ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԱՐՑԱԽ ՄԵԿՆԵԼ

Որքան էլ իշխող հանրապետականները փորձեն «անհաղթ աքլորի» կեցվածքով բարձրաձայնել, թե իրենք խնդիր չունեն, եւ ՀՀԿ-ն անմահ է, այնուամենայնիվ, իրադարձությունների զարգացումը գնալով այլ անհանգստություններ է արձանագրում: Եւ դա նկատելի է հատկապես ղարաբաղյան կլանի մոտ: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանում եւ Մինսկում սպասվող գործընթացները բավականին խորությամբ քննարկվել են Արցախում՝ Զորի Բալայանի գլխավորությամբ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Պարգեւ սրբազանի եւ կլանի այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ու, թերեւս, դրանով էր պայմանավորված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այցը Լեռնային Ղարաբաղ:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ «Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ այցելել է Հանրապետության հարավային թեւ: Նախագահին ուղեկցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք»: Նկատենք, որ Ծառուկյանն ամենեւին էլ ՀՀ այն պաշտոնյան չէ, որ հաճախ է Արցախ գնում: Հետեւաբար այս այցը չի կարելի սովորական համարել: Ամենայն հավանականությամբ Բակո Սահակյանը փորձել է Ծառուկյանից պարզել, թե ինչ սրության գործընթացներ են սպասվում հոկտեմբերի 10-ին ու դրանից հետո Հայաստանում՝ եռյակի կողմից: Իսկ թե էլ ի՞նչ են փորձել համոզել Ծառուկյանին, դժվար է ասել:

 

 

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչքանո՞վ է իշխող Հանրապետական կուսակցությունն անհանգստացած այն փաստից, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում պատրաստվում է հայտարարել, թե սպասվող նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն է առաջադրելու, ասաց. «Ես չգիտեմ, թե ով ինչ է ասել կամ ասելու, ես չգիտեմ, թե ով ինչ է ցանկանում կամ ցանկանալու, ես չգիտեմ, թե ովքեր են նախագահ դառնալու ցանկություն հայտնելու, բայց կարող եմ ասել, որ առանց Հանրապետական կուսակցության որոշման եւ պաշտպանության ոչ ոք չի կարող դառնալ ՀՀ նախագահ»: ՀՀԿ խմբակցության քարտուղարը կրկնեց ամիսներ առաջ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կողմից հնչեցված եւ քննադատության ենթարկված խոսքերը՝ ասելով, թե «Ով ցանկանում է դառնալ Հանրապետության նախագահ, այդ ճանապարհը անցնում է Մելիք-Ադամյան փողոցով»:

 

 
Երկու նախարարությունների միջեւ կարծես թե միջգերատեսչական լարվածություն է սկսվում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 26-ին տուգանել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Պատճառն այն է, որ այս տարվա հունիս ամսին նախարարության անունով հայտարարագրվել է 35653 խառը ապրանքներ, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը ճիշտ ժամանակին չեն ներկայացվել մաքսային մարմին: Այսինքն՝ Կառավարության ներկայացուցիչները կարծել են, թե կարելի է գերազանցել լիազորությունները եւ «տնավարի» փաստաթղթեր ներկայացնել: Սակայն իրավիճակը փրկելու համար ՀՀ Ֆինանսների նախարարությունը որոշել է գոնե սիմվոլիկ, բայց ամեն դեպքում պատժել որեւէ կերպ: Փաստի առթիվ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության լիազոր ներկայացուցչի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնները խախտելու մասին արձանագրություն, որի համար նա ենթարկվել է վարչական պատասխանատվության 50.000 դրամի չափով:

 

 

 

Հայաստանի թռչնարտադրությամբ զբաղվող ընկերությունները հայտնվել են անելանելի դրության մեջ: Բանն այն է, որ օգոստոսի 1-ից 10 դրամով թանկացած էլեկտրաէներգիայի գինը վատ ազդեցություն է թողել ընկերությունների գործունեության վրա: Սրան զուգահեռ ընկերություններն ունեն վարկային մեծ պարտավորություններ: Սակայն նրանց ամենաշատն անհանգստացնողը եւ մտահոգողը բնական մենաշնորհներ ունեցող ընկերություններ են, որոնք ամեն կերպ արհեստական խոչընդոտներ են ստեղծում: Խոսքը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասին է: Թռչնարտադրությամբ զբաղվող ընկերություններն ավելի շատ դժգոհում են այս կառույցների կողմից թելադրված պայմաններից եւ գնային քաղաքականությունից: Օրինակ՝ ՀԿԵ-ի վագոններով եգիպտացորեն են ներմուծում, որը պարտադրում է՝ գիշերային ժամերին այն դատարկել՝ տալով ընդամենը 4 ժամ ժամանակ: Հակառակ դեպքում տեղական արտադրողները տուգանվում են: Իսկ Կառավարությունն անհաղորդ է գործարարների խնդիրների նկատմամբ:

 

 
«ԴՈՒՔՅԱՆՉԻՆԵՐԻ» ԺԱՄԱՆԱԿԸ

ՀՀ ոստիկանությունը վերջապես որոշել է հետաքննություն սկսել սեպտեմբերի 25-ին Ոսկու շուկայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը տեսագրել էր, թե ինչպես է շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ջարդուխուրդ անում շուկայի աշխատակիցների սեղանները, որոնցից մի քանիսի մեջ գտնվում էին այդ աշխատակիցների սեփականությունը հանդիսացող ոսկյա զարդեր: Վաղարշը իր շուկայում սեղանիկներ վարձակալած առեւտրականներին դրել էր սեփական ճորտերի տեղը` որոշելով, որ դա է նրանց «խելքի բերելու» արժանի եղանակը՝ միտինգներին չմասնակցելու համար: Ավելին, իրեն դաստիարակված մարդ համարող (այդ մասին նա երեկ ասել էր մեր թղթակցին) «դուքյանչին» անգամ լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո չէր ընկրկել` շարունակելով պնդել, որ ճիշտ է վարվել:
Այս ամոթալի, խայտառակ միջադեպից հետո, սակայն, ամենասարսափելին այն էր, որ ահաբեկված առեւտրականներից որեւէ մեկը չհանդգնեց Վաղարշի դեմ բողոք ներկայացնել Ոստիկանություն, ինչն ամենացցուն կերպով ի ցույց է դնում Ս. Սարգսյանի «Ապահով Հայաստանում» մարդկանց անապահովության, ավելին` ահաբեկվածության եւ վախի աստիճանը:
Եվ երբ շատերն իրենց քննադատական խոսքն են հնչեցնում այս ոսկերիչների կամ էլ, օրինակ, Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումից չընդվզող սյունեցիների դեմ, պետք չէ մոռանալ, որ այդ մարդիկ վախենում են իրենց օրվա հացի, իսկ Սյունիքում` անգամ կյանքի համար, եւ ընդվզելու փոխարեն` առաջին իսկ հնարավորության դեպքում հեռանում ՀՀ-ից:
Վերադառնալով Վաղարշի «քաջագործությունների» գործով հետաքննություն սկսելու որոշմանը՝ նկատենք, որ անցած ութ օրերի ընթացքում Ոստիկանությունը մատնված էր անգործության` Գլխավոր դատախազության եւ Քննչական կոմիտեի հետ միասին: Համենայն դեպս` «Ժողովուրդ»-ի՝ նշված երեք կառույցներին ուղղված հարցումներին ի պատասխան ասվում էր, թե իրենք «հիմքեր չունեն» քննություն սկսելու համար՝ նաեւ հիշատակելով, որ հանցագործության մասին որեւէ բողոք չեն ստացել:
Սակայն այն բանից հետո, երբ նախօրեին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն Վաղարշ Աբրահամյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացրեց ՀՀ ոստիկանություն եւ գլխավոր դատախազություն, այս կառույցների համար մեկեն «հիմքեր հայտնվեցին»` ի դեմս «միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումների»:
Փաստորեն` Ոստիկանությունում հասկանալով, որ այս հարցով աղմուկը չի դադարելու, եւ իրենք էլ ուզած-չուզած` ստիպված են լինելու քննել «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» հաղորդումը, որոշեցին, դեմքը փրկելու նպատակով, հետաքննություն սկսել: Եվ դա արդեն իսկ հիմքեր է տալիս հոռետեսական կանխատեսումներ անելու առ այն, որ չափազանց «դաստիարակված» Վաղարշը հանգիստ կշարունակի ուտել իր բաղարջը` հարցերը լուծելով համապատասխան ատյաններում:

 




Լրահոս