ՖԻՆՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՍՊԱՌՆԱՑԵ՞Լ ԵՆ
Օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո կրքերը չեն հանդարտվում: Սեպտեմբերի 30-ին՝ որպես վենդետայի դրսեւորում, Երեւանի Սարալանջ փողոցում կրակոցներ հնչեցին:
«Ժողովուրդ»-ին այս դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Բայց մինչ այդ հիշեցնենք, որ վեճն առաջացել էր այն ժամանակ, երբ Ֆինանսների նախարարության հարկային ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները ակումբի տնօրեն Արսեն Հարությունյանի եղբորը` Արամ Հարությունյանին, որը իր ընկերոջ հետ ակումբում ընթրելիս է եղել, ասել են, թե դուրս արի, որ մենք գալիս ենք: Այստեղ սկսվել էր քաշքշուկ, ծեծ: Արդյունքում հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաները հասել էին իրենց նպատակին. ակումբի տիրոջ եղբորը հանել էին նստած տեղից եւ ընդհանրապես՝ ակումբից: Ծեծի ենթարկված Արամը, դուրս գալով ակումբից, գնացել եւ հավաքել էր իր ընկերներին ու, վերադառնալով ակումբ, մի լավ դաս տվել հարկայինի աշխատակիցներին:
Նշենք, որ հարկային բարձրաստիճան պաշտոնյաներն առաջին անգամը չէ, որ ակումբներում, ու հատկապես «Շառլոտում», ցինիկ պահվածք են դրսեւորել: Երեւանում շատերն են ծանոթ ՀՀ Ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակից Ռոբերտ Կայֆաջյանի, Կենտրոնի հարկային տեսչության պետ, «Մետելիցա» ռեստորանի սեփականատեր Կարեն Կարապետյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսայի, աներորդու, ՖՆ մաքսանենգության վարչության աշխատակից, ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ ալրաղացի Լյովիկի քրոջ որդու՝ Սուրենի եւ մյուսների լկտի պահվածքին:
Շատ օբյեկտներ մտնելիս նրանք իրենց հետ երաժիշտ են տանում, որ հատուկ իրենց համար նվագի, ակումբի պարուհիներին ստիպում են բացառապես իրենց համար պարել, արհամարհում են քաղաքացիներին եւ այսպես շարունակ:
Եւ երբ «Շառլոտ»-ում նախկին ոստիկան Արամ Հարությունյանի թիմակիցների կողմից ծեծի են ենթարկվել խուլիգանությամբ աչքի ընկած պետական պաշտոնյաները, մաքսայինի Ռոբերտ Կայֆաջյանը սպառնացել է, թե այսպես չի թողնելու եւ վրեժ է լուծելու: Ինչպես երեւում է՝ խոստումը չի ուշացել, եւ իրավաբանական տերմինալոգիայով ասած՝ կենցաղային պատճառներով սկսված այս վեճից մեկ ամիս անց «Շառլոտ» գիշերային ակումբի տնօրեն Արսեն Հարությունյանի եղբոր` Արամ Հարությունյանի որդու վրա անհայտ անձիք կրակեցին: 21-ամյա Լեւոն Հարությունյանը ոտքի շրջանում ստացած հրազենային վերքով տեղափոխվեց Էրեբունի բժշկական կենտրոն: Թեեւ խոսվում էր, որ Լեւոնին դիպած գնդակների թիկունքում «աղջկա պատմություն» է եղել, այնուամենայնիվ, իրականում այն կարծես թե հենց վրեժի դրսեւորում էր:
Կատարվածի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը այցելեց դեպքի վայր: Լեւոն Հարությունյանի հարազատները մեզ հետ զրույցում նշեցին, որ կատարվածն աղջկա համար չի եղել: Մեր այն հարցին, թե արդյո՞ք դա օգոստոսի 26-ին «Շառլոտ» ակումբում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, հարազատները դժվարացան պատասխանել՝ ասելով, թե իրավաբանական գնահատական չեն կարող տալ:
Սարալանջի բնակիչներից մի քանիսը «Ժողովուրդ»-ին վախվորած պատմեցին, որ մեկ շաբաթ շարունակ իրենց փողոցում նկատել են անծանոթ մեքենաներ. «Մեր բակը այնպիսին է, որ այստեղ բոլորս ճանաչում ենք իրար, եւ որեւէ անծանոթ մեքենա կամ մարդ այստեղ չի լինում: Մենք մեկ շաբաթ շարունակ տեսել ենք անծանոթ մեքենա, բայց թե ով էր, ինչ էր, չենք կարող ասել»: Հարեւանները չկարողացան հիշել անծանոթ մեքենայի մակնիշը:
Ըստ հարեւանների՝ Լեւոնի մեքենայի ապակին իջեցված է եղել, եւ կրակողը կամ կրակողները տեսել են, որ մեքենայի ղեկին հենց Լեւոնն է նստած:
Այն, որ այս պատմության մեջ զուգադիպությունները շատ են, փաստ է: Միգուցե իսկապես հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարողանում «կուլ տալ» «Շառլոտ» ակումբում տեղի ունեցած ծեծի դեպքը: Հուսանք՝ նոր ձեւավորված Քննչական պետական կոմիտեի եւ ոստիկանության աշխատակիցներն ուշադրությամբ կընթերցեն սույն հրապարակումը՝ հնարավոր վենդետայի դրսեւորումը կանխելու համար:
Հավելենք, որ կրակոցների գործով դեռեւս ձերբակալված չկա:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՀՀԿ-Ի ՏԱՏԻԿՆԵՐԻՑ ԿԱՅԻՆ
Արարատ քաղաքում երեկ տեղի ունեցավ Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» հերթական մարզային այցելությունը: Հոկտեմբերի 10-ին ընդառաջ այս անգամ էլ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տիրապետության տակ գտնվող արարատցիներին էին բացատրում, թե ինչ խնդիրներ կան մեր երկրում եւ ինչի համար է անհրաժեշտ պայքարել:
Նշենք, որ Արարատի քաղաքապետը չէր ընդունել երեք ուժերի՝ հանրահավաք անցկացնելու հայտը: Հենց այդ պատճառով էլ երեք ուժերի հանրահավաքը տեղի ունեցավ ոչ թե նախապես հայտարարված վայրում, այլ հարեւանությամբ գտնվող հրապարակում: Նկատենք, որ Արարատի հանրահավաքը բավական մարդաշատ էր: Եւ ինչպես մյուս քաղաքներում, այս անգամ եւս ցուցարարների շրջանում իշխանության ներկայացուցիչներն իրենց «մարդկանց» էին ուղարկել, որոնք ամեն ելույթի ընթացքում բղավում էին եւ գովերգում Սերժ Սարգսյանին: Հանրահավաքի ներկաներին ոստիկանության աշխատակիցները տեսանկարահանում էին, սակայն այդպես էլ որեւէ բացատրություն չտվեցին, թե ինչու:
Երբ «Ժողովուրդ»-ը հարցուփորձ արեց բնակիչներից, պարզվեց՝ շատերը ներկայացել էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործադրած ջանքերի արդյունքում: Հիմնական ներկաները Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն էին:
Հիմա դառնանք հանրահավաքում հնչած ելույթներին, որոնք այնքան էլ չտարբերվեցին մյուս օրերի ելույթներից, բայց հռետորներն այս անգամ այլ էին: ԲՀԿ-ից ելույթներ ունեցան Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, իսկ «Ժառանգություն»-ից՝ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը: Եռյակի առաջնորդներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Գագիկ Ծառուկյանն այս անգամ եւս չէին մասնակցում հանրահավաքին:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթով կրկին անդրադարձավ Սերժ Սարգսյանին: Պատգամավորը հայտարարեց, որ եթե մատների վրա հաշվենք, թե Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ինչքան բան է թանկացել, ապա մատները չեն հերիքի եւ որպես օրինակ մատնանշեց ջուրը, գազը, էլեկտրաէներգիան, ԱՊՊԱ-ն, կարմիր գծերը եւ այլն:
«Սա մարտահրավեր է ժողովրդին, կամ մենք գնում ենք սրան, կամ ինքը հաղթում է եւ բոլորիս քշում է Հայաստանից: Եվ որպեսզի բոմժի քաղցը չշարունակվի, ուղտի ծարավը չհագենա, մենք պետք է ասենք՝ վե՛ր կաց գնա, դավա՛յ դասվիդանյա»,-հայտարարեց նա: Իշխանության կողմից ուղարկված կանայք ակտիվացան հատկապես այս խոսքերից հետո: «Դուք էիք լափում, դուք եք ժողովրդին այս վիճակի մեջ գցել, հերիքա կուտ տաք, թողեք ու գնացեք»: Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Արամ Մանուկյանը հրապարակային վիրավորում է Սերժ Սարգսյանին: Աբովյանում կայացած հանրահավաքում, երբ նա հայտարարեց, թե իր հպարտությունն է ժողովրդի այն մասը, որն ասում է. «Սերժի տիրոջ մերն էլ, Սաշիկինն էլ, Միշիկինն էլ, բոլորինն էլ… էս երկրի տերը ես եմ», զրկվեց մարզային մի քանի այցելություններից:
Հիշեցնենք, որ երեք ոչ իշխանական ուժերի երեւանյան համապետական հանրահավաքը կկայանա հոկտեմբերի 10-ին՝ Երեւանի «Ազատության» հրապարակում, սակայն մինչ օրս դեռ հայտնի չէ եւ ձեւավորված չէ հանրահավաքի օրակարգը: Երեք ուժերը դեռ չեն որոշել կարեւորագույն հարցը՝ այդ օրը կդրվի՞ իշխանափոխության պահանջ, թե՞ ոչ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԼԹ
«Ժողովուրդն այսօր Հանրապետական կուսակցության կողքին է, եւ դրա վկայությունը խորհրդարանական ու նախագահական ընտրությունների արդյունքներն են»:
Վահրամ Բաղդասարյան Yerkir.am
ՀՀԿ խմբակցության նոր ղեկավարն ակնհայտորեն զիջում է նախորդին` Գալուստ Սահակյանին: Նույնիսկ վերջինս մարդկանց գլուխը արդուկելուց մի փոքր ավելի պրոֆեսիոնալիզմ էր ցուցաբերում, հետաքրքիր մանեւրներ անում, իսկ Վահրամ Բաղդասարյանը կարծես ժամանակից հետ մնացած լինի եւ հին մեթոդներ է կիրառում: Ախր այդ ընտրությունների եւ կեղծիքների թեման այնքան է ուսումնասիրվել ու ներկայացվել, որ դժվար թե երկրում մնացած լինի մի մարդ, ով կհավատա, թե ընտրություններին մարդկանց մեծամասնությունն իրոք իր կամքով է ՀՀԿ-ին ձայն տվել: Իսկ դա չի նշանամում, որ ժողովուրդն իրենց կողքին է:
«Հարցադրումը բարձրացվել է կառավարության առջեւ: Ես երեկ ձեզ ասացի, որ կառավարության առջեւ պետք է փակել դռները»:
Հեղինե Բիշարյան Armlur.am
ՕԵԿ-ական պատգամավորը «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող առեւտրականներին դեպի կառավարություն ուղարկելուց առաջ լավ կլիներ, որ հիշեր, որ այս տարվա հունիսի 20-ին հենց իրենց կուսակցությունն էր կողմ քվեարկել այդ օրենքին: Իսկ հիմա ոչ միայն դուրս են եկել փողոց եւ ընդդիմադիր են խաղում, ասում են, թե դեմ են օրենքին, այլեւ նույնիսկ ցուցարարներին են փորձում ուղղորդել: Հարգելի՛ ՕԵԿ-ականներ, բայց չէ՞ որ դուք ոչ մի առիթ բաց չեք թողնում հայտարարելու, որ ձեր կուսակցությունը միշտ հավատարիմ է իր սկզբունքներին: Իսկ հիմա ո՞ւր մնաց այդ սկզբունքայնությունը:
«Քանի որ երեք ուժերի միասնական օրակարգ է, անշուշտ դա վերջնական տեսքի կգա, երբ ավարտենք մարզային հանդիպումները»:
Ռուբեն Հակոբյան Tert.am
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հերթական անգամ եռյակին բնորոշ անորոշ ու լղոզված ոճով խուսափում է հստակ տեղեկություն տալուց, թե ե՞րբ է վերջապես եռյակի կողմից իշխանափոխության պահանջ ներկայացվելու: Կարծես թե իրականում նման պահանջ չի էլ լինի, այդ պատճառով է այս հարցը միշտ մնում անպատասխան: Երբ եռյակը դեռ քառյակ էր, կրկին նույն երգն էին երգում, թե օրակարգը կգա վերջնական տեսքի, իրենք կգան համաձայնության այդ հարցի շուրջ, իսկ դրա փոխարեն ՀՅԴ-ն իրենց լքեց: Հիմա ի՞նչն է խանգարում նրանց համաձայնության գալ, թե՞ սպասում են` եւս մեկը լքի իրենց շարքերը:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ