ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՄԱՐ
Համաձայն իշխանական կուլիսներում պտտվող խոսակցությունների՝ Հովիկ Աբրահամյանը, դեռեւս վարչապետ նշանակվելուց առաջ, խոստումներ էր տալիս, որ ամեն ինչ կանի` իր խնամի Գագիկ Ծառուկյանի քաղաքական ամբիցիաները զսպելու համար եւ հետ կպահի նրան իշխանական ձգտումներից: Հովիկ Աբրահամյանի այս նախաձեռնությունը կարծես թե դատապարտվում է ձախողման. Գագիկ Ծառուկյանը որոշել է գնալ մինչեւ վերջ: Նրա՝ Սերժ Սարգսյանին գահընկեց անելու ցանկությունը գնալով ավելի տեսանելի է դառնում:
Եւ պետք է արձանագրել, որ այսօրվա հայաստանյան իրավիճակում ամենադժվար կացությունը ստեղծված է հենց Հովիկ Աբրահամյանի համար: Որտե՞ղ պետք է լինի նա: Այս իրավիճակում վարչապետ Հովիկ Աբրահամյանին թերեւս երկու քայլ է մնում անել՝ կա՛մ ինքնամաքրվել ու հրաժարական տալով՝ անցնել խնամու` Գագիկ Ծառուկյանի կողմը՝ օգնելով հեղաշրջման իրագործմանը, կա՛մ դեմ գնալ վերջինիս եւ պահպանել երազած աթոռը՝ մնալով Սերժ Սարգսյանի կողքին:
Եթե դիտարկենք առաջին տարբերակը, ապա, թերեւս, պետք է արձանագրել, որ Հովիկ Աբրահամյանն ինքնամաքրման համար արդեն կորցրեց իր ամենամեծ շանսը, որ նրան տրվեց եռյակի մարզային հանրահավաքների մեկնարկի օրը՝ Սուրեն Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակել տալով: Այսինքն՝ ակնհայտ է, որ այդ որոշումը կայացրել էր Սերժ Սարգսյանը, ու, երբ ՀՀ նախագահի նստավայրից վարչապետին ստիպեցին Լիսկային նշանակել այդ պաշտոնում, նա ոչ թե ըմբոստացավ, այլ խելոք իրականացրեց հրահանգը՝ հասարակության ատելությունն իր վրա բեւեռելով: Սա նշանակում է, որ առայժմ Աբրահամյանը որոշել է մնալ Սարգսյանի կողքին:
Իսկ եթե, այնուամենայնիվ, վարչապետը որոշի երկար ժամանակով պահպանել աթոռը, կրկին հետաքրքիր իրավիճակ կլինի, քանի որ նա բազմաթիվ թելերով կապված է իշխանությունից, նեղացած, գրեթե պոկված այն ուժերից ու գործիչներից, որոնք պատրաստ են Սերժ Սարգսյանի պաշտոնանկության համար անասելի թվով գումարներ ծախսել: Արդյո՞ք նա կկարողանա համոզել շատերին՝ հետ կանգնել իշխանությունը տապալելու մտքից: Դժվար թե ստացվի: Վիրավորանքը Սերժ Սարգսյանից ու ղարաբաղյան կլանից առավել մեծ է:
Ինչպես հայտնի է՝ Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի երեխաների հարսանեկան քավորը տաշիրցի գործարար Սամվել Կարապետյանն է, որի եղբայրը եւս նեղացած է իշխանություններից եւ մի կողմ է քաշվել, քանի որ Սերժ Սարգսյանի երիտասարդ թիմը նրան խանգարեց ազնիվ աշխատել: Եւ եթե միայն այս երկու գործարարների՝ Ս. Սարգսյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքը եւ ֆինանսական կարողությունները, մարդկային ռեսուրսները մեկտեղենք, անխոս կարելի է պնդել, որ նրանք մեծ ցանկության դեպքում կարող են Հայաստանում ներքին հեղաշրջում իրականացնել:
«Ժողովուրդ»-ը վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանից փորձեց պարզել, թե ի՞նչ է պատրաստվում անել Հովիկ Աբրահամյանը, եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սրացման գնա, բացի այդ՝ հնարավո՞ր է, որ ՀՀ վարչապետը հրաժարվի պաշտոնից եւ միանա եռյակին, թե՞ կշարունակի մնալ իր պաշտոնում` սատարելով Սերժ Սարգսյանին: Մամուլի խոսնակն ասաց, որ ինքը տեղյակ չէ վարչապետի այդ հայտարարություններից եւ խոստումներից՝ հրաժարվելով բանավոր այլ մեկնաբանություն անելուց:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՉԵՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ
Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ոչ մի կերպ չի հաջողվում առանց զավեշտալի դեպքերի կամ մտքերի ԱԺ նիստ վարել: Երեկ՝ ԱԺ քառօրյայի վերջին նիստի օրը եւս Գալուստ Գրիգորիչը ստիպված եղավ կարգի հրավիրել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներին, քանի որ նրանք նիստի սկզբում որեւէ կերպ չէին կարողանում «դասավորվել» ու լսել ԱԺ խոսնակին: Նախկին ուսուցիչ Գ. Սահակյանն իր աթոռին նստելուց հետո բարկացավ. «Անվանական դիտողություն անե՞մ, թե՞ …»: Այս խոսքերից հետո մի քանի րոպե պատգամավորները դադարեցրին իրենց խոսակցությունները: Սակայն րոպեներ անց դահլիճում նույն ակտիվությունը սկսվեց. «Էտ ի՞նչ ճոխ խոսակցություն է էդտեղ, պարո՛ն Մելիքյան, ի՞նչ ա պատահել: Աղմկում եք, ուշադի՛ր, խնդրեմ»: Նշենք, որ նիստը խանգարողների թվում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ու նույն խմբակցության անդամներ Արտակ Սարգսյանը (Սասի Արտակ) ու Արթուր Ստեփանյանն (Չախկալ) էին:
ՇՆՈՐՀԱՎՈՐ
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության նախկին պետ, գնդապետ Սայադ Շիրինյանը նշանակվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի առաջին տեղակալ:
ԽՈՐԱՄԱՆԿ Է
Երեւանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը սկսել է քավել իր գործած մեղքերը: Օրեր առաջ շուկայում դրսեւորած գազանությունից հետո, երբ «Ժողովուրդ»-ի տեսանյութում հստակ երեւում է, թե ինչպես է նա ի թիվս շատ սեղանների, կոտրում նաեւ անօգնական վիճակում հայտնված մի տիկնոջ սեղան, պարզվում է՝ ազդել է «դաստիարակված» մարդու վրա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վաղարշ Աբրահամյանն այդ տիկնոջը բջջային հեռախոս է նվիրել, որպեսզի «սիրտը շահի»:
Բացի այդ, երեկ հերթով մոտեցել է շուկայի վաճառականներին բարեհամբույր տոնով ասել, թե կարող են գնալ բողոքի ակցիայի: Սակայն որոշ վաճառականներ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ Աբրահամյանի այս քայլը ոչ թե ամոթի կամ բարեհաճության դրսեւորում է, այլ սովորական խորամանկություն: Բանն այն է, որ Վաղարշ Աբրահամյանը եւս շուկայում բազմաթիվ սեղանիկներ ունի, որոնց վաճառականները գիշեր-ցերեկ աշխատում են եւ բողոքի կարիք էլ չունեն: Ու երբ մյուս սեղանիկները ժամերով «փակվում են» ակցիաների պատճառով, Աբրահամյանին պատկանող վաճառասեղանների ոսկե զարդերը ավելի մեծ քանակությամբ են վաճառվում:
ՋՈՒՐ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ
ՀՀ Արարատի մարզի Դվին համայնքը երեկվանից ոռոգման ջուր ունի: Սակայն պետք չէ շտապել ուրախանալ, քանի որ վաղը դվինցիները նորից կջրազրկվեն: «Ժողովուրդ»-ի երեկվա հրապարակումից հետո Դվինի համայնքապետ Արծրուն Աբրահամյանը տեղեկացրեց, որ վաղն իրենց ոռոգման ջուրը կկտրեն ու կտան Վերին Դվին եւ Գետազատ համայնքներին: Իսկ Դվինը եւս չորս օր կմնա առանց ոռոգման ջրի:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ
Երեկ ՀՀ Կառավարությունը 755 միլիոն դրամ (մոտ 1.8 միլիոն դոլար) է հատկացրել Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Գլխավոր դատախազության, Պետական պահպանության ծառայության, Հատուկ քննչական ծառայության ծառայողների եւ Ֆինանսների նախարարության աշխատակիցների բնակարանային պայմանների բարելավման համար:
ՕՐԵՆՔԸ ՉԵՆ ՓՈԽԻ
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը երեկ Աժ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ հրաժարվել է որեւէ զիջման գնալ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության հարցում: Այս մասին քննարկումից հետո հայտնել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: «Այս պահին համարում եմ, որ փակուղի է, մենք հույս ունեինք, որ էս մեկ օր ժամկետում կոմպրոմիսների կգային, բայց հիմա շատ հստակ է՝ կառավարությունը ոչ մի զիջման չի գնում»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։
ՉԵՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ
Այն խնդիրները, որոնց մասին հիմա բարձրաձայնում են ընդդիմադիր ուժերը, կառավարությունը վաղուց է քննարկել: Անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի շուրջ ստեղծված իրավիճակին եւ ընդդիմադիր ուժերի ելույթներին` երեկ լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ընդգծելով. «Օրենքը կառավարությունը չի կասեցնում, Ազգային ժողովն է կասեցնում, մենք էլ ասում ենք՝ եկեք քննարկենք, լուծում տանք»: Աբրահամյանը վստահեցրել է, թե որեւէ ստուգում չի լինելու:
ՀԱՄՈԶՎԱԾ Է
Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ ԳՄ նիստից առաջ երեկ հայտարարել է, թե համոզված է, որ հոկտեմբերի 10-ին ստորագրվելու է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրը: «Սպասենք հոկտեմբերի 10-ին եւ կտեսնենք, թե ինչ կլինի, եկեք կանխատեսումներ չանենք, բայց ինքս համոզված եմ, որ անդամակցելու ենք այդ օրը»,-ասել է վարչապետը: Ի դեպ, նշենք, որ երեկ կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու ծրագիրը:
13 ՏԱՐԻ` ԽԱՉԻԿՅԱՆԻՆ
Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով երեկվա դատական նիստում մեղադրող դատախազ Հ. Ենոքյանը պահանջել է Վազգեն Խաչիկյանին դատապարտել ազատազրկման` 13 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, Աշոտ Աբրահամյանին՝ 6 տարի, 6 ամիս, Հովհաննես Գրիգորյանին՝ 6 տարի, 2 ամիս, Սամվել Էլբակյանին` 5 տարի, Վիգեն Գրիգորյանին՝ 4 տարի, 6 ամիս ժամկետով` գույքի բռնագրավմամբ, Վահագն Խաչատրյանին՝ 5 տարի, 6 ամիս, Հովհաննես Հովհաննիսյանին` 5 տարի, 6 ամիս` գույքի բռնագրավմամբ, Սարգիս Սարգսյանին` 4 տարի, 7 ամիս ժամկետով, Արթուր Սուքիասյանին` 4 տարի, 6 ամիս` գույքի բռնագրավմամբ, Համլետ Մարտիրոսյանին` 4 տարի` գույքի բռնագրավմամբ, Բագրատ Մուրադյանին` 4 տարի` գույքի բռնագրավմամբ, Հրանուշ Դանիելյանին` 4 տարի, սակայն պայմանականորեն չկիրառել, սահմանել 1 տարի փորձնաշրջան: Իսկ Արմեն Խաչատրյանին` 4 տարի` գույքի բռնագրավմամբ: Հաջորդ նիստին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով:
ՀԱՆՐԱՅԻՆԸ ԱՆԱՉԱՌ ՉԷ
Հանրային հեռուստառադիոընկերության 2013թ. աշխատանքի հաշվետվության ներկայացման ընթացքում երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարել է, թե Հանրայինը օպերատիվ ու անաչառ չէ: «Դուք ասում էիք, որ հասարակության 80 տոկոսը դեմ է Կենսաթոշակայինին, բա ինչի՞ էդ 80 տոկոսի տեսակետը Հանրայինով չներկայացվեց: Ես ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունից եմ, Հանրայինով եթեր չեմ ունեցել: Առեւտրականները ԱԺ-ի դիմաց, Գյումրիում, ամենուր բողոքում են, Հանրայինով չկա»,- իր գնահատականը հիմնավորել է պատգամավորը:
ՎԵՐՋԱՊԵՍ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
Երեկ վաղ առավոտյան ավելի քան 1 տարի ռազմագերու կարգավիճակում գտնվող Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է հայրենիք: Վերջինս իրեն դիմավորած հայրենակիցներին հայտնել է, որ ցանկանում է շարունակել ծառայությունը: Armlur.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է, որ Ինջիղուլյանը շարունակելու է ապրել եւ աշխատել Հայաստանում: Նա նաեւ շարունակելու է ծառայությունը ՀՀ զինված ուժերում: