Իշխանությունների աշխատանքն է տապալված, ոչ թե միայն պատվիրակության. Ա. Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ նստաշրջանում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած հայկական պատվիրակության ձախողումն առաջին հերթին ՀՀ իշխանությունների գործունեության արդյունքն է: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Շատ իզուր են նրան մեղադրում: Այն ամենն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, դա իշխանությունների վարվող սխալ արտաքին քաղաքականության  հետևանքն է, և պետք չէ մեղադրել մեկ հոգու», – ընդգծեց նա:

Մեր այն հարցին, թե արդարացի համարո՞ւմ եք, որ Նաղդալյանի հրաժարականն են պահանջում, Ա. Մարտիրոսյանը նշեց, թե դա վիճելի հարց է.

«Իրեն հրաժարական ներկայացնել, չներկայացնելու մեջ քննարկելու խնդիր եմ տեսնում: Հնարավոր է, որ տարբեր մարդիկ  տարբեր պատկերացումներ ունենան, բայց խնդիրը նա է, թե իշխանություններն ինչ արտաքին քաղաքականություն են վարել: Այնպես չէ, որ հոյակապ արտաքին քաղաքականություն են վարել, և Նաղդալյանին հաջողվեց փչացնել այն: Եթե դա չլիներ՝ նրա ամենամեծ ցանկության դեպքում անգամ Հ. Նաղդալյանը որևէ ձևով չէր կարողանա խնդիր առաջացնել», – հայտարարեց կուսակցության փոխնախագահը:

Անդրադառնալով այն տեսակետին, թե այս պատվիրակության աշխատանքը կարելի է տապալված համարել, նա ընդգծեց.

«Ընդհանրապես իշխանությունների աշխատանքն եմ տապալված համարում: Ինչո՞ւ միայն պատվիրակության: Ես չեմ կարծում, թե սլաքավարներ փնտրելու, գտնելու ժամանակ ունի հիմա: Բոլոր ճակատներում իշխանությունը տանուլ է տվել՝ և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական»:

Նշենք, որ ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցած հայկական պատվիրակության համար այս նստաշրջանը դժվարին ընթացք և ավարտ ունեցավ: Ադրբեջանի պատվիրակությանը հաջողվել էր «Բռնության սրացումը ԼՂՀ-ում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» թեմայով բանաձև պատրաստել:

Հայկական պատվիրակությունը փորձել էր կոշտ ելույթներ ունենալ, ինչի պատճառով նախ անջատել էին հայկական պատվիրակության անդամների խոսափողը, այնուհետև՝ նրանց դուրս հանել նիստերի դահլիճից և այն շարունակել առանց վերջիններիս մասնակցության:  Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը փորձել է շտկել իրավիճակը, սակայն դա նրան չի հաջողվել: Շատերը հայկական պատվիրակության ձախողումը կապում են հենց Նաղդալյանի հետ և նշում, որ վերջինս պետք է այսքանից հետո հրաժարական տա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս