Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները շատ հետաքրքիր էին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: “Մրցակցությունը շատ ուժեղ էր, այն անհամեմատելի էր նախորդ ընտրությունների հետ: Իրար հետ մրցակցում էին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն՝ մի կողմից, ՀԱԿ-ն ու “Ժառանգություն”-ը՝ մյուս կողմից:
Ընդ որում, այն կուսակցությունները, որոնք հիմնական շեշտը դրել էին գաղափարների ու բանավեճերի վրա, պարտվեցին, իսկ տեխնոլոգիական շեշտադրումներով հանդես եկած ուժերը հաղթեցին: Երկրորդ կարևոր հանգամանքը լրատվամիջոցների աննախադեպ ազատությունն էր, ինչը նախկինում չկար”,- ասաց նա: Քաղաքագետի խոսքով` ընտրություններից հետո խորհրդարանն առավել կուսակցականացված կլինի: “Բացի այդ, ընտրությունները ցույց տվեցին մարդկանց հոգնածությունն ու հիասթափությունը: Նրանք, ճիշտ է, պատրաստ են դուրս գալ հանրահավաքների, բողոքել, սակայն միաժամանակ պատրաստ են մեկ բանկա մուրաբա վերցնել: Ուրեմն եթե դու վաճառում ես ձայնդ, մասնակից ես ստեղծված իրավիճակին”,- ասաց Իսկանդարյանը: