ԱՅՍՕՐՎԱ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՄԵՂԱՎՈՐ Է
Հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, նույն ինքը՝ Լուլուն, մերօրյա հայկական երգարվեստի մասին բացասական կարծիք ունի: Հաղորդավարուհին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հայկական երգարվեստին Կոմիտասի նման մեկն է պետք, որպեսզի վերոնշյալ ոլորտում վիճակը կարգի գա:
-Մերօրյա հայկական շոու-բիզնեսին ի՞նչ որակում կտաք: Ինքներդ այնպիսի ոլորտում եք, որ պարբերաբար առնչություն եք ունենում թե՛ հայկական, այսպես ասած, «աստղերի», թե՛ առհասարակ երգարվեստի հետ:
-Ի՞նչ որակում պետք է տամ: Ահավոր վիճակ է: Համատարած արաբա-թուրքական մոտիվներով երաժշտություն է: Բոլորի մասին նույնը չեմ կարող ասել, իհարկե, բայց մեծամասնության հետ ասածս ամենաուղիղ կապն ունի: Մեզ Կոմիտասի պես մեկն է հարկավոր, որպեսզի այս իրավիճակը շտկվի, այսինքն՝ այնպիսի տպավորություն է, որ այս պահին մենք գտնվում ենք նախակոմիտասյան ժամանակներում: Միայն Կոմիտասն իր մաքրամաքուր երաժշտությամբ պարզապես նոր եւ հիմնավոր հորիզոն բացեց հայկական երաժշտության համար: Հիմա էլ է այդ վիճակը. մեզ եւս մեկ Կոմիտաս է հարկավոր, կամ էլ ավելի ճիշտ կլինի ասել՝ Կոմիտասի պես մեկը՝ այս խառնաշփոթն ու անճաշակությունը, ազգուրացությունը շտկելու համար:
-Տեղեկատվական միջոցների եւ հատկապես հեռուստատեսության դերը մեծ է իրական արվեստի տարածման գործում: Այսօրվա հեռուստատեսությունն իրականացնո՞ւմ է այդ առաքելությունը: Դուք միաժամանակ աշխատում եք «Կենտրոն» հեռուստաընկերությունում եւ ռադիո «Վան»-ում, ունեք հնարավորություն՝ տարածելու որակյալ երգ ու երաժշտություն: Ինչպե՞ս եք օգտագործում Ձեր այդ հնարավորությունը:
-Այսօրվա հեռուստատեսության «շնորհիվ» է մեր երգարվեստում այս վիճակը տիրում: Եթե հեռուստաընկերությունները կարողանան իրենց այդ առաքելությունը պատշաճ կերպով իրականացնել, շատ լավ կլինի: Օգտակար առաքելություն է, բայց ինչպես արդեն նշեցի` մենք բախվում ենք բոլորովին այլ իրականությանը: Ինքս մեր ռադիոկայանով աշխատում եմ այնպես անել, որ միայն որակյալ երաժշտություն հնչի: Այս սկզբունքով ենք առաջնորդվում. եթե չկա նոր որակյալ հայկական երաժշտություն, հինն ենք հնչեցնում եւ վերջ: Նույնն էլ հեռուստատեսության դեպքում է: Շատ ավելի լավ է ոչինչ չտարածել, քան տարածել անորակություն ու եղած անորակությունների շարքը համալրել:
-Նշում եք, որ համատարած անորակություն է տիրում, բայց նաեւ` առանձնացնում եք այն քչերին, ովքեր որակով երգ ու երաժշտություն են ներկայացնում ու տարածում: Ովքե՞ր են այդ քչերը:
-Չեմ կարող բոլորի մասին ասել, որ անորակ ու անճաշակ երգ ու երաժշտություն են տարածում, կան արժանավորները, չեմ ժխտում: Առանձնացնեմ մի քանիսին, չնայած բոլորին չէ, որ նշում եմ: Ինգա եւ Անուշ Արշակյանները, Տիգրան Պետրոսյանը, Էմմին, Անդրեն, «The Beautified Project» խումբը եւ առհասարակ բոլոր ռոք խմբերը: Մեր երգարվեստի նշածս ներկայացուցիչները բավականին որակյալ երաժշտություն են տարածում:
-Շատերը հաճախ կոմերցիոն նկատառումներից ելնելով են անորակ երգ ու երաժշտություն մատուցում: Դա արդարացո՞ւմ է: Այսինքն՝ հանուն փողի կարելի՞ է իրական արվեստը ետին պլանում թողնել:
-Իհարկե ոչ: Բնականաբար չի արդարացվում: Արվեստը կոմպրոմիսներ չի սիրում եւ չի ընդունում: Որեւէ արդարացում չկա այդպիսի նկատառումներով աշխատողների համար: Հանուն փողի արվեստը չի կարող արվեստ կոչվել. այն նման է արհեստի:
-Բոլորովին վերջերս ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ վաստակավոր արտիստի կոչումների արժանացան երգիչ Անդրեն եւ երգչուհիներ Անուշ եւ Ինգա Արշակյանները: Ձեր նշած արտիստներից երեքը արժանացել են վաստակավորի կոչման: Փաստորեն իրոք արժանի՞ էին:
-Համեմատած նախկինում վաստակավորի կոչումներ ստացածների, պետք է ասեմ, որ նրանք իրոք արժանի էին: Հատկապես ուրախ եմ Անուշ եւ Ինգա Արշակյանների համար: Նրանք արժանի էին եւ վաստակել էին այդ կոչումը ստանալու իրավունքը: Իսկ մնացածի ֆոնի ներքո Անդրեին վաստակավորի կոչում չտալը պարզապես սխալ կլիներ:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԿՄԱՅՐԱՆԱ
Դերասանուհի Մարիամ Շահինյանն իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ ինքն ու ամուսինը ցանկանում են բազմազավակ ընտանիք ունենանալ: Այսօր արդեն տեղեկանում ենք, որ երիտասարդ զույգը սպասում է իր առաջնեկին: Դերասանուհին հղիության 7-րդ ամսում է եւ մեծ սիրով ու պատասխանատվությամբ է մոտենում իր` առողջ երեխա լույս աշխարհ բերելու պատասխանատվությանը: Մարիամը օրվա ընթացքում պարտադիր լսում է դասական երաժշտություն: Սննդակարգին էլ յուրահատուկ ուշադրություն չի դարձնում` առաջնորդվելով այն գաղափարով, որ եթե մարդու օրգանիզմը ինչ-որ բան ուտելու կարիք է զգում, նշանակում է՝ իրեն օգտակար է:
ԼԱՅԱՆԱՅԻ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ
Երգահան Ռիչարդ Մադլենյանը նոր երգ է հեղինակել, որն այս անգամ կատարում են Լայանան եւ Արմեն Մովսիսյանը: Այն կոչվում է «Չէ, չէ»: Երգի խոսքերը գրել է Անահիտ Մխիթարյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Հակոբյանն է:
Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները շարունակվել են շուրջ մեկ ամիս, իսկ պրեմիերան տեղի է ունեցել երեկ` հոկտեմբերի 1-ին:
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՇԱՎ Է
Սեպտեմբերի 28-ին ծննդյան 46-ամյակը տոնած հայտնի դերասան եւ պրոդյուսեր Նաոմի Ուոթսը դարձել է «Tommy Hilfiger» բարեգործական արշավի դեմքը: Լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեն լուսանկարել է հայտնի աստղին «բարեգործական» պայուսակի գովազդի համար: Ի դեպ, նկարահանումները կատարվել են Նաոմի Ուոթսի՝ Լոս Անջելեսում գնտվող տանը: Առաջին տարին չէ, որ ամերիկյան այս հայտնի ապրանքանիշը համագործակցում Breast Health International բարեգործական ընկերության հետ. այս տարի նրանք արդեն ութերորդ համատեղ բարեգործական արշավն են կազմակերպել՝ վաճառքի հանելով սահմանափակ քանակությամբ պայուսակներ, որոնց հասույթի մի մասը (մոտ 100 դոլար յուրաքանչյուր պայուսակից) տրամադրվելու է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամին: Ի դեպ, պայուսակներն արժեն 299 դոլար եւ վաճառքում կհայտնվեն հոկտեմբերի 1-ից:
ԿՈՐԵԼ Է
Ռոման Պոլոյի Սմոյանի դիպլոմը՝ տրված Երեւանի դատական փորձագիտության եւ հոգեբանության ինստիտուտի կողմից՝ 2014թ.:
Համարել անվավեր: