Դեռեւս սեպտեմբերի 18-ին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 29-ին մեկնարկելիք ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցող հայկական պատվիրակությանը բարդ օրեր են սպասվում: Պարզվեց՝ այցը լրջագույն բարդություններ առաջացրեց մեր երկրի համար: Հայկական պատվիրակությանը դուրս են հանել նիստերի դահլիճից:
Բանն այն է, որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում ադրբեջանական պատվիրակությունը երկու հակահայկական բանաձեւի նախագիծ էր դրել շրջանառության մեջ. մեկով նախատեսվում էր կասեցնել հայկական պատվիրակության լիազորությունները և պատվիրակության մանդատը` որպես ագրեսոր երկրի, իսկ երկրորդով էլ ադրբեջանցիները, որի տակ ստորագրել էին թուրք եւ եվրոպացի մի շարք պատգամավորներ, առաջարկում էին կրկին բանաձեւ-զեկույց նախապատրաստել Արցախի մասով:
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ առաջին նախագիծն ուղարկվել էր մոնիթորինգի հանձնաժողով, ինչը նշանակում է, որ դա իրավական որեւէ հետեւանք չի կարող ունենալ, իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ հարցին, ապա ԵԽԽՎ բյուրոն այն ուղարկել է քաղաքական հանձնաժողով, որպեսզի բանաձեւ նախապատրաստվի: Ու ադրբեջանցիներին հաջողվել է այնպես անել, որ «Բռնության սրացումը ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձեւ պատրաստվի:
Հիմա սկսենք սկզբից. նախ նշենք, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում հայկական պատվիրակությունից երկու ներկայացուցիչները՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու Նաիրա Կարապետյանը, պետք է կարողանային «լեզու» գտնել հանձնաժողովի անդամների հետ, որպեսզի Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւ չպատրաստվեր: Սակայն ՀՀԿ տիկնանց դա չի հաջողվել:
Վիճակն այնքան օրհասական էր, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ նախօրեին Սյունքում ուսուցչի տոնին մասնակցած Հերմինե Նաղդալյանը երեկ էլ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ մեկնել է Վրաստան: Նա օդանավից օդանավ է նստում՝ շրջելով երկրեերկիր, սակայն այդպես էլ ժամանակ չի գտնում մամուլի ասուլիս հրավիրելու, ինչպես լինում է ավանդաբար, եւ հանրությանը զեկուցելու, թե ինչ գործունեություն է ծավալել, օրինակ, Ստրասբուրգում՝ մեր պետբյուջեի հաշվին: Նրա փոխարեն ԵԽԽՎ պատվիրակության ընդդիմադիր ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը լրագրողներին պատմեց, թե ինչ խայտառակ վիճակում է հայտնվել հայկական պատվիրակությունը Ստրասբուրգում:
«ԵԽԽՎ նստաշրջանում բավականին լուրջ եւ մեզ համար նշանակալից իրադարձություններ են տեղի ունեցել: ԵԽԽՎ-ն որոշել է պատրաստել զեկույց՝ «Բռնության սրացումը ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումով, ինչի հիման վրա կընդունվի բանաձեւ: Զեկուցող են նշանակել Ռոբերտ Վալտերին, որը հայտնի է իր պրոադրբեջանական կողմնորոշումով»,-հայտարարեց Լ. Զուրաբյանը՝ մանրամասնելով, որ եթե հնարավոր չէր զեկույցի ընդունումը կանխել, ապա կարելի էր դիվանագիտական քայլերով հասնել գոնե դրա վերնագրի, զեկուցողի փոփոխությանը:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ սա դիվանագիտական պարտություն է, որն իջեցրեց Հայաստանի նշաձողը նոր մակարդակի: «Հայաստանի նվաստացման գագաթնակետը դարձավ ԵԽԽՎ-ի քաղաքական կոմիտեում ղարաբաղյան հարցերի քննարկումը: Հակառակ նախազգուշացումների, որ ԼՂՀ զեկույցից խուսափել չի լինի, պետք է կենտրոնանալ, որ զեկույցի անվանումը փոխվի եւ զեկուցողը փոխվի, ՀՀ իշխանության ներկայացուցիչը քննարկումը դահլիճում վերածեց խայտառակ, նվաստացուցիչ մի սկանդալի: Անգամ մեր համակիրներին տրամադրեց Հայաստանի դեմ, ինչի հետեւանքով Ադրբեջանը կատարյալ հաղթանակ տարավ ե՛ւ զեկույցի վերնագրի պահպանման, ե՛ւ շատ ավելի օբյեկտիվ ֆրանսիացի ներկայացուցչի փոխարեն Վալտերի հաստատման հարցում»,-նշել է պատգամավորը:
Այսինքն՝ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում իրեն պահել է իսկական ՀՀԿ-ի նման. սպառնալիքներով է խոսել, հաթաթա տվել, չի ենթարկվել նախագահողի հորդորներին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երբ Նաղդալյանը ցանկացել է ելույթ ունենալ, անթույլատրելի շեշտադրումներով է խոսել, սպառնալիքներով, ինչի համար էլ հանձնաժողովի անդամները վրդովվել են ու անգամ անջատել Հ. Նաղդալյանի խոսափողը, դադարեցրել ելույթի թարգմանությունը: Այնուհետեւ հայկական պատվիրակությունը ոտքի է կանգնել եւ աղմուկ բարձրացրել, որից հետո նիստի ղեկավարությունը որոշում է կայացրել հայկական պատվիրակությանը դահլիճից դուրս հրավիրել և նիստը շարունակել առանց նրանց: Բացի այդ, ինչպես տեղեկացանք, ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը խիստ նախազգուշացում է ստացել:
Ասուլիսի ժամանակ Լ. Զուրաբյանը հայտարարել է նաեւ, որ խիստ նվաստացել էր, երբ տեսել էր, թե ինչպես են ԵԽԽՎ-ում սուլում Հայաստանի պատվիրակներին, թուղթ գցում իրենց վրա:
«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել գոնե Նաիրա Կարապետյանի հետ, ով ԱԺ ՀՀԿ խմբակցության եւ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի անդամ է, սակայն վերջինս մեր զանգերին ու հաղորդագրություններին չարձագանքեց:
Հիշեցնենք, որ դեռեւս 2005-ին, երբ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը նախկին ՀՀԿ-ական Տիգրան Թորոսյանն էր, ԵԽԽՎ-ում դարձյալ շրջանառության մեջ էր դրվել նման մի բանաձեւի տեքստ, որի հեղինակը Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն էր, այնուհետեւ տարիներ անց, հույն մի պատգամավոր էր նման մի բան նախաձեռնել, սակայն հայկական պատվիրակությանը հաջողվել էր այդ բանաձեւի ընդունումից խուսափել: Այս անգամ պարտվեցինք նաեւ մեզ համար ամենաթանկ՝ արցախյան հիմնահարցով:
Իհարկե, Նաղդալյանն ու իր քաղաքական վերադասները կարող են պնդել, որ այս քայլով եվրոպացիները մեզ ճնշում են հոկտեմբերի 10-ին ՌԴ-ի հետեվրասիական տնտեսական միությանը միանալու համար, բայց միեւնույն է, դրանից իրավիճակը չի փոխվում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ