Պարտատոմսերը տեղաբաշխվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. հոկտեմբերի 7-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 12-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը հետեւյալ պայմաններով` պարտատոմսի տեսակը` անվանական արժեկտրոնային, անվանական արժեքը` 10,000 ՀՀ դրամ, թողարկման ծավալը՝ 1,000,000,000 ՀՀ դրամ, մարման ժամկետը` 3 տարի, արժեկտրոնային եկամուտը՝ տարեկան 10%, արժեկտրոնի վճարումը` կիսամյակային:

Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցեցին Բորսայի թվով 4 անդամներ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2,390,393,431.50 ՀՀ դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 1,005,155,561.50 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.79%:

“Սա պարտատոմսերի հերթական թողարկումն էր, պահանջարկի նման ծավալները վկայում են շուկայի մասնակիցների վստահության եւ հետաքրքրվածության մասին: ԱՀԸ պարտատոմսերը դիտարկվում են ալյընտրանքային ներդրման միջոց ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցների համար: ԱՀԸ պարտատոմսերի առուվաճառքը երկրորդային շուկայում նույնպես աշխուժանում է, որը լրացուցիչ ազդակ է նրանց որակի եւ գրավչության” – նշեց Հայկ Ոսկանյանը: Նա ավելացրեց, որ պարտատոմսերի այս թողարկումը եւս ներկայացվելու է ցուցակման ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա բորսա եւ հասանելի կլինի ռեպո գործարքների համար: Արժեթղթի երկրորդային շուկայի իրացվելիությունը կապահովվի Արմսվիսբանկ ՓԲԸ-ի կողմից:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատություններին՝ քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման նպատակով:

2014թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինասավորվել է շուրջ 4939 հատ վարկ 39.9 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, որից 3170 հատ վարկը 30.7 միլիարդ ՀՀ դրամ ծավալով Երեւանում, իսկ 1769 հատը՝ 9.2 միլարդ ՀՀ դրամ ծավալով մարզերում: Տրամադրված վարկերի 3281-ը 31.7 մլրդ ՀՀ դրամ ծավալով տրամադրվել է ձեռքբերման նպատակով, իսկ 1658 հատը 8.2 մլրդ ՀՀ դրամ ծավալով վերանորոգման եւ կառուցապատման նպատակով:

30.09.2014թ դրությամբ Ընկերության ակտիվները կազմել են 34,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 11,2 մլրդ ՀՀ դրամ, չբաշխված շահույթը՝ 1,9 մլրդ:

Ընկերությունը պարտատոմսերի թողարկումը մեկնարկել է 2011 թվականի նոյեմբերից՝ ընդհանուր առմամբ իրականացվել է 12 տեղաբաշխում մոտ 10,8 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Առաջին ինը թողարկումն իրականացվել է մինչեւ մեկ տարի մարման ժամկետով, տասներորդը՝ երեք տարի, իսկ տասնմեկերորդը՝ հինգ տարի մարման ժամկետով:

Իր առաքելության շրջանակներում Կազմակերպությունը իրականացնում է ՀՀ հիփոթեքային շուկայի զարգացման տարբեր ծրագրեր։ Մասնավորապես, ՀՀ կառավարությունից ներգրավված միջոցների հաշվին Կազմակերպությունը իրականացրել է ՀՀ հիփոթեքային վարկերի շուկայի վարկավորման ծրագիր, իսկ 2011թ. հուլիս ամսից` Գերմանահայկական Հիմնադրամի հետ համատեղ Գերմանական KFW Entwicklungsbank բանկի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում» վարկային ծրագիրը։

2013թ. դեկտեմբերի 17-ին Ընկերությունը 13.7 մլն ԱՄՆ դոլարի վարկային գծի պայմանագիր է ստորագրել Ֆրանսիական զարգացման գործակալության հետ՝ բնակարանային էներգոարդյունավետության բարձրացման եւ միկրովարկերի ֆինանսավորման ծրագրի իրականացման նպատակով: Ս.թ. սեպտեմբերից Ընկերությունը սկսել է վերոնշյալ ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի վերաֆինանսավորումը:




Լրահոս