ԴՊՐՈՑԸ ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ Է
Շիրակի մարզի Բերդաշեն համայնքի դպրոցում սովորող 50 աշակերտների կեսից ավելին դպրոց չի հաճախում: Պատճառը վախն է. դպրոցի շենքն ուր որ է կփլուզվի, երեխաներն էլ կմնան փլատակների տակ:
Շենքը շահագործման է հանձնվել 1964 թվականին եւ երբեք չի վերանորոգվել: Երկրաշարժից դպրոցի հիմքն ամբողջությամբ խարխլվել է, պատերը շարժվում են, քարերը՝ ընկնում: Ուսուցիչները դժգոհում են. աշակերտները դասի չեն գալիս, բայց մյուս կողմից էլ հասկանում են ծնողների մտահոգությունը. երեխայի կյանքն է վտանգվում: Դպրոցում վառարանները հոկտեմբերից տեղադրվում են, քանի որ փլուզված պատերից եւ կոտրված պատուհաններից ցուրտն անընդհատ սողոսկում է: Մանկավարժներն ու աշակերտները մեզ հետ զրույցում նշեցին, որ խոնավ ու ցուրտ դպրոց հաճախելուց պարբերաբար առողջական խնդիրներ են ունենում: Ներսում սանհանգույց էլ չկա, երեխաներն օգտվում են դրսում կառուցված փայտաշեն զուգարանից, իսկ փոքրիկների համար ձմռանն այնտեղ հասնելը հերոսություն է:
Շիրակի մարզպետարանի համապատասխան բաժնում ուսուցիչների եւ ծնողների կողմից խնդիրը բազմիցս բարձրացվել է, սակայն պատասխանը, ինչպես միշտ, հուսադրող չէ: Ասում են` բյուջեի սղության պատճառով դպրոցն առաջիկա տարիներին վերանորոգել հնարավոր չէ, պետք է սպասել մինչեւ 2017 թվականը, որպեսզի որեւէ ծրագրի շրջանակներում կարողանան վերանորոգումն իրականացնել:
Ի դեպ՝ որոշված չէ անգամ դպրոցի վթարայնության աստիճանը, բայց որ շենքն ամեն օր մաս-մաս փլուզվում է, հստակ տեսանելի է:
Մանկավարժների եւ ծնողների խնդրանքը հիմա մեկն է. գոնե դպրոցը ժամանակավոր տեղափոխեն այլ տարածք, օրինակ՝ գյուղապետարան, որտեղ ազատ սենյակներ շատ կան:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
ՋԱՂԻՆՅԱՆԸ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՉԷՐ ԵԿԵԼ
Հոկտեմբերի 2-ին` ԱԺ քառօրյայի վերջին օրը, շարունակվում էր Հանրային հեռուստառադիոընկերության՝ 2013 թվականի աշխատանքի հաշվետվության ներկայացումը: ԱԺ խմբակցության մի շարք պատգամավորներ իրենց ելույթներում անդրադարձան հեռուստառադիոընկերության աշխատանքներին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը իր ելույթում նշեց, որ Հանրայինը օպերատիվ ու անաչառ չի աշխատում: «Հանրայինը պետք է սպասարկի հանրության բոլոր շերտերի շահերը: Դա ձեր կանոնակարգում է նշված: Դուք ասում էիք, որ հասարակության 80 տոկոսը դեմ է Կենսաթոշակայինին, բա ինչի՞ էդ 80 տոկոսի տեսակետը Հանրայինով չներկայացվեց: Ես ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունից եմ, Հանրայինով եթեր չեմ ունեցել: Առեւտրականները ԱԺ-ի դիմաց, Գյումրիում, ամենուր բողոքում են, Հանրայինով չկա»,-նշեց պատգամավորը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարեւոր համարեց ֆինանսական հատվածի թափանցիկ լինելը: «Ինձ համար նախընտրելի կլիներ, որ ֆինանսական հատվածն ավելի բացված լիներ: Մասնավորապես կարդում ենք, որ Հանրայինը բյուջե է փոխանցել 12 մլն շահույթ: Մի կողմից ուրախալի է, մյուս կողմից հարցեր են առաջանում: Կարդում ենք, որ վարկային միջոցներ են ներգրավվել, իսկ այնուհետեւ պետբյուջեն 850 մլն դրամ է փոխանցել, որով փակվել են նաեւ վարկային հարցերը: Իրադարձությունների եւ փաստերի անհամատեղելիութուն է ստացվում: Համահայկական հաղորդումներ պատրաստելու կարիք եւս ունենք, քանի որ սփյուռքից լուրջ լսարան ունենք: Հայ դատը եւս անտեսել պետք չէ: Պետք է փորձագիտական կենտրոնների մասնակցությունը եւս կցել գործընթացին»,-հավելեց նա:
Տեղեկացնենք նաեւ, որ հաշվետվության ներկայացմանը ներկա չէր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, ով գործուղման էր մեկնել արտերկիր: Հանրայինի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հանձն առավ ԱԺ նիստի ժամանակ պատգամավորների հնչեցրած բոլոր դիտարկումները բառացի փոխանցել Ջաղինյանին:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ