Արտասահմանյան մամուլը անդրադարձել է հայաստանյան ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ազատություն” ռադիոկայանի փոխանցմամբ, որոշ պարբերականներ արտատպել են “Ռոյեթրզ”-ի և “Ասոշիեյթեդ փրես”-ի հաղորդագրությունները՝ փաստելով, որ այս ընտրությունը ըստ էության քննություն էր նախագահ Սերժ Սարգսյանի համար՝ հաջորդ տարվա փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ իր նկատմամբ հասարակության վստահությունն ի ցույց դնելու նպատակով։ 
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ փորձագետները փաստում են, որ բանավեճի ու խոստումների առյուծի բաժինը վերաբերել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, աշխատավարձերի բարձրացմանն ու գործազրկությանը։ “Քարոզարշավի 90 տոկոսը խոստումներ էին՝ մարդկանց կյանքը առավել բարեկեցիկ դարձնելու, աղքատությունը նվազեցնելու, աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու, ստվերային տնտեսությունը կրճատելու վերաբերյալ”, – BBC-ին ասել է Երևանում աշխատող փորձագետ Հրանտ Միքայելյանը։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ ըստ էության կուսակցությունների նախընտրական ծրագրերում լուրջ տարբերություններ չկային առաջարկվող տնտեսական լուծումներ Ռուսաստանի հետ համագործակցության ու ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հետ կապված։ “Հիմնական պայքարը ընթանում էր ոչ թե ընդդիմության ու իշխանության միջև, այլ հենց այդ երկու ճամբարների ներսում՝ Հանրապետականի ու “Բարգավաճ”-ի, ընդդիմության դաշտում՝ ՀԱԿ-ի, “Ժառանգության” ու Դաշնակցության միջև”, – փաստում է BBC-ն։
“Բլումբերգ” գործակալությունը անդրադարձել է նաև ընտրությունների արդյունքներին ու հնարավոր նոր կոալիցիայի ձևավորմանը. – “Եթե հաջողվի Հանրապետականներին ստիպել նոր կոալիցիա կազմել, դա կարող է նպաստել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը”, – գործակալությանն ասել է Լոնդոնում գործող փորձագիտական կենտրոններից մեկի՝ IHS Global Insight-ի վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը։ Երևանում գործող վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանն էլ իր հերթին կարծիք է հայտնել, որ եթե ՀԱԿ-ը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ վերադառնա խորհրդարան, ապա դա կարող օգնել, որ դժգոհության ալիքը մեղմվի և հնարավոր բողոքի ակցիաները սահմանափակվեն։
Թեմային անդրադարձել են նաև ռուսաստանյան լրատվամիջոցները. “Գոլոս Ռոսիիե ռադիոկայանը զրուցել է “Վեստնիկ Կավկազա” գործակալության խմբագիր Ալեքսեյ Վլասովի հետ։ “Վերջին տվյալների համաձայն, ընտրությունների արդյունքում նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմել, արդյո՞ք սա խոսում է իշխանությանը տված վստահության մասին”, – հարցրել է լրագրողը: Փորձագետը պատասխանել է. – “Ընդհանուր առմամբ՝ այո: Սակայն կուզեի նշել, որ խորհրդարանում ներկայացված կլինեն նաև այլընտրանքային քաղաքական ուժեր, ավելին ՝ որոշակի տարաձայնություններ են նկատվում հենց իշխող կոալիցիայի ներսում, որին անդամակցում է նաև Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն։ Այս առումով Հանրապետականները, անշուշտ, շատ լավ արդյունք են արձանագրել: Այդուամենայնիվ իշխող կուսակցությունը դեռևս շատ բան պետք է անի՝ դաշնակից կուսակցությունների կողմից ևս աջակցությունը պահպանելու համար”։




Լրահոս