«ՑԱՎՈՔ, ԱՄԵՆՈՒՐԵՔ Է ԱՅԴ ՎԻՃԱԿԸ»
Շոումեն-երգիչ Սամվել Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց իր տեսակետը հայկական երգարվեստում եւ հեռուստատեսությունում առկա վիճակի մասին` ասելիքն ամփոփելով մեկ բառով. «Հիասթափված եմ»:
-Սամվե՛լ, երկար տարիներ լինելով հայկական շոու-բիզնեսում, Ձեր դիտարկմամբ, ինչպիսի՞ փոփոխություններ են այստեղ գրանցվել, արդյո՞ք զարգացման միտումներն ավելի շատ դրական են, քան բացասական:
-Լավ բան չեմ կարող ասել, համատարած անորակություն եւ անճաշակություն է տիրում: Դեռեւս տարիներ առաջ էր երգիչ-երգահան Արթուր Գրիգորյանը փորձում այս բարձիթողի վիճակը շտկել: Նա այդ ուղղությամբ տարիներ շարունակ աշխատեց, բայց որեւէ նկատելի արդյունքի չհասավ: Ավելի ճիշտ` ոչ թե որեւէ արդյունքի չհասավ, այլ ձեռքբերումները ջուրն ընկան: Այսօր այնքան շատ են մարդիկ, ովքեր չեն էլ հասկանում, թե ո՞ւր են գնում, ի՞նչ առաքելություն ունեն, ինչի՞ համար են այդ վայրում գտնվում: Հիմա պահանջները փոխվել են, ճաշակները` նույնպես: Հայրենասիրական, ճիշտ եւ որակյալ երաժշտության պակաս ունենք մենք հիմա: Ավելի շատ մոդայիկ է երգել հարսանիքների, քավորների, հարսի շորերի մասին: Էլ չեմ էլ ուզում շարունակել, պարզապես կասեմ, որ համատարած է այդ անճաշակությունն ու անորակությունը: Բացառություններին չենք մոռանում: Բայց ցավալի է, որ այդ բացառությունները շատ հազվադեպ են դարձել:
-Գրեթե բոլորն են այդ որակումը տալիս, բայց չէ՞ որ այդ բնագավառի յուրաքանչյուր ներկայացուցիչ իր հերթին պետք է այդ անորակությունը շտկի:
-Համամիտ եմ: Յուրաքանչյուրն իր հերթին պետք է այդ աճաշակությունը վերացնի, աշխատի այդ ուղղությամբ, լուրջ քայլեր անի: Նաեւ Մշակույթի նախարարությունը պետք է համապատասխան կառույցներ ստեղծի՝ այդ վիճակը շտկելու համար: Ցավալի է, բայց այս վիճակն իրականում շատ ոլորտների վրա է ազդում, այնպես որ, պետք է լրջագույն ուշադրություն դարձնել: Հիասթափված եմ:
-Հայկական հեռուստաընկերություններով հեռարձակվող հաղորդումների բովանդակության մասին ի՞նչ կարող եք ասել:
-Վերջերս սկսել եմ շատ քիչ հետեւել հեռուստաընկերությունների գործունեությանը եւ վարած եթերային քաղաքականությանը: Պետք է ասեմ, որ միայն Արմնյուս հեռուստաընկերության եթերին եմ հետեւում: Այդ հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդումների եւ հատկապես լրատվական հաղորդումների որակից գոհ եմ: Նաեւ ասեմ, որ հեռուստաընկերությունների աշխատանքին չհետեւելս կապված չէ միայն եթերի վատ որակի հետ: Ժամանակ էլ առանձնապես չունեմ: Բայց եթե գրավիչ հաղորդումները շատ լինեին կամ էլ առհասարակ լինեին, ես ավելի հետեւողական կլինեի: Նաեւ շատ ցավալի է այն փաստը, որ հեռուստաընկերության դեմքերն այն մարդիկ են, ովքեր գրեթե իրավունք չունեն այդ տեղում գտնվելու: Կան հաղորդավարներ, ովքեր ունեն տարբեր լեզվական արատներ, եթերային արտաքին չունեն, բայց համառ ու համարձակ կերպով եթերներ են զբաղեցնում:
-Իսկ մերօրյա հումորը, ինչպես նաեւ՝ հումորային հաղորդումները ի՞նչ վիճակում են:
-Նորից պետք է խոսեմ Արմնյուս հեռուստաընկերության մասին: Այդ հեռուստաընկերության հաղորդումների շարքում կան նաեւ հումորային հաղորդումներ: «Արմ Քոմեդի» հաղորդման մասին է խոսքը: Այնտեղ լուրջ հումորներ են լինում: Քաղաքական դաշտն էլ են հետաքրքիր տեսանկյունից դիտարկում: «Վիտամին» ակումբի տղաները եւս խոսում են արդիական թեմաների շուրջ: Այդ շարքին կարող եմ դասել նաեւ «32 ատամ» ակումբը:
-Այսօր Ձեր շատ գործընկերներ մասնակցում են տարբեր քաղաքացիական ակցիաների, նաեւ մտել են քաղաքականություն: Ինչպե՞ս եք դրան մոտենում, եւ արդյո՞ք ինքներդ քաղաքականությամբ հետաքրքրվում եք:
-Դե, ինչպես մեր երկրի լիարժեք քաղաքացի, չեմ կարող չհետաքրքրվել քաղաքականությամբ: Քաղաքականությունն այնպիսի ոլորտ է, որն առնչվում է բոլորին, բայց ոչ բոլորն են իրավասու այդ թեմայի շուրջ մեկնաբանություններ անել:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ՉԵՔԻՋՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ
Երեկ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի ունեցավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ դիրիժոր, կոմպոզիտոր Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված գիրք-ալբոմի շնորհանդեսը: Մաեստրո Չեքիջյանի ստեղծագործական կյանքը ներկայացնող այս աշխատության հիմքում բազմաթիվ իրական պատմություններ են, որոնք արտացոլում են մաեստրոյի ստեղծագործական բեղուն գործունեությունը: Գրքի շնորհանդեսին, բացի ՀՀ մշակույթի գործիչներից, ներկա էին նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ինչպես նաեւ՝ մի խումբ պատգամավորներ տարբեր խմբակցություններից:
ԱԶՆԱՎՈՒՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Ֆրանսիահայ լեգենդար շանսոնյե, կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը Մոսկվայում է: Հոկտեմբերի 3-ին շանսոնյեն համերգ կտա ՌԴ մայրաքաղաքի «Կրոկուս սիթի հոլ» դահլիճում: Մոսկվայում համերգը տեղի կունենա Ազնավուրի հոբելյանական շրջագայության շրջանակներում` նվիրված մաեստրոյի 90-ամյակին: Երկար տարիների մասնագիտական գործունեության ընթացքում Շառլ Ազնավուրը հեղինակել է 1200 երգ, հազարից ավելի համերգներ է տվել եւ նկարահանվել տասնյակ ֆիլմերում: 1988 թվականին «Թայմ» ամսագրի եւ CNN հեռուստաընկերության կողմից անցկացված համաշխարհային հարցման արդյունքներով Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող:
ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ
«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ Սվետլանա Լոբոդան հինգ տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել է իր քաղաքացիական ամուսնուց՝ Անդրեյ Ցարից: Լոբոդան հայտնել է, որ իրենց ամուսնալուծության պատճառը համատեղ աշխատելն է: Անդրեյը երկար ժամանակ երգչուհու բալետի պարուսույցն է եղել եւ մշտապես ուղեկցել է նրան համերգային շրջագայությունների ժամանակ: Սվետլանան հավաստիացրել է, որ իր եւ Անդրեյի հարաբերությունները չեն կարող բացասական ազդեցություն ունենալ իրենց դստեր՝ Եվանգելինայի վրա: