Թուրքիայի ավելի քան 20 նահանգներում ծագած անկարգությունների պատճառով 15 մարդ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է «Հաբեր թուրք» հեռուստաալիքը, 6 նահանգների անվտանգության վարչությունները հոկտեմբերի 8-ից պարետային ժամ են սահմանել, որոնց վերացման ժամկետների մասին առայժմ խոսք չի գնում:
Սահմանափակումները վերաբերում են Դիարբեքիր, Մարդին, Սիիրտ, Մուշ, Վան, Բատման նահանգներին: Այդ շրջաններում բողոքի ակցիաներն առավել սուր բնույթ են կրում: Անվտանգության հետ կապված սպառնալիքների պատճառով երկու նահանգներում չեն աշխատում դպրոցները: Երիտասարդների խմբերը ջախջախում են խանութները, ոստիկանների, շենքերի և ավտոմեքենաների վրա քարեր և դյուրավառ նյութերով շշեր նետում: Խոշոր քաղաքների որոշ թաղամասեր վերածվել են մարտական գործողությունների թատերաբեմի:
Բողոքի ակցիաներին հիմնականում մասնակցում են թուրքական քրդերը, քրդամետ կուսակցությունների և անջատողական Քրդստանի աշխատանքային կուսակցության կողմնակիցները: Ցույցերի պատճառ են դարձել սիրիական Կոբանի քաղաքում տեղի ունեցող դեպքերը, ուր դաժան մարտեր են գնում «Իսլամական պետություն» խմբավորման և քուրդ զինյալների միջև: Ցուցարարները հանդես են գալիս Անկարայի անգործության դեմ, որն ամրապնդել է սահմանները, սակայն սպասողական դիրք է գրավել և չի խառնվում Կոբանիի հակամարտությանը, որը կարող է գրավվել իսլամիստների կողմից, հայտնում է ТАСС-ը: