ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԽԻՍՏ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ` ԾԵԾԻ ԳՈՐԾՈՎ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ Հրավարդ Սարգսյանի (Գագիկ) դաժան ծեծի գործով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը խիստ հանձնարարականներ է տվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին՝ 18:30-ին, 1995թ. ծնված Մանուկը, վարելով BMW մակնիշի ավտոմեքենա, Վարդենիս-Երեւան ավտոճանապարհի 1-ին կմ հանդիպել է դիմացից երթեւեկող Վազ-21/150 մակնիշի մեքենային, որի մեջ էին եղել 38 տարեկան Մարտին Հակոբյանը, 27 տարեկան Զոհրաբ Կարապետյանը եւ 27 տարեկան Հրանտ Շաբոյանը: Ճանապարհը չզիջելու պատճառով սկսված վիճաբանությունն ավարտվել էր Հրավարդ Սարգսյանին (Գագիկ) եւ նրա որդուն՝ Մանուկ Սարգսյանին, դաժան ծեծի ենթարկելով: Դեպքից հետո Գագիկը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մի քանի օր անց մահացել էր: Իսկ Մանուկը դեռ ամբուլատոր բուժումներ է ստանում: Այս գործով ձերբակալվել էին երկու հոգի՝ Հրանտ Շաբոյանը եւ Մարտին Հակոբյանը: Հրանտը կալանավորված է, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար, պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով): Իսկ, ահա, Մարտին Հակոբյանին առաջադրված մեղադրանքը դեռեւս պարզ չէ. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Մարտինին երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ ազատ են արձակել, քանի որ վերջինս ցուցմունք է տվել է, թե ինքը ծեծի հետ կապ չունի:
Ավելին, ըստ շրջանառվող լուրերի, դաժան ծեծի հետեւանքով մահացած Գագիկի որդին, իբրեւ թե, ոստիկանությունում ցուցմունք է տվել, որ Մարտինը օգնել է իրեն, որպեսզի ծեծված հորը ջուր տա եւ տեղափոխել է հիվանդանոց:
Եվ այսպես, կատարվածի մանրամասները պարզելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Մարտին Հակոբյանի հոր` Մարատ Հակոբյանի հետ: Նրա խոսքերով՝ ինքը որդուն դեռ չի տեսել եւ անգամ տեղյակ չէ` ազատե՞լ են նրան, թե՞ ոչ:
«Դեպքի իրիկունը զանգեցի, ասեցի՝ Մարտին ո՞ւր ես, ասեց, թե պապ գնացել եմ Երեւան: Ասեցի՝ բա երբ կգաս, ասեց, որ առավոտը կգամ: Ավելի ուշ իմացա, որ սենց դեպք է եղել: Հետո ասեցին, որ ինքը գետնին ընկած մարդուն օգնություն է ցույց տվել, մահացողի տղայի հետ այդ մարդուն դրել, բերել են հիվանդանոց: Ինձ այդ մասին տեսնողներն են պատմել: Իմ տղան չկա: Մենակ լսել եմ, որ եկել է ոչ թե ոստիկանության Վարդենիսի բաժին է հանձնվել, այլ ոստիկանության Գավառի բաժնում է հանձնվել»: Թերեւս նկատի ունի ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունը:
Մեր այն հարցին, որ, եթե իր որդին չի ծեծել, այլ օգնել է դաժան ծեծի ենթարկված Գագիկին, ապա ինչո՞ւ է փախուստի դիմել, հայրը պատասխանեց. «Երեւի, որ կատարվածի կամ իր ընկերների արարքի համար վկայություն չտա, էլ բան չեմ պատկերացնում»:
Ըստ մեր զրուցակցի՝ դեպքից հետո մահացած Գագիկի հարազատները ասել են, թե կգնան եւ կայրեն նրանց բնակարանները. «Մեր տունը ոստիկաններն են հսկում: Կինս գնացել է կողքի գյուղ, աղջիկս իր երեխաների հետ նույնպես գնացել է տանից: Մի խոսքով՝ ո՛չ իմ, ո՛չ եղբորս տանը մարդ չկա, եւ պատկերացրեք՝ այս ամենը եղել է մի մեքենայի ազդանշանի, ճանապարհը չզիջելու համար»:
Եթե մահացածի հարազատները, ըստ շրջանառվող լուրերի, հայտարարել են, որ կայրեն ծեծողների բնակարանները, ապա ինչպես է ստացվում, որ մահացածի որդին ոստիկանությունում ցուցմունք է տալիս, թե Մարտինը օգնել է իրեն: Միգուցե մահացածի հարազատներին սպառնացե՞լ են, թե՞ շրջանառվող լուրերը իրականություն չեն: Բայց միայն սա չէ տարակուսելին:
Հետաքրքիր է՝ այդ ինչպե՞ս են եռօրյա կարճ ժամանակահատվածում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանը եւ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Վալերի Բաղյանը հասկացել, որ Մարտին Հակոբյանն անմեղ է, եւ ստորագրությամբ ազատ են արձակել նրան, թե՞ վերջիններս այս քայլին գնացել են միանգամայն այլ դրդապատճառներով:
Ինչեւէ, ոստիկանների գլխին պահած «սառը ցնցուղը» չուշացավ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը նախօրեին այցելել է Գեղարքունիքի մարզ եւ այս աղմկալի ծեծի գործով խիստ հանձնարարականներ տվել: Մեզ հասած տեղեկություններով՝ Հովսեփյանը հանձնարարել է միջադեպի մասնակիցներից Մարտին Հակոբյանի կատարած արարքին ճիշտ որակում տալ: Ուստի չի բացառվում, որ Մարտին Հակոբյանին, որը ներկայումս ստորագրությամբ ազատ է արձակվել, նոր մեղադրանք առաջադրվի, որին էլ հետեւի կալանքը:

 

 

 

ՄԱՍԻՍԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԹԵԺ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ

Երեկ Մասիսի առաջին ատյանի դատարանում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի եւ Արթուր Զադոյանի գործով դատական նիստից առաջ եւ ընդմիջման ընթացքում դատարանի միջանցքում կրքերը թեժ էին:

Նախ հիշեցնենք գործի մասին. 2009-ին Երասխ-Երեւան ավտոճանապարհին ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ժամանակ Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու մեծ բանալիով (ձողով) հարվածել էր Կարապետյանի գլխին: Վերջինս էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ` վնասելով աջ ուսն ու աջ ոտքը: Ավելի ուշ Կարապետյանը հայտարարեց, թե Զադոյանն իրեն դարանակալել է եւ ցանկացել հաշվեհարդար տեսնել, որպեսզի ունեցած 57 հազար դոլար պարտքը չտա:
Նշենք, որ այս գործը կասեցվել էր մեղադրյալ Զադոյանի առողջական խնդիրների պատճառով, սակայն հիմա` 4 տարի անց, վերաբացվել է: ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը դատարանի դահլիճում հայտարարեց, թե ինքը նամակ է գրել ՀՀ նախագահին, որ գործը վերաբացվի:
Իսկ երբ մտավ դատարանի շենք, հայտարարեց, թե դատական նիստին եկած լրագրողներին կանչել է մեղադրյալ Զադոյանը, քանի որ նա Հատուկ քննչական ծառայության քննիչին ասել է, թե «լրագրողներով կվախեցնեմ Կարոյին, որ փողերը չուզի»: «Ի՞նչ եք ուզում, ինչո՞ւ եք եկել: 14 անգամ դատված մարդու համար ե՞ք եկել: Գիտե՞ք ինչքան մարդկանց է խաբել: Ես կարող եմ անուններ տալ. նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանին եւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանին խոստացել է մեքենա բերել, փողերը վերցրել, չի տվել: Նա խարդախ հանցագործ է: Նա զակազ է կատարում: Չգիտեմ՝ ում զակազն է, բայց երեւի կասի, էլի: Ինչո՞ւ չեք հարցնում Արթուր Զադոյանից, թե ինչո՞ւ է զանգահարում Օնիկ Հովհաննիսյանի տուն եւ ահաբեկում նրան, թե ընտանիքիդ անդամներին կսպանեմ, եթե ցուցմունքդ չփոխես: Եթե մի մարդ երկու քրոջ առնի, էլ ինչ կարամ ասեմ: Ինքը 104` սպանության հոդվածով պետք է բերդի ծակում փտած լիներ»:
Այն հարցին, թե Դո՞ւք եք կրակել Արթուր Զադոյանին, պատգամավորը չժխտեց. «Այո՛, ես եմ կրակել, բա թողնեի, որ ինձ սպանե՞ր: Լոմով երեք անգամ հարվածեց գլխիս, արյունը չռում էր գլխիցս: Եթե ես իրեն ցանկանայի սպանել, ապա գլխից կխփեի»:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչո՞ւ է մշտապես հայտնվում նման աղմկալի պատմությունների մեջ, պատգամավորը պատասխանեց. «Որ բերում, սարքում են, ի՞նչ անեմ: Չէ, քաղաքական բան չկա, ման մի՛ եկեք»:
ԲՀԿ-ական պատգամավորը խիստ վրդովված նշեց, որ Արթուր Զադոյանի որդին եւս խարդախություններ է արել, որի ապացույցներն ինքը ունի եւ եթե ցանկանա խոսել այդ մասին, դա կլինի «բոմբ»:
Նկատենք, որ Կարո Կարապետյանի հայտարարությունները լսում էր նաեւ Արթուր Զադոյանը, եւ մեր այն հարցին, թե ճիշտ են արդյո՞ք պատգամավորի խոսքերը, որ նա պատգամավորների է խաբել, 14 անգամ դատապարտված է եղել, իր որդին՝ Միքայել Զադոյանը, ոստիկանության Էրեբունի քննչականի քննիչ է, ով եւս խարդախություն է արել, եւ գործը կոծկել են, Արթուր Զադոյանը պատասխանեց, թե սուտ են` հրաժարվելով հավելումներ անելուց:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

ԲԼԹ

 

«Յա, ի՞նչ է էղէ օր»:

Սուքիաս Ավետիսյան News.am

Ի՞նչ պետք է լինի որ, առանձնապես՝ ոչինչ, Գյումրիում առեւտրականները բողոքի ցույց են անում, բանը հասնում է նույնիսկ ոստիկանության հետ բախումների, իսկ ՀՀԿ-ական պատգամավորը իբրեւ թե նոր սկսում է հետաքրքվել: Կարեւոր չէ, թե տեղին է արդյո՞ք առեւտրականների բողոքը, թե՞ ոչ, լա՞վն է նոր օրենքը, թե՞ վատը, բայց, ամեն դեպքում, խոսքը բավականին լուրջ փոփոխության մասին է, որն անկախ մոտեցումներից` քննարկում է պահանջում: Նաեւ ցանկացած հանրահավաք` անկախ բովանդակությունից, լուրջ իրադարձություն է, եւ պատգամավորն ի սկզբանե պարտավոր է իմանալ, թե ինչ է եղել:

 

 

«2015 թ. պետական բյուջեի նախագիծը նախատեսելու է արդյո՞ք լրացուցիչ միջոցներ կոնկրետ Հանրային ռադիոյի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ»:

Սամվել Ֆարմանյան Tert.am

ՀՀԿ-ական այս պատգամավորը, եթե չենք սխալվում, 2010-2012 թվականներին աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում եւ Հանրային ռադիոընկերությունում` որպես լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն: Հետաքրքիր է՝ այդ տարիներին արդյո՞ք Սամվել Ֆարմանյանին չէր մտահոգում իր աշխատակիցների ցածր աշխատավարձ ստանալու խնդիրը, եւ ինչո՞ւ այն ժամանակ նման խնդիր չէր բարձրացնում կամ ինչո՞ւ հենց այդ տարիներին Ֆարմանյանն այդ հարցերը չլուծեց: Իսկ հիմա պատգամավոր դարձած Ֆարմանյանը մտել է մտահոգվողի կերպարի մեջ եւ արդեն նման հարցեր է բարձրացնում:

 

 

«Չէ, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, ոչ մի կերպ էլ չեմ պատրաստվում, ինչպե՞ս պետք է պատրաստվեմ»:

Հովիկ Աբովյան «Հրապարակ»

Տավուշի ՀՀԿ-ական մարզպետի համար երեւի բոլոր խնդիրները վերացել են այն օրից, երբ նրա նկարը հայտնվեց Նոյեմբերյանի եկեղեցու պատին, իսկ «սրբացվելուց» հետո էլ ի՞նչ խնդիր կարող է ունենալ մարդը, նա պարզապես կարող է ապրել երանության մեջ` չնկատելով, թե ինչ է շուրջը կատարվում: Օրինակ՝ եռյակի նախապատրաստվող հանրահավաքն Իջեւանում Հովիկ Աբովյանին իբրեւ թե չի մտահգում: Լավ, իսկ Ծառուկյանի ռեսուրսներն օգտագործելով` եռյակը ավտոբուսներով մարդիկ բերի լցնի, այդ դեպքում է՞լ է «սուրբ» մարզպետը ձեւացնելու, թե իրեն ոչ մի հանրահավաք չի մտահոգում:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 




Լրահոս