հետո նորից դրել եմ տեղը: Ի՞նչ է եղել որ: Մարդիկ հիմա աշխատում են:
-Բայց չէ՞ որ ոսկու շուկայի աշխատակիցները, մասնավորապես տեսանյութում երեւացող տարեց մի կին, խնդրում էին Ձեզանից, որ չտանեք իրենց սեղանը, քանի որ այնտեղ ոսկի կար:
-Այդ կնոջ սեղանին ձեռք չենք տվել:
-Փաստորեն Դուք պատրա՞ստ եք պատասխանատվություն կրելու Ձեր արարքի համար:
-Անպայման, իհարկե: Ես դաստիարակված մարդ եմ, ո՞նց կարող եմ օրենքի սահմաններում պատասխանատվություն չկրեմ:
-Իսկ ի՞նչ եք անելու այն աշխատակիցների հետ, ովքեր, չնայած սեղանները ջարդելու Ձեր «դաստիարակչական միջոցներին», շարունակում են մասնակցել բողոքի ակցիաներին:
-Լավ եմ վերաբերվում նրանց: Ես իրենց բացատրում եմ, որ դա լավ օրենք է, եւ պետք է ենթարկվել այդ օրենքին: Իսկ եթե չեն ենթարկվում, իրենք գիտեն: Ես բարկացել էի այն բանի համար, որ իրենք կանգնել էին շուկայի մուտքի մոտ եւ արգելում էին հաճախորդներին ներս մտնել ու սուտ լուր էին տարածում, թե չի կարելի մտնել շուկա, այն փակ է: Նրանք իրավունք չունեին դա անելու եւ այլն: Քանի որ շուկայի 80 տոկոսն աշխատում էր, իսկ 20 տոկոսը հավաքվել էր ու միտինգ էր անում: Իսկ միտինգի տեղը շուկայի մոտ չէ, այլ հրապարակն է կամ Ազգային Ժողովը: Եղա՞վ:
-Այսինքն` հիմա շուկայի աշխատակիցներին չե՞ք հրահանգում չմասնակցել բողոքի ակցիաներին:
-Ես արդեն հոգնել եմ ամեն ինչից:
-Իսկ Ձեզ ո՞վ էր հրահանգել, որ Դուք էլ Ձեր հերթին էիք հրահանգել աշխատակիցներին չմասնակցել բողոքի ակցիաներին:
-Ես արդեն 66 տարեկան մարդ եմ, ես հրահանգող եմ, ոչ մեկ ինձ չի կարող հրահանգել:
Հ.Գ. Ի դեպ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը սեպտեմբերի 25-ին Ոսկու շուկայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները ուղարկել է Ոստիկանության Երեւանի վարչության Կենտրոնական բաժին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ՉԵՆ

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարիչ Հելեն Քլարկի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 29-ին Հայաստանում էր: ՄԱԶԾ երեւանյան գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ կին առաջնորդների եւ Հելեն Քլարկի մեկժամյա հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին կանանց ներգրավվածության եւ դերի կարեւորությունը քաղաքականության մեջ: Նշենք, որ ՀՀ ՏԻՄ մարմիններում ընդհանուր հաշվով կին առաջնորդների թիվը 546-ն է՝ 18 կին համայնքապետ եւ 534 ավագանու անդամ:

ՄԱԶԾ կառավարիչն իր ելույթում մասնավորապես նշեց. «Քաղաքականության ոլորտում ես հարուստ փորձ ունեմ: Երեք անգամ ընտրվել եմ Նոր Զելանդիայի վարչապետ: Հայաստանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, լուծված չէ կանանց իրավահավասարության խնդիրը: Հազարամյակի զարգացման թիվ երեք նպատակը աշխարհի շատ երկրներում իրավահավասարություն ստեղծելն է: Մինչեւ 2015 թվականը կանանց մակարդակը քաղաքական ոլորտում պետք է կազմի 30 տոկոսը: Ճշմարտությունն այն է, որ շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, քաղաքականության մեջ կանանց թիվն էապես չի ավելանում: Անհրաժեշտ է պրոցեսն արագացնել: Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում մասնակցելու է 2015 թվականի քննարկմանը: Ձեր երկրում կա իրավական դաշտ, սակայն մի բան է այն ունենալը, մեկ այլ բան՝ դրանից օգտվելը»,-եզրափակեց Հելեն Քլարկը:
Անդրադառնալով իր երկրի առավելություններին՝ բանախոսը նշեց, որ Նոր Զելանդիան աշխարհում առաջին պետությունն էր, որտեղ կանայք պայքարեցին եւ հաղթեցին իրենց իրավունքներում: Միայն թե այդ պայքարից 40 տարի պահանջվեց, մինչեւ ընտրվեց առաջին կին պատգամավորը: Նկատենք, որ սա նաեւ առաջին երկիրն էր, որտեղ ներդրվեց ծերության թոշակը:
Մեր հարցին, թե կուտակային կենսաթոշակների շուրջ բանավեճն այսօր հիասթափեցրել է հայ հասարակությանը, ինչ կարծիքի է հատկապես Հայաստանում այս համակարգի ներդրման վերաբերյալ, նախկին կին վարչապետը պատասխանեց. «Նոր Զելանդիայում նախկինում, ինչպես արդեն ասացի, գործում էր ծերության կենսաթոշակը, սակայն մոտ 20 տարի առաջ հանրաքվե անցկացվեց եւ այն վերածվեց կուտակայինի: Բայց արդյունքը եղավ այն, որ մարդկանց մեծ մասը՝ մասնավորապես կանանց, իրենց կյանքի ընթացքում չէին կարողանում կուտակել այնքան, որ հասներ կենսաթոշակի սահմանված մակարդակին: Դժգոհության պատճառով համակարգը դրվեց քննարկման, եւ կրկին հանրաքվե անցկացվեց. ազգաբնակչության 91 տոկոսը մերժեց կուտակային կենսաթոշակը: Մեզ մոտ այսօր պահպանվում է ունիվերսալ կենսաթոշակը, ի վերջո շատերի համար այն միակ եկամտի աղբյուրն է»:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԱԺ-Ի ՈՐՈՇՄԱՆԸ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ երեկվանից Գյումրիի վաճառականները ցույց էին անում՝ բողոքելով Շրջանառության հարկի մասին նոր օրենքի դեմ: Բողոքի ակցիան նոր թափ ստացավ այսօր առավոտյան, որի ընթացքում գյումրեցիները պահանջեցին ներկայանալ Շիրակի մարզի պատգամավորներին՝ հակառակ դեպքում պահանջելով նրանց բոլորի՝ իրենց լեզվով ասած՝ Սուքոյի, Բուռնաշի, Հովոյի, Արմոյի հրաժարականները:

Երեկ մեզ հետ զրույցում ցուցարարներն ասացին, որ այսօր փակելու են հանրապետական նշանակություն ունեցող մայրուղին՝ Երեւանյան խճուղին, սակայն առավոտյան նրանք մտքափոխվել եւ կրկին փակել էին Շահումյան փողոցն իր ողջ երկայնքով:
Նշենք, որ, ինչպես երեկ, այնպես էլ այսօր ցուցարարների կողքին էին ՀԱԿ-ի եւ Ժառանգության ներկայացուցիչները: Մինչդեռ թե՛ երեկ, թե՛ այսօր կառավարությունից ոչ ոք չներկայացավ, միայն ժամը 12-ի սահմաններում եկավ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ սփոփիչ լուրով փորձեց հանգստացնել առեւտրականներին: Պատգամավորը տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունեցել քառյակի նիստ, որի ընթացքում որոշվել է խորհրդակցություն հրավիրել ԱԺ-ում եւ առաջարկվել քննարկել Շրջանառության հարկի մասին նոր օրենքի փոփոխությունը: Պատգամավորը նաեւ շեշտեց՝ մերժվելու դեպքում իրենք կհրավիրեն հերթական արտահերթ նիստը:
Մարտուն Գրիգորյանին այդքանով կարծես հաջողվեց մեղմել ցուցարարների վրդովմունքը, եւ արդեն ժամը 14-ի դրությամբ վաճառականները ցրվեցին՝ սպասելով ԱԺ-ի նոր որոշմանը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 




Լրահոս