ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ ՊԱՏՎԵՐԸ ԻՋԵԼ ԷՐ ԱՄԵՆԱՎԵՐԵՎԻՑ

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2012թ. դեկտեմբերի վերջին ՀՀ ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի աղմկահարույց առանձնազրույցը գաղտնի ձայնագրառելու եւ այն համացանցում տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է:

Ինչպես գաղտնալսեցին
ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը եւ ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երեւանի «Ռիչ» սրճարանում գաղտնի հանդիպել էին ու զրուցել ամենատարբեր թեմաներով: Հետագայում պարզվեց, որ զրույցի ողջ բովանդակությունը գաղտնալսվել էր, ձայնագրվել: Այն նախ էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել էր ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանին եւ Նիկոլ Փաշինյանին: Ու երբ որեւէ կերպ վերջիններս չարձագանքեցին, անհայտ անձիք զրույցի ձայնագրությունը տեղադրեցին համացանցում: Իհակե, այսօր արդեն համացանցից ջնջված է այդ ձայնագրությունը, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում: Փաստ է, որ երկու պատգամավորների խոսակցությունը գաղտնալսվեց, հանրայնացվեց՝ դրանով խոչընդոտելով մարդու անձնական կյանքի իրավունքը:

Դատախազության իմիտացիան
Օսկանյանն ու Զուրաբյանը դիմում գրեցին ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրգործ հարուցել, գտնել եւ պատժել հանցագործություն կատարած անձին կամ անձանց: ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումն ուղարկվեց ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Ռիչ» սրճարանում գաղտնի ձայնագրվել է նրանց առանձնազրույցը, իսկ 2012 թվականի դեկտեմբերի կեսերին այն տեղադրվել է համացանցում: Պատգամավորները հարցաքննվեցին որպես վկա՝ հայտնելով տեղի ունեցած հանդիպման մանրամասները: Այնուհետեւ 2013թ մայիսին առանձնազրույցի ապօրինի ձայնագրողների եւ youtube.com-ում բեռնողների մասին տեղեկատվություն ստանալու համար ՀՔԾ-ն դիմել էր «Google Inc», «YouTube .LLC» կազմակերպություններին:
Ավելի ուշ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով միջնորդություն էր ուղարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմիններին՝ պարզելու համապատասխան օգտատերերի գրանցման վերաբերյալ տվյալները: Ըստ ՀՔԾ-ի՝ միջնորդության կատարման արդյունքները մինչ օրս չեն ստացվել, եւ մինչ այս պահը կատարված քննչական եւ օպերատիվ հետախուզական գործողություններով հնարավոր չի եղել պարզել հանցագործությունը կատարած անձին:

Գծի մեջ
Հիշեցնենք, որ պատգամավորները զրուցել էին ՀԱԿ-ի առանձին անդամների վերաբերմունքի մասին ԲՀԿ ու Կոնգրես համագործակցության համատեքստում: Լեւոն Զուրաբյանն Օսկանյանին մանրամասն պատմել էր, թե ՀԱԿ-ից ով է ԲՀԿ-ի հետ համագործակցության «գծի մեջ», ով է «գծից դուրս»: «Նիկոլն էլ, Բագրատյանն էլ շատ հստակ ծրագրով են շարժվում. ասելու են՝ դնենք, մոռթենք սաղին: Ներսից իրանք են գործելու, դրսից միշիկները, պլյուս արդեն դուրս եկածները` Արամ Սարգսյան, Դավիթ Շահնազարյան, եւ այլն, եւ այլն, դառնալու ա շատ դժվար կառավարելի բան»,- Օսկանյանի մոտ անկեղծացել էր Լեւոն Զուրաբյանը՝ բավականին արհամարհական տոնով արտահայտվելով նաեւ Մարտի 1-ի ողբերգական դեպքերի, իսկ ավելի հստակ` կայանալիք նախընտրական քարոզարշավի ընթացքում դրանց վրա ուշադրությունը կենտրոնացնելու մասին:

Անհայտ անձը
Դեպքից անցել է շուրջ 2 տարի, եւ «Ժողովուրդ»-ը Հատուկ քննչական ծառայությունից փորձեց հետաքրքրվել, թե ինչ փուլում է գտնվում փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՔԾ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին.«ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն www.youtube.am ինտերնետային կայքում վերբեռնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով»:
Այսինքն՝ քրեական գործով վարույթը կասեցվել է, քանի որ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ: Բայց որպեսզի հատկապես այս քաղաքական շրջանում աղմուկ չբարձրանա, ՀՔԾ-ն նաեւ վստահեցրել է, թե որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն ընթացքի մեջ են: Թե ինչ որոնողական աշխատանքներ են կատարվում եւ ինչ փութաջանությամբ, արդեն կարելի է եզրակացնել:
Եւ այս իրավիճակում մեզ մնում է արձանագրել, որ քաղաքական երկու գործիչների զրույցը ձայնագրվել է ամենաբարձր հրահանգով, քանի որ առաջին անգամը չէ, որ առիթ է եղել համոզվելու, որ մեր երկրում մի տեսակ անառողջ հետաքրքրություն կա քաղաքական զրույցները գաղտնալսելու, ձայնագրելու հանդեպ: Իսկապես որ ապրում ենք Նիկոլ Փաշինյանի ասած «ժուչոկների երկրում», որտեղ ամենահարգի «մասնագիտությունը» «դոսիե» հավաքելն ու ճիշտ ժամանակին տեղ հասցնելն է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԳԵՆԵՐԱԼԻ ՀԷԿ-Ը ՏՈՒԳԱՆՎԵՑ
Ըստ շրջանառվող լուրերի՝ «Ամբերդ հէկ» ՍՊԸ-ն, որի 30 տոկոս բաժնեմասի սեփականատերը ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանն է, իսկ 40 տոկոսի բաժնետերը՝ Փավրիզ Նոսրաթի Ալամդարը (ամենայն հավանականությամբ՝ պարսիկ), օրինախախտ գործունեություն է ծավալում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՊՆ գեներալին պատկանող ընկերությունը տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Բանն այն է, որ սեպտեմբերի 17-ին Ալամդարը Հայաստան է ներմուծել տարբեր ապրանքներ, սակայն սահմանված ժամանակահատվածում այն չի հայտարարագրել: Այս արարքի համար ՀՀ Ֆինանսների նախարարությունը «Ամբերդ հէկ» ՍՊԸ-ին տուգանել է 100.000 դրամի չափով:

 

ՕԵԿ-Ի Հ3-Ը
Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հ3 հեռուստաընկերության պաշտոնական բացումը: Ինչպես հայտնի է՝ նախկին «Երեւան», այժմ Հ3 հեռուստաընկերությունը պատկանում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին: Չնայած, որ դահլիճը լեփ-լեցուն էր, ոչ մի այլ քաղաքական ուժ ներկա չէր արարողությանը: Պատվավոր տեղում նստած էին կարկառուն ՕԵԿ-ականներ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը՝ իրենց առաջնորդի գլխավորությամբ: Հեռուստաընկերության բացմանը պատրաստվել էին մեծ շուքով՝ հյուրերի համար կարմիր գորգ, համերգային ծրագիր, ֆուրշետ: Ելույթ ունեցան բազմաթիվ պարային խմբեր եւ երգիչ-երգչուհիներ, որոնց թվում առանձնանում էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ Անգելինա Գասպարյանը: Նշենք, որ հեռուստաընկերության գործադիր տնօրենը դերասան Արամ Հովհաննիսյանն է, ով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե այլ հեռուստաընկերությունների հետ մրցակցելու խնդիր չունեն՝ վստահեցնելով, որ չեն պաշտպանելու միայն ՕԵԿ-ի շահերը, անաչառ են լինելու:

 

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
Հայաստանի իշխանությունների մասին երեկ ուշագրավ հայտարարություն է արել ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը: «Մենք շփվում ենք Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների հետ, եւ Հայաստանի իշխանությունը նույնպես կրողն է արեւմտյան քաղաքակրթական արժեքների: Դրա ապացույցը Ասոցացման համաձայնագրի շուրջ Հայաստան-ԵՄ բանակցություններն էին, եւ անցյալում մենք իսկապես շատ լուրջ միասնական ձեռքբերումներ ենք ունեցել: Սա ցույց է տալիս, որ արեւմտյան արժեքները գնահատված են Հայաստանի իշխանության կողմից»,- ասել է դիվանագետը:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԸՆԴԱՄԵՆԸ 35 ԸՆՏԱՆԻՔ
Արցախում բնակվում է շուրջ 200 սիրիահայ (30-35 ընտանիք): Այս մասին երեկ հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ՀՊՏՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա՝ սիրիահայերը հիմնականում բնակվում են Քաշաթաղի շրջանում, որտեղ դատարկ հողատարածքներ կան: «Այնտեղ նրանք ցորեն են աճեցնում, ընդ որում՝ մեծ հաջողությամբ: Մենք ուրախ ենք, որ այդպիսով նրանք կկարողանան պահել իրենց ընտանիքները եւ աշխատել հանուն Արցախի տնտեսության բարօրության»,- նշել է ԼՂՀ վարչապետը:

 

ՄԵԿ ՏՈԿՈՍ ԿՎՃԱՐԵՆՔ
Եվրասիական տնտեսական միությունը հոկտեմբերի 10-ին Մինսկում քննարկելու է անդամ-պետությունների վճարումների մասնաբաժնի բաշխման հարցը՝ հաշվի առնելով Հայաստանի հնարավոր անդամակցությունը: ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովն ասել է, որ ներկայում վճարումները համապատասխանում են ներմուծման տուրքերին: «Այդ բանաձեւը մոտավորապես այսպիսին է. 88%՝ Ռուսաստանի Դաշնություն, 4.7%՝ Բելառուս, 7.3%՝ Ղազախստան: Նույն մասնաբաժնով էլ ներկայում երկրները վճարումներ են կատարում Միության պահպանման համար»: Նա հավելել է, որ Միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը 2015 թվականին վճարումներ չի կատարելու: «Եթե Հայաստանը միանա, ապա 2016 թվականից նա մոտավորապես 1% կվճարի»,- ասել է պաշտոնյան:

 

«ՀՆԱՐԱՎՈՐ Է»-Ն ՔԻՉ Է
Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն իրենց հրահանգներով նպաստում են, որպեսզի ժողովուրդը իշխանափոխություն պահանջի: Երեկ Աժ-ում այս մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ իշխանափոխության պահանջ ներկայացվի, Ա. Մանուկյանն ասել է. «Նման հնարավորություն ես տեսնում եմ»:

 

ԱՆԿՈՉ ՀՅՈՒՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ
«Օրինաց երկիր» կուսակցությունը հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին մասնակցելու հրավեր չի ստացել: Այս մասին երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` հավելելով, թե ՕԵԿ կուսակցության անդամները ազատ են իրենց ընտրության հարցում եւ կարող են մասնակցել այդ հանրահավաքին: «Չեմ բացառում, որ ՕԵԿ-ից շատերը կմասնակցեն այդ ակցիային»,-ասել է Մարգարյանը:

 

ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
Երեկ Սերժ Սարգսյանը Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2014» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը: Մասնակից 130 ընկերություններ ներկայացրել են իրենց առաջարկները հեռահաղորդակցության եւ ցանցային, համապարփակ ինժեներական, տեխնոլոգիական, ծրագրային, վեբ եւ այլ ծառայությունների շուրջ:

 




Լրահոս