ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մոտ մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի կենտրոնում` ավտոկայանի տարածքում (կոլցեվոյի մոտ), տեղադրված հուշարձանը անհետացել է: Բնակիչներին հասած տեղեկությունների համաձայն՝ ալյուր մատակարարող ավտոմեքենան խանութ մտնելիս հարվածել է արձանին եւ կոտրել այն, ու հիմա ո՛չ արձանը կա, ո՛չ մեքենան: Ո՞վ պետք է պատասխան տա, թե որտեղ է մեր հուշարձանը, ինչու չկա:

Սուսաննա Բարսեղյան, 35 տարեկան, մանկավարժ


ՊԱՏԱՍԽԱՆ. Վոլոդյա Գասպարյանի կողմից 1992 թվականին կառուցված «Խաղաղություն» խաչքարը հաշվառված չէ ՀՀ պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Այդուհանդերձ, արձագանքելով Ս. Բարսեղյանի մտահոգությանը՝ Գեղարքունիքի մարզի մեր ծառայության միջոցով պարզեցինք, որ շուրջ մեկուկես ամիս առաջ խաչքարը ջարդվել է ավտովթարի հետեւանքով: Քաղաքապետարանը հաջորդող օրերին ավտովթարի մեղավորներից  պահանջել է վերականգնել, ու հիմա արձանը տեղափոխվել է այլ վայր՝ վերականգնման նպատակով:
Ուզում ենք տեղեկացնել, որ ՀՀ պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված է շուրջ 25.000 հուշարձան, որից պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա է 19 հազարը:   

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների
եւ պատմական միջավայրի պահպանության
ծառայություն» ՊՈԱԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թե որտեղ է այլ վայր ասվածը, եւ ինչքան ժամանակում կվերականգնվի հուշարձանը, այդպես էլ պարզ չէ: Միայն հասկանալի է դառնում, որ Հայաստանում անգամ պատմական կոթողները պաշտպանված չեն: Իհարկե, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն անմիջապես պատասխանատվությունն իր վրայից գցում է քաղաքապետարանի վրա, իսկ քաղաքապետարանն էլ՝ ալյուրի մեքենայի: Արդյունքում՝ քաղաքի արժեքավոր հուշարձանը չկա:




Լրահոս