ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է օդանավակայանում
Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերն ավելի քան 1 տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած եւ երրորդ երկիր տեղափոխված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է Հայաստան: Նրան օդանավակայանում դիմավորել են հարազատները:
ՀԱՐՑ.Սահմանամերձ գյուղի բնակիչ եմ: Երկու երեխաներս բուհի ուսանողներ են: Խնդրում եմ ինձ տեղեկացնել՝ երեխաներս ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել:
Հասմիկ Պապոյան (44 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4.1 մասի՝
4.1. Բարձրագույն ուսումնական հաստատությունը, հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում հետեւյալ կարգավիճակ ունեցող ուսանողների համար՝
l սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին՝ առնվազն 30%.
l 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչեւ 23 տարին լրանալը՝ առնվազն 50%.
l 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ ուսանողներին՝ առնվազն 50%.
l մինչեւ 1 տարեկան երեխա ունեցող ուսանողներին՝ առնվազն 50%.
l երեք եւ ավելի անչափահաս կամ երեք եւ ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին՝ առնվազն 30%.
l 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին՝ առնվազն 30%.
l մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային ծառայություն անցած ուսանողներին՝ առնվազն 30%.
l սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին՝ առնվազն 20%.
l այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին, որը կարող է սահմանել բարձրագույն ուսումնական հաստատությունը:
շարունակելի…
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար՝ բուհերը պարտավոր են իրենց բյուջեները պլանավորելիս նկատի ունենալ ուսանողների սոցիալական կարգավիճակը եւ պատրաստ լինել օրենքի կիրառմանը:
ՀԱՐՑ. Բնակվում եմ Կոմիտաս 36 հասցեում: Կոյուղու վթարման հետեւանքով ամբողջ ջուրը լցվել է շենքի նկուղ, գարշահոտությունից չենք կարողանում շնչել: Շենքի բնակիչներով դիմել ենք թաղապետարան, նաեւ՝ համատիրության նախագահ Բադալյան Սարիբեկին, որպեսզի լուծեն մեր խնդիրը: Համատիրությունից մեզ տեղեկացրին, որ «Երեւան Ջուր» ընկերությունից կգան եւ կլուծեն մեր խնդիրը: Սակայն մինչեւ հիմա ոչ ոք չի եկել եւ չի հետաքրքրվել մեր խնդրով: Կցանկանայի տեղեկանալ՝ ո՞ւմ կարող ենք դիմել՝ այս հարցին լուծում տալու համար:
Խալասյան Կարինե (58 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան տիկին Խալասյանի հարցման՝ տեղեկացնում ենք, որ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի եւ Կոմիտասի պող., 36 շենքը սպասարկող «Շենքերի կառավարում» համատիրության կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում նույն շենքի կոյուղագծի եւ դիտահորերի խցանումները բացվել են:
Երեւանի քաղաքապետարան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, կոյուղու խնդիրը միակը չէ, եւ մեր ազգաբնակչությանը անհանգստացնող խնդիրներին թիվ ու հաշիվ չկա: Ամեն դեպքում՝ այդ ծառայություններն իրենց տեղում չեն, եւ եթե անգամ խնդիրները լուծում են, ապա՝ մեծ ուշացումով: