ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՐՏՎԵՑԻՆ՝ ԻՆՉՊԵՍ ԱԺ-ՈՒՄ

Երեկ Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կայացավ ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային Ժողովի եւ հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջեւ: Իրադարձությունն այնքան էր ոգեւորել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որ անձամբ էր գնացել աներորդուն պատկանող մարզադաշտ՝ իր հարազատ պատգամավորներին քաջալերելու համար: «Այնպես խաղացե՛ք, ինչպես աշխատում եք Ազգային Ժողովում»,- հորդորեց ԱԺ նախագահը խաղի մեկնարկից առաջ: Սակայն պատգամավորների մոտ էլի չստացվեց լավ արդյունք ցույց տալ: Նրանք պարտվեցին 0:2 հաշվով: Ինչպես միշտ՝ հաղթեցին լրագրողները: Շնորհավորում ենք մեզ…

 

 
«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ ՀՀ ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի՝ «Ռիչ» սրճարանում 2012թ դեկտեմբերի վերջին տեղի ունեցած զրույցի ապօրինի ձայնագրման գործը կասեցվել է: Դեռ այդ ժամանակ Զուրաբյանը կանխատեսում էր, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության դեպքում «գծից դուրս» եկողներ կլինեն: «Նիկոլն էլ, Բագրատյանն էլ շատ հստակ ծրագրով են շարժվում. ասելու են՝ դնենք, մոռթենք սաղին: Ներսից իրանք են գործելու, դրսից՝ միշիկները, պլյուս՝ արդեն դուրս եկածները` Արամ Սարգսյան, Դավիթ Շահնազարյան եւ այլն, եւ այլն, դառնալու ա շատ դժվար կառավարելի բան»,- Օսկանյանի մոտ անկեղծացել էր Զուրաբյանը: Այս զրույցի ձայնագրման առիթով հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ՀՔԾ-ն անգամ միջնորդություն էր ուղարկել ԱՄՆ իրավապահ մարմիններին՝ պարզելու, թե ով էր համացանցում տեղադրել ձայնագրությունը, սակայն այդպես էլ հանցագործին (ներին) չեն կարողացել գտնել:

 

 
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ճի՞շտ է համարում, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդդիմությանը վախեցնում է երկրորդ Մարտի 1-ով, ասաց, թե վարչապետի խոսքից նման տպավորություն չի ստացել: «Ես հասկացա, որ վարչապետը խորհուրդ էր տալիս, զգուշացնում էր, որ ձեր նման քայլերի արդյունքում, ի՞նչ է, ուզում եք բերել, կրկնել ինչ եղե՞լ է: Կարծում եմ՝ ավելի շատ մտահոգություն հայտնեց, քան վախեցրեց»,-նշեց ՀՀԿ-ականը: Արդյո՞ք իշխանությունները պատրաստ են հանուն աթոռի պահպանության կրկին կրակել հայ ժողովրդի վրա. մեր այս հարցին Նիկոյանը այսպես արձագանքեց. «Այսինքն՝ դուք մտածում եք, որ կլինի այնպիսի իրավիճակ, որ կարող է անկարգություններ բերե՞լ: Ես հուսով եմ ու վստահ եմ, որ եռյակի գործողությունները կլինեն օրինականության շրջանակներում»: Հիշեցնենք, որ Մարտի 1-ին խանութների թալանը կազմակերպվել էր Հ. Աբրահամյանի շտաբի անդամ սադրիչների կողմից:

 

 
«Միկա լիմիթեդ» ընկերությունն այս տարվա սեպտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է դիմել՝ պահանջելով սնանկ ճանաչել «Արմավիա ավիաընկերություն» ՓԲԸ-ն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Արմավիա»-ի դեմ մի շարք ընկերություններ հայցադիմում են ներկայացրել՝ պահանջելով իրենց պարտքերը, ինչն էլ ստիպել է սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին սնանկության գործընթացն արագացնել, որպեսզի չմարի: Տեղեկացնենք, որ ի թիվս այլ ընկերությունների, «Արմավիա»-ի դեմ հայց են ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, որին մոտ 800 հազար դրամ պատք է, «Երմիք» ՍՊԸ-ն, «Կարկոմավտո» ընկերությունը, որին «Արմավիան» պետք է վճարի 16.5 մլն դրամ, եւ «Բիբլոս բանկ»-ը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ պարտքի հարցով արդեն դիմել են նաեւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ: Իսկ թե ինչ պետք է բռնագանձեն, դեռ հայտնի չէ, քանի որ «Արմավիա»-ի ողջ գույքը գրավադրված է բանկերում, եւ այսօր ընկերությունը ոչինչ չունի:

 

 

 

ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ

Եվ այսպես` 34 պատգամավորների ստորագրությամբ երեկ ԱԺ նախագահին է ներկայացվել «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ 500 էջանոց դիմում, որը նա, ըստ սահմանված կարգի, պետք է ուղարկի Սահմանադրական դատարան:
Ինչպես հայտնի է՝ կրկին ՍԴ դիմելու առաջարկին դրական էին վերաբերվում քառյակի ուժերից հիմնականում ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, մինչդեռ «Ժառանգություն»-ը եւ ՀԱԿ-ը դա ժամանակի անիմաստ կորուստ էին համարում: Երեկվա դիմումի տակ ստորագրել են ՀԱԿ-ից միայն Նիկոլ Փաշինյանը, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի բազմաթիվ անդամներ, ինչը բավականին կարեւոր է` հաշվի առնելով այս երկու ուժերի փոխհարաբերությունների վերջին շրջանի սառեցումը:
Չվիճարկելով ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» դիրքորոշումն այս հարցում՝ այնուամենայնիվ նկատենք, որ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը ճիշտ էր մի քանի առումներով: Նախ` սա ՍԴ գործունեության պատմության մեջ միակ դեպքն էր, երբ չնայած իշխանությունների հստակ եւ վճռական դիրքորոշմանը, կայացվեց ժողովրդի պահանջը թեկուզ մասամբ, սակայն բավարարող որոշում, որը, ինչ էլ ասենք, բավական գլխացավանք ստեղծեց կառավարության համար: Իհարկե, այդ որոշման ոչ հստակ եւ միարժեք ձեւակերպումներից կառչելով` կառավարությունը շատ արագ ձեւեր գտավ ՍԴ որոշումը ֆորմալ կատարելով հանդերձ` սեփական քաղաքականությունն առաջ տանելու համար: Սակայն պնդել, որ իր խրթին որոշմամբ հենց նման ընթացք էլ կանխատեսել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, իհարկե, դժվար է: Համենայն դեպս, դա առավել ցցուն է եւ արդեն միանշանակ կերեւա այս դիմումի քննության ընթացքում: Եվ հենց թեկուզ միայն այս իմաստով` ոչ իշխանական ուժերի` դարձյալ ՍԴ դիմելու նախաձեռնությունն անհրաժեշտ էր եւ տեղին:
Բացի այդ` պետք չէ մոռանալ, թե ինչպիսի իրավիճակում ՍԴ-ն կայացրեց պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի հայտնի կետերը հակասահմանադրական ճանաչելու իր որոշումը: Կասկածից դուրս է, որ այդ հարցում վճռորոշ նշանակություն ունեցավ հանրային աննախադեպ հզոր ընդվզումը, որին որոշակի պահի միացան նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերը: Ուստի հիմա, երբ սպասվում է քաղաքական իրավիճակի թեժացում եւ հանրահավաքային պայքար, ՍԴ-ն առավել, քան նախորդ անգամ, փորձելու է հնարավորինս անկողմնակալ լինել իր քայլերում: Իսկ ընդդիմության պայքարի սրացման եւ հանրային ճնշման մեծացման դեպքում առավել հավանական է, որ իշխանությունները ստիպված լինեն գոնե այս հարցում զիջման գնալ:

 




Լրահոս