ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱԽԱԳԱՀ ՉԵ՞Ն ԴԱՌՆԱ ԱՌԱՆՑ ՀՀԿ-Ի ՈՐՈՇՄԱՆ

Նախօրեին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջիկայում հայտարարել, որ գալիք նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը` լինեն այդ ընտրությունները հերթական, թե արտահերթ: Նշել էինք նաեւ, որ Ծառուկյանն անգամ հանդիպել է «Ազատամարտի նվիրյալներ» եւ «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ների կորիզի ներկայացուցիչների հետ ու կտրուկ շեշտադրությամբ հայտարարություն արել: Ազատամարտիկները Գ. Ծառուկյանից պահանջել են երաշխիքներ, թե ինչու պետք է վստահեն իրեն, ինչին ի պատասխան ԲՀԿ նախագահն ասել է, թե այս անգամ ինքը վճռական է տրամադրված ու կես քայլ անգամ հետ չի կանգնի: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ՝ պարզելու համար, արդյո՞ք ՀՀԿ-ում մտահոգված չեն ԲՀԿ-ի ակտիվությունից ու հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` նախագահ առաջադրվելու մտադրությունից:

-Պարո՛ն Մելիքյան, տեղեկություններ կան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջիկայում հանդես գալ հայտարարությամբ` տեղեկացնելով առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին: ՀՀԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում նման հնարավորությանը, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Ձեր նախկին կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն ի վերջո դեմ դուրս կգա ՀՀԿ-ին:
-Ես կարող եմ ընդամենը մեկ բան ասել. բոլոր նրանք, ովքեր նման նպատակներ են հետապնդում, պետք է իմանան` առանց Հանրապետական կուսակցության որոշման որեւիցե մեկը չի կարող դառնալ Հանրապետության նախագահ: Ես չգիտեմ, թե ով ինչ է ասել կամ ասելու, ես չգիտեմ, թե ով ինչ է ցանկանում կամ ցանկանալու, ես չգիտեմ, թե ովքեր են նախագահ դառնալու ցանկություն հայտնելու, բայց կարող եմ ասել, որ առանց Հանրապետական կուսակցության որոշման եւ պաշտպանության ոչ ոք չի կարող դառնալ ՀՀ նախագահ:
-Այդուամենայնիվ, կարծես թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միանգամայն վստահ է իր ուժերի վրա, առավել եւս, որ այսօրվա քաղաքական դաշտի մեծամասնությունը համախմբված է նրա շուրջ: Չե՞ք կարծում, որ այս դեպքում առանց հանրապետականների որոշման եւ պաշտպանության էլ Գ. Ծառուկյանը կարող է իր համար ցանկալի արդյունքի հասնել:
-Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի, բայց կրկնեմ՝ ով ցանկանում է դառնալ Հանրապետության նախագահ, պետք է իմանա, որ այդ ճանապարհն անցնում է Մելիք -Ադամյան փողոցով:
-Մի՞թե կհերքեք, որ ԲՀԿ-ի` եռյակի շրջանակներում սկսած «փողոցային» պայքարը՝ մարզային այցելություններն ու սպասվելիք հանրահավաքը, իշխանություններին մտահոգում է: Հատկապես, որ այդ ընթացքում նրանք հանդես են գալիս շատ կտրուկ հայտարարություններով:
-Դրանք իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ են: Այսօր ամեն մեկը իր ցանկալի տեղեկությունն է տարածում, որը որեւէ կապ չի կարող ունենալ իրականության հետ: Հանրապետական կուսակցությունն այդ առումով մտահոգություն չունի:
-ԲՀԿ-ն այն քաղաքական ուժերից մեկն է, որը դեմ է արտահայտվում Սահմանադրական բարեփոխումներին: Չե՞ք կարծում, որ նաեւ այս հարցի հետ կապված ԲՀԿ առաջնորդին կհաջողվի իր շուրջը հավաքել ժողովրդին ու արդյունքի հասնել:
-Ես կարծում եմ, որ Սահմանդրական բարեփոխումները կամ դրանք չիրականացնելը որեւէ մեկին հնարավորություն չի տալիս առանց Հանրապետական կուսակցության դառնալ Հանրապետության նախագահ: Ես նաեւ չեմ հասկանում այն քաղաքական ուժերին, ովքեր դեմ են արտահայտվում մի բանի, որը մինչեւ այսօր չկա: Չկա հայեցակարգը, որին քաղաքական ուժերը կողմ կամ դեմ կարտահայտվեն, ուստի կարծում եմ՝ օդում խոսելն անիմաստ է: Խոսել մի բանի մասին, որը գոյություն չունի, անլուրջ է:
-Տեսակետ կա, որ հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքը իշխանություններին տագնապի մեջ է գցել, այն աստիճան, որ արդեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նյարդերն են սկսել «տեղի» տալ: Եթե ՀՀԿ-ն այդքան վստահ է իր ուժերին, ո՞րն է նման տագնապի պատճառը:
-Նման բան իրականում գոյություն չունի, իշխանություններն ահաբեկված չեն: Սա հերթական հանրահավաքն է, ու այդտեղ որեւէ արտառոց բան չկա: Քաղաքական Քառյակը (կամ եռյակը, չգիտեմ՝ այդ օրը ինչպես կլինի, քանի որ այդ ուժերն ամեն օր փոփոխվում են) մինչեւ այսօր որեւէ հստակ հայտարարությամբ հանդես չի եկել, ու չեմ կարծում, որ այդ ամենը հաշվի առնելով՝ կարելի է ինչ-որ ահաբեկության կամ, ձեր ասած, տագնապի մեջ հայտնվել:

 

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՎՐԱ

Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խորհրդարանին ներկայացրեց 2013 թվականի ՄԻՊ տարեկան զեկույցը, որն անցավ շատ թեժ մթնոլորտում: Կ. Անդրեասյանի զեկույցից հետո անգամ ընդդիմադիր պատգամավորներին թվաց, որ նա շատ «նեղ» վիճակում է հայտնվել: Անդրեասյանը չթաքցրեց, որ իր կառույցը ճնշման է ենթրակվում ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

Օմբուդսմենը սկսեց այսպես. «2013 թվականը տխուր տարի է մեր ինստիտուտի համար, որովհետեւ վարկաբեկող որոշումները, խախտումներն են շատացել: Իսկ դրա պատճառը հետեւյալն է՝ երբ որեւէ պետական մարմին, օրինակ՝ դատախազությունը, անթույլատրելի, ուղղակի հակաիրավական ձեւով, հակամարդկային ձեւով անձնական հարձակումներ է գործում օմբուդսմենի վրա, ես ակնկալում եմ, որ գոնե մեկ պատգամավոր կհիշեցնի գլխավոր դատախազությանը երկու ինստիտուտների լիազորությունների ու հնարավորությունների մասին: Միայն այդ դեպքում, երբ հաջորդ անգամ մենք գրություն կգրենք, նա պատրաստ կլինի ՄԻՊ-ին պատասխանել, այլ ոչ թե փորձել տգեղ քաղաքական տեխնոլոգիաներով իր խնդիրը պարտակել: Մեր պետական մարմինները պետք է դադարեցնեն վարկաբեկել օմբուդսմենի ինստիտուտը երկրի ներսում: Այդ ժամանակ միջազգային կառույցներում մենք կլինենք շատ ավելի արդյունավետ»:
Կ. Անդրեասյանի հայտարարությանը պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Պարո՛ն Անդրեասյան, Դուք այսօր ասացիք, որ գլխավոր դատախազն անձնական հարձակում է իրականացնում Ձեր նկատմամբ: Ըստ իս՝ դա զավեշտալի է, որովհետեւ ես նման բան չեմ լսել»: Իսկ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ օմբուդսմենին հիշեցրեց, որ ինքն է մարդու իրավունքների պաշտպանը. «Դուրս է գալիս, որ մենք Ձեզ պետք է որոշակի մարմիններից, կառույցներից պաշտպանենք»,- տարակուսեց նա:
Ի պատասխան՝ Կ. Անդրեասյանը հայտարարեց. «Ես հուսով եմ, որ ԱԺ-ն, այո՛, կպաշտպանի ՄԻՊ-ին, որովհետեւ միակ կառույցը, որին ես հաշվետու եմ, եւ պետք է պաշտպանի ինձ, ԱԺ-ն է»: Ակնհայտ էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներն ամեն կերպ փորձում էին արդարացնել ՀՀ գլխավոր դատախազության պահվածքը, ինչի պատճառով էլ ոչ իշխանական ուժերի անդամները սկսեցին հօգուտ Անդրեասյանի խոսել:
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական մակարդակով անպատժելիությունը խրախուսվում է, եւ իր աջակցությունը հայտնեց ՄԻՊ-ին: Նույն խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն էլ իր խոսքում նշեց. «Զգացի, որ հուսահատվել եք: Բա տենց հուսահատված ո՞նց եք ժողովրդի շահերը պաշտպանելու: Ինձ մտահոգում է Ձեր հոգեվիճակը: Ո՞ւմ եք բողոքում, Դուք ինքներդ պետք է պաշտպանեք մարդկանց»:
«Ես հուսահատված մարդու ո՛չ հոգեվիճակ ունեմ, ո՛չ արտաքին, ո՛չ էլ գործելաոճ: Հուսահատ մարդիկ արտագաղթում են, ամեն ինչի մեջ սեւ են տեսնում, կամ կործանում են պետական որեւէ մի բան: Ես դրանցից ոչ մեկը չեմ անում… Հուսահատ մարդիկ էսքան չեն պայքարում, իսկ ես պայքարելու եմ, ի հեճուկս ընդդիմադիրների եւ իշխանության, ի հեճուկս բոլորի՝ պայքարելու եմ»,-հակադարձեց Կ. Անդրեասյանը: Օմբուդսմենն իր զեկույցը կշարունակի ԱԺ հաջորդ քառօրյայում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 
ԼՈՒՐԵՐ

«ՄՈՍԿՎԻՉԿԱՆ» ԴԱՏԱՐԿ Է
Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն՝ Արմեն Նազարյանին պատկանող, Սարյան փողոցում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետը գրեթե դատարկված վիճակում է: Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ հացի, կաթնամթերքի, մսի եւ այլ բաժիններ կիսադատարկ էին:
Ինչո՞ւ: Մեր հարցին Արմեն Նազարյանը պատասխանեց. «Կարող է հետաքննություն է եղել կամ հաշվարկ են արել, ամեն ինչ նորմալ է: Պետք է նշեմ նաեւ, որ մենք հիմա ապրանքի տեսականիները նոր ապրանքով ենք փոխարինում, որը կտեւի մոտ մեկ ամիս: Մեր հացի, խմորեղենի, արտադրամասն ենք ուզում զարգացնել»:
Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ սուպերմարկետը մատակարարող կազմակերպություններից վերցնում է ապրանքը՝ խոստանալով այն վաճառելուց հետո գումարը վճարել, սակայն այդպես էլ չի վճարում, ինչը լուրջ դժգոհություններ էր հարուցել մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ, որոնք մեծ պարտքեր են կուտակել: Այս օրերին Արմեն Նազարյանը, չհերքելով տեղեկությունը, ասել էր, թե խնդիրը կկարգավորվի:

 

ՉԵՆ ՊԱՏԺԻ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյո՞ք «պատժելու» են իրենց խմբակցության անդամ Սեյրան Սարոյանին, քանի որ վերջինս խմբակցությանը հակառակ հայտարարությամբ է հանդես եկել: «Ինչի՞ համար, ինչի՞ Սեյրան Սարոյանի հայտարարությանն ինչ է եղել, որ պատժենք, դուք ինչ գիտեք՝ մեր կամքն ի՞նչ է»,-հայտարարեց խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ նախօրեին, երբ խորհրդարանում քննարկվում էր հրատապ ժողով հիրավիրել ԱԺ նախագահի աշխատասենյակում՝ քննարկելու համար «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, պաշտոնաթող գենարալ Սարոյանը ինքնաբուխ հայտարարեց, թե «Արեք էս էլ ժողովրդի սրտով անենք: Ես զգում եմ, սաղիս մտքին էլ կա, որ ժողովրդի սրտով լինի, ի՞նչ եք քննարկելու այդքան: Բերեք ոնց կա, ըտենց թողնենք, մարդիկ գնան աշխատեն: Էլ ի՞նչ եք քննարկելու, հլը ասեք տենամ ի՞նչ պիտի խաբեք ժողովրդին: Տեսնում եմ՝ սաղիս մտքին կա, սաղդ ուզում եք էս գործն անել, բայց չեք ուզում՝ քննարկենք»:

 

ԽՆԴԻՐ ՉԿԱ
Օրերս ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանն աշխատանքից ազատվել է: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Ա. Գեղամյանի աշխատանքից ազատվելու պատճառն արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ անձնական խնդիրներն են եղել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել նախարար Մանուկյանից. «Նախկին փոխնախարարն արդեն հայտարարել է, թե ինչի համար է աշխատանքից ազատվել, ու ես այդ ամենին ավելացնելու բան չունեմ»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք որեւէ անձնական խնդիր չեն ունեցել:

 

 




Լրահոս