Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ՝ ՆԱԽԱԳԱՀ ՀՌՉԱԿՎԵԼՈՒ ԴԻՄԱՑ

«Վիկիլիքսի» հանրայնացրած հերթական փաստաթղթերը վերաբերում են Սերժ Սարգսյանի՝ դեռեւս Պաշտպանության նախարար եւ վարչապետ աշխատած տարիներին, սակայն ուղղակիորեն կապ ունեն նրա ներկայիս գործողությունների հետ: Առաջին փաստաթղթի հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսն է, ով 2005թ. զեկուցագրում քննարկում է այն խնդիրը, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը պատրաստվում է դուրս գալ ստվերից եւ իր «թագավորաստեղծ» գործունեությունը փոխարինել նախագահ դառնալու հավակնությամբ: Հաջորդ փաստաթուղթը, որը թվագրված է 2008թ. հունվարի 25-ով, պատմում է Սերժ Սարգսյանի եւ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի միջեւ կայացած հանդիպման մասին, որի ընթացքում Սերժ Սարգսյանը խոստացել էր աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ ստեղծելով պատմաբանների հանձնաժողով:

Այսպես՝ Էվանսը նկատում է, որ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը սկսել է հաճախ մասնակցել հանրային միջոցառումներին, ինչն ավելի է ակտիվացրել այն շշուկները, որ նա 2008թ. կլինի նախագահության հիմնական հավակնորդը: Դեսպանը նկատում է, որ նման զարգացումն առավել հավանական է դիտարկվում, քանզի Քոչարյանը հրապարակայնորեն իր մերձավորներից ոչ ոքի չի մատնանշել որպես իրավահաջորդ, մինչդեռ Սարգսյանի հետ նրա մտերմությունը թույլ է տալիս ենթադրել, որ հենց վերջինս էլ կլինի այդ դերակատարը: Դիվանագետը կարծում է, որ Քոչարյանն էլ իր հերթին չի խանգարի Սարգսյանին, քանզի հազիվ թե գնա սահմանադրական փոփոխությունների՝ երրորդ ժամկետով նախագահությունը շարունակելու համար:
Զեկուցագրի հեղինակը հավելում է, որ Սերժ Սարգսյանը սկսել է փոխել իր կերպարը, ինչը մամուլը ներկայացնում է որպես նրա միջոցներից մեկը՝ հրապարակային ընդունելի գործիչ դառնալու ճանապարհին: Սա չափազանցություն համարելով՝ Էվանսը ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Սարգսյանը արտահայտվել է ԼՂ հարցում զիջումների անհրաժեշտության մասին: Էվանսը հավանաբար նկատի ունի Սերժ Սարգսյանի՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ» «հաղթողական» թեզը, ինչով վերջինս ձգտում էր աստիճանաբար ձեռք բերել արտաքին՝ հատկապե՛ս արեւմտյան կենտրոնների աջակցությունը: Պատահական չէ, որ Էվանսի հավաստմամբ՝ այն ժամանակ ՀՅԴ-ական ՊՆ գեներալ Արթուր Աղաբեկյանը ԱՄՆ դեսպանության ներկայացուցչից փորձել է ճշտել, թե արդյո՞ք ԱՄՆ դեսպանը կաջակցի Սարգսյանի նախագահական հավակնություններին:
Այդուհանդերձ, Էվանսն արտահայտում է իր համոզմունքը, ըստ որի՝ Սարգսյանը կշարունակի մնալ իր դիրքում՝ «կառավարել բյուջեից դուրս գտնվող տնտեսական ակտիվները» եւ չի հագնի քաղաքական գործչի պատմուճանը: Էվանսը փաստորեն մատնանշում է Հայաստանի ստվերային տնտեսության իրական կառավարչին: Արդ, Հովիկ Աբրահամյանը ստվերը մանր առեւտրով զբաղվողների միջոցով հարկային դաշտ բերելու փորձերի փոխարեն, թող բարի լինի հայացք ձգել Բաղրամյան 26՝ ուշադրությունը կենտրոնացնելով ստվերը կառավարող իր կուսակցապետի վրա: Այսուհանդերձ, պետք է փաստել, որ Էվանսն իր կանխատեսումներում սխալվեց: Սերժ Սարգսյանը հենց Աղդամի մասին իր հայտարարությամբ արդեն իսկ սկսել էր շոշափել իր հնարավորությունները եւ օտարներին դատարկ խոստումներ տալու ավանդույթի հիմքը դրել, ինչը փաստվում է հենց «վիկիլիքսյան» հաջորդ փաստաթղթում:
2008թ. հունվարի 15-ին Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի եւ նախագահի թեկնածուի կարգավիճակով հանդիպել էր Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մ.Բրայզայի հետ եւ նրա հետ քննարկել հայ-թուրքական հարաբերությունները: Ներկայացնելով իր մոտեցումները` Սարգսյանը պնդել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես հետաքրքրված է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցով: Սարգսյանը շեշտել է, որ ցանկանում է գնալ փաթեթային լուծման, որով երկու կողմն էլ պիտի զիջումներ անի: Ըստ նրա «աշխարհացունց» ծրագրի՝ Թուրքիան պիտի բացի սահմանները եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատի: Հայաստանն էլ իր հերթին պետք է ճանաչի Թուրքիայի պետական սահմանները (ի գիտություն Սարգսյանի՝ Քոչարյանը 1998թ.-ին Ստամբուլում արդեն իսկ ճանաչել էր Թուրքիայի եւ անգամ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը) եւ համաձայնի ստեղծելու պատմաբանների հանձնաժողով:
Այս փաստաթուղթը, կարելի է ասել, բացառիկ նշանակություն ունի Սերժ Սարգսյանի՝ հրապարակային հայտարարություններին մեծագույն վերապահումներով մոտենալու համար: Հիշեցնենք, որ այս հանդիպումը տեղի էր ունենում նախագահական ընտրությունների քարոզարշավի նախօրյակին: Ընդ որում` քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանը ոչ մի անգամ չի հայտարարել, որ պատրաստակամ է թուրքերի հետ համաձայնության գնալ՝ Ցեղասպանությունը կասկածի տակ դնող խայտառակ հանձնաժողովի ստեղծման գնով: Վստահաբար կարելի է եզրակացնել, որ Սարգսյանը ձգտում էր նմանօրինակ հակապետական զիջումների խոստումներով ստանալ օտարների աջակցությունը՝ ընտրություններում հաղթող հռչակվելու համար: Ի վերջո, նա ստիպված եղավ նաեւ կատարել գաղտնաբար տված իր խոստումը: Այսօր, նա ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» է ուղարկում այն թուրքերին, ովքեր անցյալում արված խոստովանության համաձայն՝ իրեն խաբել ու չեն վավերացրել արձանագրությունները: Հայաստանի իշխանությունն, ըստ էության, այսօր անկարող է արժանապատվորեն ընդունել այն քաղաքականության տապալումը, որը նախաձեռնել էր ազգային նվաստացման գնով օտարներին հաճոյանալու եւ միմիայն սեփական իշխանությունը պահպանելու նպատակով: Արդ, այսօր ո՞ր միամիտը (դաշնակներին «չհաշված») կհավատա Սարգսյանի՝ սահմանադրական փոփոխություններ անելու անկեղծ մղումներին:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՄԹԵՐՄԱՆ ԳՆԵՐԻՑ

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ ՀՀ որոշ մարզերում, հատկապես Արմավիրի մի շարք համայնքներում, դեղձի մթերման գինն այնքան է նվազել, որ գյուղացին ստիպված է բերքը 50 դրամով վաճառել մթերող ընկերություններին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ մթերվել է 2516 տոննա դեղձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 1341 տոննայի դիմաց: Բացի այս՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ մթերվել է 161 300 տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 108.718 տոննայի դիմաց: Նշենք, որ սեպտեմբերի 24-ի դրությամբ ՀՀ-ից արտահանվել է 2772 տոննա դեղձ, նախորդ ողջ տարվա 978 տոննայի դիմաց:
Չնայած գյուղնախարարը մշատապես վստահեցնում է, որ գյուղացիները մթերման հետ կապված խնդիր չեն ունենալու, այնուամենայնիվ, գյուղացիները հերթական անգամ դժգոհում են մթերող ընկերությունների կողմից սահմանված գներից: Կոնկրետ դեղձի գների հետ կապված դժգոհում են Արմավիրի մարզի Լենուղի, Արաքս, Հացիկ, Խանջյան գյուղերի պտղագործները: Նրանց խոսքով՝ իրենք ողջ տարին քրտնաջան աշխատում են, որպեսզի մարեն կուտակած պարտքերը, սակայն գալիս է ժամանակը, եւ կանգնում են փաստի առաջ, քանի որ բերքի մթերման գինը չափազանց ցածր է:
Լենուղի համայնքի ղեկավար Գեղամ Ղազարյանի խոսքով «Սպայկա» ընկերությունը այս համայնքից նույնպես դեղձ է մթերում, եւ ի տարբերություն մյուս մթերող ընկերությունների` ավելի թանկ գնով: Եղել են դեպքեր, որ 150, 200, 230 դրամով են մթերել, եւ բնականաբար՝ ավելի որակով դեղձ պահանջելով: «Իսկ, ահա, «Նոյան» ընկերությունը գյուղացիներից 50 դրամով մթերում է ցրտահարության, կարկուտի հետեւանքով վնասված դեղձը»,- ներկայացրեց գյուղապետը:
Ղազարյանի պնդմամբ՝ նախորդ տարի Լենուղիից դեղձը 40 դրամով է մթերվել, իսկ այս տարի մթերման գինը 10 դրամով ավելացել է: Խաղողը 145 դրամով է մթերվել, իսկ այս տարի 150 դրամ է:
«Ժողովուրդ»-ը «Նոյան» ընկերությունից հետաքրքրվեց, թե գյուղացիներին մթերման համար ինչպես են վճարում՝ կանխիկ, թե ապառիկ: «Մինչ օրս ընթացած մթերումների ժամանակ բոլոր գյուղացիներին վճարվել է տեղում՝ մթերքի հանձնման-ընդունման պահին, բանկային չեկերի միջոցով: Ընկերությունը վճարումները կատարում է ժամանակին եւ մթերման պարտքեր չունի, առավել եւս` դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարվելիք պարտավորություններ»,-պարզաբանեցին ընկերությունից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

«ԲԵՆՏՈՆԻՏ»-Ը ՊԱՐՏՔԵՐԻ ՄԵՋ Է

Երեւանի տարբեր հասցեներում գրանցված «Բելարթմի» եւ «Յումակս» ՍՊԸ-ները գումարի բռնագանձման պահանջով դատի են տվել «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ին: Այս հայցերով դատական առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում կայացել է հոկտեմբերի 1-ին: Հայցվոր ՍՊԸ-ները դատարանին միջնորդել են՝ որպես հայցի ապահովման միջոց, արգելանք դնել կոմբինատի գույքի եւ դրամական միջոցների վրա, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունները:

Նույն դատարանում շարունակվում է «Բենտոնիտ»-ի պարտքերին վերաբերող եւս մեկ դատավարություն: Հրազդանում գործող «Արջերմեկ» ՍՊԸ-ն 2014 թ. մարտին դատի է տվել «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ին՝ դարձյալ գումարի բռնագանձման պահանջով: Սույն դատական գործով հերթական նիստը նշանակված է հոկտեմբերի 17-ին: «Արջերմեկ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Արաբյանից «Ժողովուրդը» տեղեկացավ, որ իրենց ընկերությունն Իջեւանի բենտոնիտ կոմբինատում ջերմամեկուսացման աշխատանքներ է կատարել, որոնք ավարտվել են 2013թ. սեպտեմբերին:
Նրա վկայությամբ իրենք այդ աշխատանքների կանխավճարը ստացել են, սակայն հիմնական գումարը՝ ոչ: «Արջերմեկը» քաղաքացիական հայցով պահանջում է «Բենտոնիտ» ԲԲԸ-ից բռնագանձել 3.3 միլիոն դրամ: Հայկ Արաբյանն ասաց, որ իրենց պահանջով արգելք է դրվել ընկերության գույքի վրա: «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի կոմերցիոն մենեջեր Մարտիրոս Թոփալյանը «Ժողովուրդի» հետ հեռախոսազրույցում չհայտնեց «Արջերմեկ» ՍՊԸ-ին իրենց ունեցած պարտքի չափը՝ համարելով դա առեւտրային գաղտնիք:
Երբեմնի հսկա գործարանը խրվել է պարտքերի մեջ, սակայն աշխատատեղերի ստեղծման, Ադրբեջանի հետ սահմանագոտու զարգացման մասին հաճախ խոսող Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները միջոցներ չեն ձեռնարկում «Բենտոնիտ»-ի խնդիրները պարզելու, հարկ եղած դեպքում՝ կոմբինատին պետական եւ այլ աջակցություն ցուցաբերելու համար:
Մինչդեռ «Բենտոնիտ»-ը մեծ նշանակություն ունի Իջեւանի տարածաշրջանի համար: Այն հիմնադրվել է 1967 թ.: Ձեռնարկության հենքի վրա ստեղծվել է Ազատամուտ բանվորական ավանը, որն այժմ գյուղի կարգավիճակ ունի: Նախկինում «Բենտոնիտ»-ի կոմբինատում աշխատում էին Ազատամուտի, Աչաջրի, Դիտավանի, Սարիգյուղի, Սեւքարի, Իջեւան քաղաքի հարյուրավոր բնակիչներ: Ադրբեջանի կողմից իրականացվող տրանսպորտային շրջափակման հետեւանքով գործարանն անգործության էր մատնվել, աշխատել կարճ ժամկետներով` բենտոնիտի փոշու հերթական խմբաքանակի պատվերի դեպքում:
Կոմբինատի ներկայիս սեփականատերերը Ջավախքից բանաստեղծ Օքրո Օքրոյանի որդիներն են: Նրանց կողմից կոմբինատում վերակառուցման որոշ աշխատանքներ են կատարվել, նոր սարքավորումներով հոսքագիծ է գործարկվել: Սակայն, փաստորեն, այս անգամ էլ չի հաջողվում առանց խնդիրների գործարկել գործարանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս