Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի հարավում կատարվող իրադարձությունները նույնպիսի պատերազմ է, ինչպիսին Ռուսաստանը վարում է Լեռնային Ղարաբաղում, Մոլդովայում, Մերձդնեստրում, Հարավային Օսիայում և Ղրիմում:
«Վլադիմիր Պուտինը ցանկանում է Ուկրաինայում կատարվողն այնպես ներկայացնել, իբր այնտեղ ուկրաինացիները կռվում են ուկրաինացիների դեմ, իբր դա քաղաքացիական պատերազմ է, որը բացառապես Ուկրաինայի ներքին գործն է: Եվ ցավոք, այս գործում Պուտինը հաջողությունների է հասնում», – հայտարարել է Յուշչենկոն ավստրիական Profil ամսագրին տրված հարցազրույցում:
«Դա նույն պատերազմն է, որը Ռուսաստանը վարում է Լեռնային Ղարաբաղում, Մոլդովայում, Մերձդնեստրում, Հարավային Օսիայում և Ղրիմում: Այդ պատերազմում միմյանց հակադրվում են ոչ միայն Ռուսաստանն ու Ուկրաինան: Իրականում Պուտինն իրականացնում է քաղաքական ծրագիր, որի նպատակն է վերադարձնել Ռուսաստանին գերտերության կարգավիճակը, և Ղրիմը նրա համար ավելի քիչ հետաքրքրություն է ներկայացնում», – ասել է Յուշչենկոն:
Ուկրաինայի նախկին նախագահի խոսքով, Արևմուտքը և, մասնավորապես, Եվրոպան, պետք է սկսեն Ուկրաինայի հակամարտությունը դիտել իբրև «Եվրոպայի, Արևմուտքի և ողջ աշխարհի խնդիր, քանի որ Մոսկվայի կայսերական ծրագրերում Ուկրաինան՝ փազլի միայն մի փոքրիկ կտորն է»:
«Ուկրաինայի համար կարմիր գծի սահմանը խախտվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանը խախտեց տարածքային ամբողջականությունը, իսկ միջազգային հանրության համար՝ երբ Ռուսաստանը հրաժարվեց 1945թ.-ի աշխարհակարգից: Ոչ մի պետություն Եվրոպայում չպետք է հաշտվի այն բանի հետ, որ Պուտինը կարող է պետությունների սահմանները վերաձևել իր հայեցողությամբ»- ասել է Յուշչենկոն: